‘Նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթը Կոնգրեսի վարչության նիստում. Տեսանյութ’

10315

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այօսր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որը նախագահել է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթը՝ ստորեւ։ 

Ես միայն վարում եմ հանրապետական խորհրդի նիստերը, բայց հիմա մի այնպիսի լուրջ իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանում, որ կուշանար. պետք է այսօր ինչ-որ գնահատականներ տրվեին դրա մասին:

Խոսքը, իհարկե, Հայաստանի կողմից եւրոասոցացման պայմանագրից հրաժարվելու եւ Մաքսային միությանը միանալու որոշման մասին է:

Բայց մինչեւ բուն նյութին անդրադառնալը, կուզեի մի քանի այլ դիտարկումներ անել: Այսօր մեզ համար, կոնկրետ՝ մեզ համար, քանի որ կուսակցական ժողով ենք անում՝ պիտի այս խնդիրներից առաջնորդվենք, այն խնդիրներից, որոնք մեզ են վերաբերում, այսօր մեզ համար ես մի վտանգ եմ տեսնում.

Վերջին շրջանում, ինչպես շատ լավ գիտենք, փորձում էին Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես լայնախոհ արեւմտամետ գործիչ, իսկ մեզ՝ խավարամիտ ռուսամետներ:

Հիմա, Սերժ Սարգսյանի այս 180 աստիճանի շրջադարձից հետո, հավատացնում եմ, նույն այդ մարդիկ փորձելու են հիմա էլ մեզ հակառակ պիտակը փակցնել՝ հակառուսի պիտակը: Ես այստեղ իսկապես լուրջ վտանգ եմ տեսնում, որովհետեւ բազմիցս ասել եմ՝ մենք ո՛չ ամերիկամետ ենք եղել, ո՛չ՝ ռուսամետ, ո՛չ էլ այսուհետ ենք լինելու, մենք այլ սկզբունք ենք դավանում՝ չլինել հակառուս եւ հակաարեւմտամետ: Բայց սկզբունքը՝ սկզբունք, բանականությունը՝ բանականություն, ռացիոնալիզմը՝ ռացիոնալիզմ: Քարոզչության կանոնները բոլորովին ուրիշ են, եւ նրանք մի կողմ են դնելու այդ բոլոր փաստարկները եւ ասելու են իրենց ուզածը:

Հետեւաբար, մենք գոնե մեր կողմից առիթ չպետք է տանք այս պիտակը հաստատելու համար: Մեծ բան չի պահանջվում մեզանից. ոչ պիտի քծնենք Ռուսաստանին, ոչ պիտի փառաբանենք, գովերգենք կամ ասենք՝ սա միակ ընտրությունն էր, այլ պարզապես չպիտի հայհոյենք Ռուսաստանին:

Կուսակցական մարմինների կամ կուսակցական ղեկավար գործիչների մակարդակով մենք որեւէ վիրավորական արտահայտություն՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ռուս ժողովրդի, ո՛չ էլ Պուտինի հասցեին չպետք է թույլ տանք:

«Ռուսի սապոգ», «ռուսական արջ» եւ նման տիպի այլ արտահայտությունները տեղ չպետք է ունենան մեր հրապարակային բառապաշարում, այդպիսի արտահայտություններ կարող են թույլ տալ լրագրողները, դիսիդենտները, դա իրենց գործն է:

Մենք պետք է գիտակցենք, որ ոչ թե մարգինալ, անպատասխանատու տարր ենք, այլ (սա լուրջ բան եմ ասում)՝ իշխանության այլընտրանք հանդիսացող, լուրջ, ինստիտուցիոնալ քաղաքական ուժ, որը արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում պետք է գործի պետական պատասխանատվության գիտակցությամբ: Այսինքն՝ այնպես, ինչպես եթե իշխանություն լինեինք:

