‘Նախկին այլախոհներն ու քաղբանտարկյալները Ուկրաինային կոչ են անում լսել ժողովրդի ձայնը’

1036

Միջազգային հանրության ներկայացուցիչները՝ նախկին այլախոհներ, քաղբանտարկյալներ,  հակակոմունիստական և հակախորհրդային շարժումների ներկայացուցիչներ, հայտարարություն են տարածել՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Հայտարարության մեջ  ընդգծվում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ձգտում է վերականգնել կայսրությունը նախկին խորհրդային «արևելյան բլոկի» սահմաններում, ինչպես նաև մատնացույց են արվում այն սպառնալիքները, որոնք Ռուսաստանի այդ ձգտումները կարող են հասցնել Ուկրաինայի ժողովրդավարական բարեփոխումներին: Հայտարարության հեղինակները Ուկրաինայի ղեկավարությանը կոչ են անում հրաժարվել բիրտ ուժի կիրառումից և ականջ դնել ժողովրդի ձայնին:

«Մենք՝ հակակոմունիստական և հակախորհրդային շարժումների ներկայացուցիչներս, մեզ վրա կրելով կոմունիստական բռնապետության անխնա հալածանքները և սովետական կայսրության ճնշումը, սակայն երբեք չդադարեցնելով պայքարը՝ հանուն արդարության, դատապարտում ենք Ուկրաինայի ղեկավարության կողմից Կիևի Մայդանում խաղաղ ցույցի բարբարոսաբար ցրումը և հայտարարում ենք մեր լիակատար աջակցությունը ակցիաների կազմակերպիչներին և մասնակիցներին: Ամբողջովին պաշտպանում ենք նրանց պահանջները և համերաշխ ենք նրանց ընդվզմանը, քանի որ համարում ենք, որ անկախությունը, ազատությունը և մարդու իրավունքները բարձրագույն արժեքներ են, որոնց համար, անկասկած, արժե պայքարել և զոհաբերվել:

Մենք կոչ ենք անում ազատ աշխարհի պետությունների ղեկավարներին՝ գործադրել բոլոր ջանքերը՝ կանխելու ցուցարարների դեմ ուժի հետագա կիրառումը և  Ուկրաինայում բռնապետական իշխանության հաստատումը:

Ուզում ենք հատուկ ընդգծել, որ Ուկրաինայի իրադարձություններում հստակորեն նկատելի է Ռուսաստանի ղեկավարության ձգտումը՝ վերականգնելու կայսրությունը նախկին սովետական «արևելյան բլոկի» սահմաններում՝ դրա համար դիմելով ցանկացած քաղաքական, տնտեսական և ռազմական-սադրիչ մեթոդների: Եթե Ռուսաստանին հաջողվի Ուկրաինայում հաստատել բելառուսականի նման վարչակարգ, դա ոչ միան կխոչընդոտի Ուկրաինայում և նախկին խորհրդային այլ հանրապետություններում ժողովրդավարական գործընթացները, այլև պայմաններ կստեղծի, որպեսզի Եվրոպայի վրա կրկին երկաթե վարագույր քաշվի, և աշխարհը վերադառնա սառը պատերազմի դարաշրջան:

Կոչ ենք անում ողջ քաղաքակիրթ աշխարհին, բոլորին, ում համար անկախությունը, ազատությունը և արդարությունը կարևորագույն արժեքներ են, բոլորին, ովքեր համարում են, որ աշխարհի անվտանգությունը պետք է հիմնվի արդարության, այլ ոչ թե ուժի գործադրման վրա, համերաշխություն դրսևորել և ակտիվորեն աջակցել Կիևի փողոցներ դուրս եկած մարդկանց, ովքեր պայքարում են հանուն ժողովրդավարության և ազատության: Կրեմլը պետք է տեսնի, որ ողջ քաղաքակիրթ աշխարհը կանգնած է ցուցարարների կողքին, և որ ժողովրդավարության զարգացումը արևելյան ուղղությամբ այլընտրանք չունի:

Կոչ ենք  անում Ուկրաինայի իշխանություններին՝  հրաժարվել կոշտ ուժի կիրառումից և ականջալուր լինել ժողովրդի ձայնին:

Կեցցե Ուկրաինան»:

Հայտարարության տակ ստորագրել են մի քանի տասնյակ հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, նախկին քաղբանտարկյալներ՝ Ուկրաինայից, Ռուսաստանից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և այլն:

Հայաստանից հայտարարության տակ ստորագրել են՝ Վարդան Հարությունյանը ( նախկին քաղբանտարկյալ, Իրավունքի և ազատության կենտրոնի նախագահ), Ռազմիկ Մարկոսյանը (նախկին քաղբանտարկյալ), Ազատ Արշակյանը (նախկին քաղբանտարկյալ) և այլն:

 

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները ՄԻՊ-ից պահանջում են միանալ 4 խմբակցություններին ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ-ը պատրաստ է խմբակցությունների հետ դիմել ՍԴ. Ցուցարարները շարժվում են դեպի կառավարություն ‘