‘Նախարարությունում ցուցարարներին խորհուրդ տվեցին հաշվել մինչեւ 100-ը’

1006

Մշակութային հետագա այլանդակությունները կանխելու համար ` անհրաժեշտ է սահմանել հանրային վերահսկողություն: Ինչպես հաղորդում է ««Ա1+»-ը, այսօր նման պահանջով Մշակույթի նախարարության մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ: Նրանց դժգոհությունը վերաբերում էր Գառնիի միջնադարյան կամրջին, որը վերանորոգումից հետո ձևափոխվել է:

Ակցիայի մասնակիցները կամրջի վերաբերյալ 5 օր առաջ հանրային հարցադրումներ էին ուղարկել Մշակույթի նախարարություն և այսօր եկել էին պատասխանի հետևից; Քաղաքացիների հետ հանդիպեցին նախարարության 3 ներկայացուցիչներ:

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Հուշարձանների վերականգնման բաժնի պետ Դորվարդ Առուշանյանն ակցիայի մասնակիցներին խորհուրդ տվեց եզրակցություններ անելուց չշտապել. «Մեղադրելուց առաջ, այսպիսի մի խոսք կա` նախքան վիրավորելը` հաշվեք մինչև 100-ը, նախքան հարվածելը` հաշվեք մինչև 1000-ը, հիմա վիրավորել եք մարդկանց, մինչև 100-ը չեք հաշվել»։

Ակցիայի մասնակից Գոռ Հակոբյանը զարմացավ. «Նախ, մենք ոչ մեկին չենք վիրավորել: ես որպես քաղաքացի` կարող եմ վրդովվել ու իմ կարծիքը հայտնել»։

Ընդհանուր համաձայնության, այնուամենայնիվ, չգալով` կողմերը որոշեցին առաջիկայում հանրային քննարկում կազմակերպել` հարցին վերջնական պատասխան տալու համար:

Նախորդ հոդվածը‘«Եթե Մարտի 1-ի խնդիրները չեն լուծվում իրավական գործընթացների միջոցով, դա հղի է այլ միջոցներով հարցեր լուծելու սպառնալիքով»’
Հաջորդ հոդվածը‘Վիոլետ Գրիգորյանի հացադուլը՝ մեկօրյա խորհրդանշական ժեստ’