‘Նախարար. Ընկերությունը փորձում է նոր բիզնեսի պատրվակով հարկային արտոնություններ ստանալ արդեն գործող բիզնեսի համար’

791

Մարտի 6-ի նիստում ՀՀ կառավարությունը մերժել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում ծրագրային ապահովման բնագավառում գործունեություն ծավալելու UFGroup ընկերության բիզնես ծրագիրը:

Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նրա խոսքով, ծրագիրը մի շարք բացթողումեր ունի և չի համապատասխանում պահանջվող ստանդարտներին հարկային արտոնություններ տրամադրելու համար: UFGroup-ի ներդրումային ծրագրի արժեքը կազմում է ընդամենը $350 հազար, ըստ որում` մեծ մասը (60%) կկազմի աշխատավարձի ֆոնդը: Որպես ներդրումներ` առաջարկվում են մտավոր սեփականությունը գործող բիզնեսից նորին փոխանցելու վերաբերյալ պայմանագրեր: Ակնհայտ է, որ գործող բիզնեսը նորի բիզնեսի պատրվակով ազատ տնտեսական գոտի տեղափոխելու փորձ է արվում, ասվում է Էկոնոմիկայի նախարարության եզրակացության մեջ: Այս առնչությամբ գերատեսչությունն ընկերությանն առաջարկում է լրամշակել բիզնես ծրագիրը:

Դեռ մինչև կառավարության այսօրվա նիստը UFGroup-ի ղեկավար Կարեն Գյուլգյուլյանը մի շարք լրատվամիջոցների հայտարարել էր, որ եթե իրենց ծրագիրը չիրականացվի ազատ տնտեսական գոտում, իրենք պատրաստ չեն կյանքի կոչել այն Հայաստանում, և բիզնեսը կտեղափոխեն իրենց համար ավելի բարենպաստ մեկ այլ երկիր: Հատկանշական է, որ UFGroup-ը Հայաստանում հիմնադրվել է 2013 թ. նոյեմբերին:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները կրկին բռնություն են գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Մամիկոն Խոջոյանի վիճակը կայուն ծանր է, նա տեղափոխվել է Երևան’