Կրկնում եմ՝ մենք այսպիսի դերակատարության հավակնություն ունեցող ուժ ենք, հետեւաբար՝ պետք է գործենք այդ դիրքին պատշաճ, եւ ոչ թե որպես դիսիդենտ, ով լրիվ ազատ է իր հրապարակային արտահայտություններում, եւ նրա կոչումն է ասել այն, ինչ ուզում է: Ի դեպ, դիսիդենտի վիճակը ամենանախանձելին է, ամենաշահավետը, որովհետեւ նա ասում է այն, ինչ մտածում է, միշտ կարող է ներկայանալ որպես ամենաանաչառ մարդը, քաջ, հերոս, բայց երբ որ նույն դիսիդենտը անցնում է պետական ծառայության կամ պետական պաշտոնի՝ նույն Վացլավ Հավելը, Լեխ Վալենսան եւ այլն, նրանք անմիջապես փոխեցին իրենց ֆրազիոլոգիան: Նրանք ստիպված էին ենթարկվել արդեն պետությունների հարաբերություններին կամ միջազգային քաղաքականության նորմերին:

Այստեղ պախարակելի բան չկա. կամ մարդը պիտի դիսիդենտ մնար ու շարունակեր նույն բանն անել, կամ՝ եթե արդեն դարձել է պետական գործիչ, պետք է ենթարկվի այդ կանոններին: Ի դեպ, այս ողջ ասվածը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլեւ՝ ցանկացած երկրի: Մենք ոչ մի երկրի, ոչ մի ժողովրդի, ոչ մի պետության ղեկավարի հասցեին վիրավորական, արհամարհական կամ ծաղրական արտահայտություններ թույլ տալու իրավունք չունենք, լինի Պուտինը, Էրդողանը, թե Ալիեւը: Ինչո՞ւ, որովհետեւ մենք պետություն ենք, նրանք պետությունների ղեկավարներ են, անկախ այն բանից՝ այսօր ինչպիսի հարաբերություններ են, ինչպիսի հակասություններ եւ այլն, նրանք, վերջիվերջո, լինելու են մեր պարտնյորները՝ անգամ այդ հակասությունները լուծելու համար:

Օտարամոլությունը եւ այլատյացությունը մեր օրակարգում եւ մեր մտածողության մեջ տեղ չպետք է ունենան: Կարող ես մի ժողովրդի, մի երկրի կամ մի մշակույթ համակրել, նույնիսկ՝ սիրել, բնական է, բոլորս էլ այդպես ենք, բայց դա չի նշանակում, որ մյուսներին պետք է ատես: Եթե ոչ լեզվաբանորեն, ապա տրամաբանության մակարդակում կամ հարաբերությունների մակարդակում սիրելու հականիշը ինձ համար հաստատաբար ատելը չէ: Այլ չսիրելը: Ինչպես կյանքում, երբ մեկին սիրում ես, չի նշանակում, որ մյուսներին ատում ես: Նույնը պետք է լինի նաեւ երկրների ու ժողովուրդների պարագայում:

Կարող եք հակաճառել, թե այդ ինչպես է, որ այս ամենը նշելով, քարոզելով՝ ես մոռանում եմ նշել, որ 1988-ին Ղարաբաղ կոմիտեն ե՛ւ քննադատում, ե՛ւ դատապարտում, ե՛ւ վիրավորում, ե՛ւ նույնիսկ ծաղրուծանակի էր ենթարկում թե Ռուսաստանին եւ թե Գորբաչովին:

Նախ, մենք պայքարել ենք ոչ թե Ռուսաստանի, այլ՝ Սովետական Միության դեմ, եւ երբեք որեւէ վիրավորանք չենք հասցրել Ռուսաստանի կամ ռուս ժողովրդի հասցեին: Չկա՛ այդպիսի բան: Պատահական ինչ-որ հռետորներ ինչ-որ բաներ ասել են, եւ մենք անմիջապես հարթակում այդ բաները կանխել ենք:

