‘«Նախախորհրդարան». Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները հետապնդում են Ժիրայր Սեֆիլյանին’

842

Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները հետապնդում են «Նախախորհրդարանի» անդամ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանին:

Ինչպես նշվում է «Նախախորհրդարանի» հաղորդագրությունում,  հոկտեմբերի 9-ի կեսգիշերին անձնական օգտագործման ավտոմեքենայով Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող «Նախախորհրդարանի» գրասենյակից տուն վերադառնալիս հետևել ու հետապնդել են «Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին:

«Հետապնդողները եղել են ԲՄՎ մակնիշի արծաթագույն ավտոմեքենայով: Հաջողվել է ֆիքսել հետապնդող ավտոմեքենայի պետհամարանիշի մի մասը` 24 MU: Դեպքը տեղի է ունեցել Ժիրայր Սեֆիլյանի տան շրջակա տարածքում` Երևանի Զեյթուն թաղամասում:

Հետապնդումը տևել է շուրջ կես ժամ` 23:40-ից մինչև 00:10: Նույն օրը` ժամը 16-ի սահմաններում Ծածկած շուկայի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանին է մոտեցել Ծածկած շուկայի սեփականատիրոջը ներկայացնող մի անձնավորություն` փորձելով նրան առանձնազրույցի հրավիրել: Սակայն մերժողական պատասխան ստանալով` հեռացել է: Այդ անձնավորությունը, որը ներկայացել է Ռուբո անունով, Սամվել Ալեքսանյանի հետ միասին նստած է եղել նույն ավտոմեքենայում և Ժիրայր Սեֆիլյանին է մոտեցել այդ ավտոմեքենայից դուրս գալով: Նախախորհրդարանի քարտուղարությունը համոզմունք է հայտնում, որ հանցավոր ու ապազգային վարչախմբի  հովանավորությունը վայելող քրեական տարրերի ժամանակն ու էժանագին հնարքների ռեսուրսը սպառվել է: Մեր ժողովուրդն այլևս տեր է կանգելու իր երկրին և իր կամքն է պարտադրելու ապազգային վարչախմբին ու նրա հանցագործ խամաճիկներին», — ասվում է հայտարարությունում:

Նախորդ հոդվածը‘Ռամին արդեն այս շաբաթ կարող է սկսել մարզվել «Միլանի» կազմում’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մինասյան. «Ես կոչ եմ անում պրովոկացիաների տեղիք չտալ»’