‘Նախարար. Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները պարտադիր կանդրադառնան Հայաստանի տնտեսության վրա’

828

Ուկրաինայի իրավիճակի առնչությամբ Եվրամիության և ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ հնարավոր տնտեսական պատժամիջոցները պարտադիր կանդրադառնան նաև Հայաստանի վրա: Այսօր լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

«Մեր տնտեսությունն անքակտելիորեն կապված է Ռուսաստանի հետ, Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունում անփոփոխ գերակշռում է Ռուսաստանի բաժինը (հունվարի վիճակագրական տվյալներով` 30 տոկոսի սահմաններում), և այդ երկրի նկատմամբ ամեն մի տնտեսական պատժամիջոց, ինչպես նաև նրա թուլացումը, անպայման, կանդրադառնա նաև մեզ վրա», — նշել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը նախապատրաստվում է Ռուսաստանում տևական արդյունաբերական անկման բացասական ազդեցությանը, արդյո՞ք կառավարությունն ինչ-որ քայլեր ձեռնարկում է՝ Ավանեսյանը նշել է. «Մենք  չենք կարող նախապատրաստվել մի բանի, որի մասին առայժմ պատկերացում չունենք»: «Այդուհանդերձ, կարծում եմ, որ Ռուսաստանի տնտեսական անկումը կամ նրա նկատմամբ հնարավոր պատժամիջոցներն առիթ չեն ծառայի Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը վերանայելու համար», — ամփոփել է նա:

«Ռուսստատի» տվյալների համաձայն, 2014 թվականի փետրվարին Ռուսաստանի արդյունաբերության անկումը կազմել է 3,3 տոկոս` հունվարի 16 տոկոսի դիմաց, իսկ դրա տեմպերն արագացել են  մինչև 13,7 տոկոս:  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ընթացիկ տարվա հունվարին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 106.4 մլն դոլար` տարեկան կտրվածքով ավելանալով 7,8 տոկոսով:

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը նոր կիբեռպատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ ‘
Հաջորդ հոդվածը‘Ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (Ֆոտոշարք)’