Նույնիսկ Ադրբեջանի հասցեին, այդ թունդ կոնֆլիկտի ժամանակ Ադրբեջանի, Ադրբեջանի ժողովրդի հասցեին եթե արվել են վիրավորական արտահայտություններ, մենք դա կանխել ենք հարթակում: Ավելին, հայ-ռուսական այդ հարաբերությունների թեմայով մեզ այն ժամանակ էլ ուզում էին հակառուսի պիտակ փակցնել, դա Կոմկուսի ամենահզոր փաստաթուղթն էր, եւ ես այդ թեմայով հատուկ ընդարձակ գրավոր ելույթ եմ ունեցել 88-ի հանրահավաքներից մեկում (որը տպագրված է իմ «Ընտրանիում», կարող եք տեսնել, շատ այժմեական է՝ ի դեպ): Ի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանի եւ Մերձբալթյան երկրների՝ մենք թույլ չտվեցինք, որ հակասովետականությունը վերածվի հակառուսականության:

Սա մեր մեծագույն նվաճումն էր եւ մեր պետականության կայացման կարեւորագույն գործոններից մեկը:

Մենք դրանից հսկայական օգուտներ ունեցանք ԱՊՀ-ի ձեւավորման շրջանում, Ղարաբաղյան պատերազմի ամենածանր շրջանում, եւ այդ նվաճումները պատահական չէին:

Ինչ վերաբերում է Գորբաչովին, ապա՝ այո, մենք նրան թե վիրավորել, թե դատապարտել, թե ծաղրել ու հեգնել ենք, բայց դա միայն այն պատճառով, որ նա եղել է ոչ թե մեր գործընկերը կամ պոտենցիալ գործընկերը, այլ՝ հակառակորդը կամ թշնամին. Սումգայիթն է կազմակերպել կամ՝ գոնե պարտակել, Ղարաբաղի հարցում այդպիսի դաժան վերաբերմունք ցուցաբերեց, տարիներ շարունակ արտակարգ դրություն եւ պարետային ժամ մտցրեց Ղարաբաղում, հետագայում էլ նաեւ ձերբակալություններ եւ այլն, եւ այլն: Սա շատ բնական էր, որ մենք պետք է այդպես վերաբերվեինք, եւ մենք դեռ էլի շատ քաղաքակիրթ, շատ քաղաքական լեզվով էինք այս բաներն ասում, ժողովուրդը շատ ավելի՝ գիտեք, թե ինչեր էր ասում:

Այսօր բոլորովին տարբեր վիճակ է, մենք ոչ մի երկրի հակառակորդ կամ թշնամի համարելու խնդիր չունենք, բոլորի հետ մենք ուզում ենք գործընկերային հարաբերություններ հաստատել, եւ այդ պատճառով է, որ պետք է զերծ մնանք վիրավորանքներից:

Հիմա բուն կատարվածի՝ Մաքսային միությանը միանալու որոշման մասին: Սերժ Սարգսյանն ու Հայաստանի իշխանությունները այդ քայլը այսօր հիմնավորում են երկու փաստարկով.

առաջին՝ որ Մաքսային միությանը միանալը չի նշանակում հրաժարում եւրոինտեգրումից,

եւ երկրորդ՝ որ Մաքսային միությանը միանալը բացատրվում է Ղարաբաղի անվտանգության նկատառումով:

Չգիտեմ՝ ուրիշ բաներ ասում են, թե՝ չէ, սրանք են գլխավոր փաստարկները:

Բացատրեմ: Առաջին կետը, այն է՝ որ «ՄՄ-ին միանալը չի նշանակում հրաժարում եւրոինտեգրումից»՝ ընդամենը դեմքը փրկելու եւ ներկայիս բողոքի ալիքը մեղմելու համար է: Մտածելով՝ էս ա, մեկ-երկու ամիս հետո կանցնի, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի, ոչ մեկի վեջը չի լինի արդեն սրա մասին խոսել, ինչպես եղավ հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ առաջին հակազդեցությունից հետո: Սա էլեմենտար բլեֆ է, եւ ինչպես նշեցի՝ միայն սրանով է բացատրվում:

