‘Նախկին պատգամավոր. Շուշին հրդեհելու հրամանը Զորի Բալայանն էր տվել’

4095

Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«1992-ի մայիսի 9-ից, այսինքն Շուշի մտնելու հաջորդ օրվանից, Շուշիում այստեղ ու այնտեղ սկսվեցին հրդեհներ: 
Բուն մարտերի ընթացքում, այսինքն մայիսի 7-ի լույս 8-ի գիշերվա ու 8-ի ամբողջ ցերեկվա ընթացքում Շուշի քաղաքն ամբողջապես կրել էր ոչ էական վնասներ: 
Կանգուն էին ու համարյա անվնաս գրեթե բոլոր շենք- շինությունները, բնակելի ու մասնավոր տները:
Իսկ ահա 9-ի ցերեկվանից սկսվեց Շուշիի պլանավորված ավերումն ու հրդեհումը:
Ջոկատով (Մերգելյան), հայտնաբերելու համար հետ մնացած կամ թաքնված ադրբեջանցի զինվորների, սանրելով թաղամասերը, իջնում էինք դեպի Շուշվա հայտնի բերդը, որը վերածել էին բանտի: Կենտրոնում ստուգեցինք 4 թե 5 հարկանի հյուրանոցի բացարձակապես անվնաս շենքն ու շարունակեցինք իջնել ներքև: 
Չհասած այն ժամանակվա Ադրբեջանի ղեկավար Վեզիրովի շքեղ ամառանոց — առանձնատանը, որը գտնվում էր կենտրոնական խաչմերուկներից մեկում և որի փակ դարպասի վրա կավիճով ռուսերեն գրված էր,-նե վոյտի, ուժե զանյատո, ուբյու, 4այա ռոտա,- հանդիպեցինք այդ պահին Ղարաբաղ ժամանած ԳԽ պատգամավորներ Արշակ Սադոյանին, Սամվել Շահմուրադյանին, նրանց ուղեկցող անձանց: Կարճատև ողջագուրումներից, փոխադարձ շնորհավորանքներից ու միրուք Արմենի հայտնի, «անիգաշէ անիգարա»ից (սա հասկանում են միայն մերգելյանի ջոկատի տղաները) հետո շարունակեցինք մեր գործողությունը դեպի բերդ:
Մոտ երկու ժամից վերադարձանք, ու վերադարձի ճանապարհին նկատեցինք այստեղ ու այնտեղ, տներում ու շինություններում բռնկված հրդեհներ: 
Մեզ թվում էր, որ լավ չենք ստուգել և որ դրանք փախչել չհասցրած ադրբեջանցի դիվերսանտների ձեռքի գործն է:
Մինչ հասանք հյուրանոց, այն արդեն համարյա ամբողջապես պարուրվել էր կրակով ու ծխով:
Եվ ահա հյուրանոցի մոտ բռնում ենք կոմուֆլյաժ հագած մի քանի ղարաբաղցիների, որոնք էլ ասեցին, որ այդ հրդեհները իրենց արածն է և որ այդ հրահանգն իրենց տվել է զորի գայկովիչն, ուրեմն, այսինքն, նույն ինքը՝ հայտնի ծովագնած, գրող, հրապարակառսախոս, Պուտինին ուղղված բաց ու հատկապես փակ նամակների հեղինակ ու էլ չգիտեմ թե ինչ Զորի Բալայանը:
Բացատրությունն էլ այն էր, որ եթե Շուշին ամբողջությամբ ավերենք, ապա ադրբեջանցիներն էլ ետ չեն վերադառնա հետ գրավելու համար:
Այդ ժամանակ էլ ու հիմա էլ մնում եմ նույն կարծիքին, որ այդ միտքը կարող է ծնվել միայն ուրիշի տարածք գրավող վախկոտ ստրուկի գլխում միայն և ոչ սեփական դարավոր քաղաքն ազատագրող արժանապատիվ ռազմիկի մոտ:
Արկադի Տեր-Թադևոսյանի հետ անմիջապես հանդիպելուց ու նրա կողմից տեղում գնդակահարելու խիստ հրահանգով,այդպիսի գործողությունները կտրուկ արգելելու հրամանից հետո միայն դադարեցվեցին հետագա հրկիզումներն ու ավերումները: 
Բայց արդեն գայկովիչն իր սև գործն արել էր և արդյունքում ունեցանք կիսաավեր Շուշի, որը հերոսաբար, մաքառումներով, մուրացկանության ու զրկանքների գնով այժմ վերականգնվում է»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում հետաքննվում է հայկական հանցախմբի գործը’
Հաջորդ հոդվածը‘Վ. Կարապետյան. Մի քանի նկատառում Սերժ Սարգսյանի այցերի մասին’