‘Նախկին ոստիկանները եւ հայկական սպորտը’

1235

Շաբաթներ առաջ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնում Սամվել Խաչատրյանի փոխարեն նշանակվել է Նազարեթ Մնացականյանը։ Հիշեցնենք, որ նա ՀՀ ԱԺ Հանրապետական պատգամավոր Մնացական Մնացականյանի եղբայրն է եւ մինչեւ 2011 թվականի նոյեմբերը զբաղեցնում էր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի պաշտոնը։ Նոյեմբերի սկզբին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ նա ազատվեց պաշտոնից։ Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ Նազարեթ Մնացականյանը կասկածվում էր խոշոր չափի յուրացման մեջ։

Հիմա Հայաստանը հասել է այն կետին, երբ փոխնախարարի պաշտոնը վստահում են հենց նման սկանդալային կերպարների: Չէ՞ որ կարեւորն այն է, որ Նազարեթի եղբայրը ՀՀԿ-ական պատգամավոր է, իսկ սպորտը կարող է մի կերպ դիմանալ: Ի դեպ, այս ընթացքում Նազարեթ Մնացականյանին նախարարությունում միացել են այլ նախկին ոստիկաններ ևս: Ամենայն հավանականությամբ՝ ապահով Հայաստանում սպորտը պետք է հայտնվի նախկին ոստիկանների, հատկապես՝ սկանդալի մեջ հայտնված ոստիկանների ձեռքերում:

Հիմա փորձեք պատկերացնել, թե ինչ ծանր վիճակում է հայտնվել սպորտի աշխարհը: Եւ այսքանից հետո դեռ զարմանում ենք, թե ինչու  այսքան  խնդիրներ ու անլուծելի թվացող հարցեր կան: Երբ Տիգրան Սարգսյանը պաշտոնն օգտագործում է անձնական նպատակներով, երբ հայտնվում է մեկը մյուսից մեծ սկանդալների մեջ, ինչո՞ւ պետք է սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը չհայտնվի նախկին ոստիկանների ձեռքում: 

Հիմա արդեն կարելի է շատ հանգիստ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը վերանվանել սպորտի եւ երիտասարդության հարցերով ոստիկանություն: Ամենայն հավանականությամբ՝ Յուրի Վարդանյանը, որը սպորտի զարգացումից հասկանում է այնքան, որքան արհմիությունների իրական գործառույթից, որոշել է իրեն շրջապատել սպորտից է՛լ ավելի հեռու մարդկանցով:

 

 

Նախորդ հոդվածը‘Արծվիկ Մինասյան. Դիկտատուրան իր վախճանն ունենում է հեղափոխությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում հաջորդ շաբաթ կհայտարարվի տեղական ավիափոխադրող ընկերությունների մրցույթ’