Իսկ երկրորդը այն է, որ «Մաքսային միություն նախընտրել են՝ նկատի ունենալով Ղարաբաղի անվտանգության խնդիրը»: Այս փաստարկն էլ բացարձակ անմեղսունակության արդյունք է, որովհետեւ եւրոինտեգրման պարագայում,կամ Եւրոպայի հետ այս խաղերի մեջ մտնելու պարագայում Ղարաբաղին սպառնացող վտանգը Սերժը պիտի գիտակցեր ոչ թե հիմա, այլ իր քաղաքական ավանտյուրան սկսելուց առաջ:

Հիմա՝ Եւրոպայի արձագանքների մասին: Դուք ծանոթ եք, չգիտեմ՝ ինչ կարծիք ունեք, բայց իմ կարծիքով՝ Եւրոպայի, ԵՄ-ի արձագանքը բավականին մեղմ է, եւ վստահ եմ՝ չի էլ կոշտանալու: Եթե ուշադրություն եք դարձրել, ավելի շատ ուղղակի դատապարտվում է Ռուսաստանը, քան Հայաստանը: Դա էլ այդ սառը պատերազմի իներցիան է, բնական է, նույնը կաներ Ռուսաստանը, եթե այդպիսի բան լիներ: Հիմա նույնը անում է Սիրիայի հարցում Ռուսաստանը՝ Արեւմուտքի, Եւրոպայի գործողությունների նկատմամբ: Շատ բնական է: Եւ երկրորդ հանգամանքը կա. Եւրոպան նույնպես դեմքը փրկելու խնդիր ունի, որովհետեւ չորս տարի հավատացել են այս մարդուն, բանակցել են, բանի տեղ են դրել, խոստումներ են շռայլել, գումարներ են տրամադրել եւ այլն, եւ հանկարծ խաբվել են: Հիմա եթե սկսեն դատապարտել Սերժ Սարգսյանին, իրենք էլ են անհարմար վիճակի մեջ ընկնում:

Իրենց սխալը չեն խոստովանում, թեեւ մենք նրանց վաղուց զգուշացրել ենք: Շատ ենք ասել՝ դուք ո՞ւմ հետ եք բանակցում, չեք իմանում՝ ում հետ գործ ունեք, ինչպե՞ս կարող եք հավատալ մի մարդու խոսքի, ով ահա այպիսի բաներ է կատարել Հայաստանում, միեւնույն է՝ դուք ձեր ուզածը չեք ստանալու: Ասել ենք, բայց, նրանք մեզ, չգիտեմ՝ կամ միամիտի տեղ էին դնում, եւ դա քիչ էր, նույնիսկ սկսեցին մեզ թշնամաբար տրամադրվել, որ մենք խանգարում ենք իրենց ծրագրերին: Եւ այսօր, ինձ թվում է՝ նրանք պետք է զղջան եւ պարկեշտ լինելու դեպքում՝ մեզնից պիտի ներողություն էլ խնդրեն:

Եւ մի բան էլ՝ բացի մեղմ վարվելուց, բացի Հայաստանի փոխարեն Ռուսաստանին դատապարտելուց, բացի իրենց դեմքը փրկելու այս միտումից, մի պրագմատիկ մոտեցում էլ կա Եւրոպայի կողմից. ինչ էլ լինի՝ նրանք չեն ուզելու կամուրջները այրել Հայաստանի հետ եւ չեն հրաժարվելու Հայաստանի հետ համագործակցելուց: Գուցե մասշտաբները փոքրանան, այն ծրագրերը, որոնք նախատեսված էին Ասոցացման պայմանագրին անդամակցելու դեպքում, իհարկե, չեն իրականանա, չեն հրաժարվի Հայաստանի իշխանություններին սիրաշահելուց, չեն ընդունի իրենց սխալը, որ Հայաստանի ղեկավարութան հարցում իրենք սխալվել են՝ հույս ունենալով, որ բան է՝ պատահել է, բայց ինչը որ այսօր չհաջողվեց, մի օր գուցե հաջողվի: Ուստի, պետք չէ նեղացնել Հայաստանի իշխանություններին: Այստեղ մի հարց էլ կա, որը վերաբերում է անձի՝ Ֆյուլեին, ով Եւրամիության ընդլայնման նախարարն է եւ փաստորեն 3.5 տարի այս գործը համարել է իր կյանքի խնդիրը: Բնական է, եւրոբյուրոկրատ է, պիտի ցույց տար Եւրոպային, թե տեսեք՝ ինչպիսի նվաճման հասավ, քանի երկիր պոկեց Ռուսաստանից, ստեղծեց մի բուֆերային գոտի՝ Ռուսաստանի եւ Եւրոպայի միջեւ: Հիմա Հայաստանի հարցում Ֆյուլեի համար սա նաեւ անձնական ձախողում է: Ի դեպ, մի հուշ պատմեմ. ես Ֆյուլեի հետ շատ լուրջ խոսակցություն եմ ունեցել, մի տարի առաջ էր, ես այս ամեն ինչը իրեն ասել եմ: Ֆյուլեն կտրուկ ասաց՝ դուք սխալվում եք, ես էլ ասացի՝ ես ձեր համառության մեջ տեսնում եմ մի բան՝ որ ձեզ ձեռնտու են այս իշխանություները՝ ձեր գեոպոլիտիկ շահերից ելնելով, եւ ձեզ ձեռ է տալիս, որ նրանք լինեն ոչ դեմոկրատ, կոռումպացված, ավելի կառավարելի: Շատ նեղացավ, կարմրեց: Ինչ-որ է՝ բաժանվելուց ես իրեն ասացի՝ ես վստահ եմ, որ կանցնի որոշ ժամանակ, դու կհամոզվես, որ ես ճիշտ էի: Դե հիմա արդեն թող ինքը որոշի՝ կընդունի՞, թե՞ չի ընդունի:

Լավ, այս ամեն ինչը ասելուց հարց է ծագում. ի՞նչ պիտի աներ Սերժը: Կամ որեւէ այլ նախագահ Հայաստանի՝ այսպիսի վիճակում:

Շատ պարզ բան պիտի աներ: Ասոցացման առաջարկը ստանալուն պես նա պետք է հանդիպեր Պուտինին եւ ասեր (անմիջապես, երբ որ ստացավ այդպիսի առաջարկ, պիտի հանդիպեր մեր գործընկերոջը, ԱՊՀ-ն մեր գործընկերն է, մի միջազգային  կազմակերպության մեջ ենք), պարտավո՛ր էր նույնիսկ հանդիպել եւ ասել.

Ահա, Եւրոպան մեզ սա է առաջարկում, դուք ի՞նչ կարող եք առաջարկել դրա փոխարեն: Սա բնական, գործընկերային, դիվանգիտական պարտավորություն է, եւ եթե արդյունքը, միեւնույն է, կրկին լիներ Մաքսային միությանը անդամակցելը, միեւնույն է, ապա այս դեպքում դա կլիներ արժանապատիվ ու շատ ավելի շահավետ պարտնյորություն, եւ Հայաստանը Ռուսաստանից անհամեմատ ավելի շատ բան կստանար, քան ստանալու է այսպիսի նվաստացված վիճակում: Հասկանո՞ւմ եք՝ որն է տարբերությունը:

Ես ուզում եմ սա լուսաբանելու համար մի քանի օրինակ բերել իմ փորձից: 1992 թվականին, երբ ձեւակերպվեց ԱՊՀ-ի  տնտեսական համագործակցության ծրագիրը՝ մեծ, լուրջ ծրագիր էր, լավագույնը՝ դեռ խորհրդային, թեեւ Խորհրդային Միություն այլեւս չկար, ժամանակի տնտեսագետները՝ պրոֆեսիոնալներն էին կազմել: Ես հրավիրեցի ԱՄՆ-ի դեսպան Գիլմորին  ինձ մոտ եւ նրան տվեցի այդ նախագիծը, դա դեռ փակ, չհրապարակված նախագիծ էր, տվեցի եւ խնդրեցի տալ իրենց փորձագետներին՝ ամերիկյան, եւ տեսնել՝ այս համաձայանագիրը որքանո՞վ է վնասում Հայաստանի ինքնիշխանությանը, կամ մենք որեւէ այլընտրանք ունե՞նք, թե՞ ոչ, թե՞ պիտի  գնանք էս ճանապարհով: Հուզված էր, շատ ազդվեց, տարավ, մի շաբաթ հետո պատասխան ստացանք ամերիկյան կառավարության կողմից, որ իրենք լուրջ ուսումնասիրել են այդ պայմանագիրը եւ տեսել, որ Հայաստանի համար որեւէ, Հայաստանի ինքնիշխանության համար որեւէ վտանգ չի ներկայացնում այդ պայմանագիրը: Մի ուրիշ դեպք, արդեն հակառակ կողմից: 1994 թվականին հայ-ֆրանսիական պայմանագիրը՝ ընդարձակ՝ բարեկամության Մեծ պայմանագիրը ստորագրվեց իմ եւ Միտերանի միջեւ: Էլի, նախագիծը երբ որ պատրաստ էր, ես ուղարկեցի  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը: Մենք նաեւ ԱՊՀ-ի կանոնադրությամբ պարտավոր էինք, պարտավոր էինք միջազգային քաղաքականության, արտաքին քաղաքականության մեջ մշտական կոնսուլտացիաների մեջ լինել: Ես ուղարկեցի նախագիծը, նրանք էլ շատ ազդվեցին, եւ Ելցինի ու Կոզիրեւի կողմից  շնորհակալություն հայտնեցին ու  ասացին՝ ոչ մի առարկություն չունենք, Ռուսաստանի շահերին բացարձակապես չի հակասում այս պայմանագիրը: Ես՝ Հայաստանը կամ ես ոչինչ չկորցրինք դրանից, բայց շահեցինք երկու կողմերի էլ վստահությունը, սա քիչ բան չի, ասում եմ, քիչ կրեդիտ չի միջազգային հարաբերություններում, երբ որ պարտնյորի խոսքին հավատում են: Սա միակողմանի չէր, չմտածեք՝ միայն ես եմ այսպիսի բան անում:   Ելցինն էլ էր անում: Ելցինը, երբ որ գնում էր Յոթնյակի գագաթնաժողովներին, նա դիմում էր մեզ՝ ԱՊՀ երկրների նախագահներին, եւ խնդրում ներկայացնել իրենց առաջարկները, որոնք կարող էր մտցնել իր ելույթի մեջ, որովհետեւ Ելցինը, լինելով ԱՊՀ գործող նախագահ, նաեւ պիտի Յոթնյակի գագաթնաժողովում ներկայացներ ոչ միայն Ռուսաստանը, այլեւ ԱՊՀ-ն: Պարտադիր կերպով էդպիսի արժանապատիվ, այդպիսի, ինչ ասեմ՝ փոխվստահության մթնոլորտ կար, եւ ասեմ՝ նույնիսկ մեկ-երկու առաջարկ, որոնք խնդրել է, որ ես ձեւակերպեմ, ուղղակի մտել է իր ելույթների մեջ: Ուրեմն, Սերժը սա պետք է աներ, սա էլեմենտար բան է: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը պետք է եւրոինտեգրացման պարագայում գիտակցեր Ղարաբաղին սպառնացող վտանգը, եւ եթե դա անգամ՝ Ռուսաստանի հետ ընկերությունը, չարիք էր համարում, ինքը կնախընտրեր, ասենք, Եւրոպայի հետ միանալ, բայց ստիպված էր դա ընտրել, ապա պիտի ընտրեր չարյաց փոքրագույնը ի սկզբանե, ասում եմ, այլ ոչ թե ծեծվելուց, ջարդվելուց, նվաստանալուց հետո: Պետք է առաջնորդվեր էլեմենտար, քաղաքական մի սկզբունքով, որը կոչվում է Damage control: Սա քաղաքականության այբուբենն է: Damage control բառացի նշանակում է վնասների վերահսկում: Այսինքն՝ պիտի ընդունես այնպիսի որոշումներ, պիտի կատարես այնպիսի քայլեր, որ վնասները նվազագույնի հասցնես: Ուրիշ բան չի պահանջվում որեւէ պետական գործչից:

Արդեն անցնեմ ուրիշ հարցի, արդեն հետեւանքներին. Սերժ Սարգսյանը Մաքսային միությանը միանալու մասին հայտարարություն անելուց հետո ասաց, որ սա  ռացիոնալ որոշում է: Թվում է՝ մի հանճարեղ միտք: Ի՞նչ է նշանակում ռացիոնալ, սա որակում չէ, քանի որ քաղաքական կամ պետական գործչի ցանկացած որոշում, ցանկացած քայլ պետք է ռացիոնալ լինի: Եթե այդպիսի որոշում ես կայացրել, պիտի փորձես ներկայացնել, որ ճիշտ, հրաշալի կամ հաղթական որոշում ես կայացրել: Ավելին, Մոսկվայից վերադառնալուց հետո Սերժը, եթե համարում է, իսկապես, որ ճիշտ ընտրություն է կատարել, պետք է անմիջապես դիմեր ժողովրդին ու ասեր՝ ես տարիներ շարունակ բանակցեցի Եւրամիության եւ Ռուսաստանի հետ, ի վերջո եկա այն եզրակացության, ծանր ու թեթեւ անելուց հետո, բոլոր պլյուսներն ու մինուսները հաշվի առնելուց հետո, որ մեզ համար լավագույն տարբերակը Մաքսային միությունն է: Եւ դա, իր կարծիքով, պետք է դիտվի որպես մեծագույն հաղթանակ, ու ժողովուրդը պետք է ցնծա, ինչպես ցնծում էին Բուլղարիան, Ռումինիան, Մերձբալթյան պետությունները, երբ նրանք միացան Եւրամիությանը: Շաբաթներով տոնակատարույթուններ էին: Իսկ այստեղ սուգի մթնոլորտ է: Ահա այս բացը, եթե դուք ուշադիր լինեք, փորձում են լրացնել, ուշացած՝ իշխանական քարոզչության մարմինները՝ ներկայացնելով, որ հրաշալի լուծում է եւ այլն, եւ այլն: Բայց արդեն գնացքը գնացել է՝ ինչպես ասում են: Սա հետին թվով իրենց սխալը ուղղելու մի  խեղճ ու կրակ փորձ է:

Ընդհանուր առմամ՝, բոլորն էլ հասկանում են, որ ինչ-որ նվաստացուցիչ, ամոթալի բան է կատարվել, անկախ նրանից՝ գուցե Մաքսային միությունը լավ էլ բան է, ես չգիտեմ, դրա մասին կխոսեմ, բայց անկախ էս ամեն ինչից՝  ժողովուրդն էլ, մարդիկ էլ իրենց նվաստացած են զգում, որ մեր երկիրը, կամ մեր, Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցնելու հավակնած կամ արդեն   գործող նախագահը այսպիսի նվաստացուցիչ վիճակի մեջ է հայտնվել: Ընդ որում՝ այս ձախորդ քայլը նույնիսկ, ես պատմաբան լինելով՝ կարծում եմ՝  ավելի անգամ  նվաստացուցիչ է, քան  1918թ. Բաթումի պայմանագիրը: Ինչո՞ւ, որովհետեւ էն ժամանակ դեռ Հայաստան չկար, Կովկասյան սեյմ էր, ռուսական զորքերը լքել էին ճակատը, հայկական զորքերը ինչ-որ մի կերպ փորձում էին էդ ճեղքերը փակել: Այնտեղ վրացական եւ ադրբեջանական իշխանությունները կամ էդ գործիչները ինչ-որ դավեր էին նյութում եւ այլն, եւ այլն, եւ փորձեցին, ամեն ինչ արեցին, չկարողացանք էդ սահմանները պաշտպանել, ստիպված գնացին՝ Բաթումի պայմանգիրը ստորագրեցին: Պատերազմում պարտված կողմ էիր, թեկուզ ոչ որպես Հայաստան, այլ որպես սեյմ, որպես Անդրկովկասյան սեյմ, բայց այլընտրանք չկար: Ավելին, Սերժի քայլը անգամ չի կարելի համեմատել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հետ: Որովհետեւ գոնե այն դեպքում Սերժը այն նախաձեռնել էր կամավոր կերպով. ոչ ոք նրան չէր ստիպել, չէր հարկադրել: Կոնկրետ հաշվարկներ էր կատարել, եթե սխալվեց, դա իր սխալներն են, իսկ այս պարագայում Մաքսային միությանը միանում է ոչ թե հավասար պարտնյորի,- այնտեղ գնացել էր թուրքերի հետ բանակցում էր, արձանագրություններ էր ստորագրում որպես հավասար պարտնյոր,- այլ նվաստացած ու ծեծված մուրացիկի վիճակում: Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի կարողանալու անգամ ինչ-որ պայմաններ առաջարկել  Ռուսաստանին կամ թեկուզ վիճարկել վերջինիս առաջարկած պայմանները, երբ որ մշակվի այդ պայմանագիրը, ու ստիպված է բավարարվել այնքանով, որքանով Ռուսաստանը կբարեհաճի տալ կամ շնորհել նրան: Ահա սա՛ է ցավալի: Այսինքն՝ նույնիսկ եթե Մաքսային միությանը միանալը անխուսափելի էր, դա կարելի էր անել այնպես, որ դրանից Հայաստանը ստանար առավելագույն  բարիքները:

Մի քանի խոսք էլ բուն Մաքսային միության էության կամ բավանդակության մասին: Նախ եւ առաջ՝ ասեմ, որ սա իմ խնդիրը չէ, ես պրոֆեսիոնալ առումով էլ չեմ կարող սրա մասին խոսել, որովհետեւ, նախ եւ առաջ, սա պետք է ուսումնասիրեն տնտեսագետները: Նրանց խնդիրն է՝ տնտեսագետների, պրոֆեսիոնալ լուրջ տնտեսագետների խնդիրն է պարզել, հաշվարկել այդ պայմանագրով Հայաստանի համար բացվող հնարավորությունները եւ Հայաստանի առջեւ դրվող սահմանափակումները: Այ սա պետք է լուրջ ծանր ու թեթեւ արվի: Մինչեւ սա չարվի, ես որեւէ գնահատական տալ չեմ կարող: Ինչ վերաբերում է այդ միության քաղաքական բաղադրիչին, ապա պարզ է մի բան, որ բոլոր տնտեսական համագործակցությունները վաղ թե ուշ, միեւնույն է՝ վերածվում են քաղաքական համագործակցության: Եւրամիությունն էլ սկիզբ առավ որպես տնտեսական համագործակցություն, իսկ այսօր ահա դարձել է քաղաքական միավոր՝ գերտերություն՝ հավասար Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Չինաստանին. ուրիշ գերտերություն չկա:


Նախորդ հոդվածը‘Կարգին Հայկո. Այդ «ծակերը» ապահովել են քրեաօլիգարխիկ տարրերը’
Հաջորդ հոդվածը‘Կայցելեն մաեստրո Դուրյանի շիրիմին’