‘Նամակ ԱՄՆ դեսպանին. Դատախազությունը միջոցներ չի ձեռնարկում ‘

1376

ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանը նամակ է գրել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Նամակում Խուդյանը ներկայացնում է իր ղեկավարած «Արին Կապիտալ» ներդրումային ընկերութան աշխատակիցներ Վլադիսլավ Մանգասարյանի, Ղևոնդ Ղալումյանի և Էդուարդ Եսայանի ապօրինի գործողություններն ու պատկան մարմիններին մեղադրում անգործության մեջ: 

«Իմ անունը Էդմոնդ Խուդյան է, ես ԱՄՆ քաղաքացի եմ, «Արին Կապիտալ» կորպորացիայի նախագահը Գլենդել, Կալիֆոռնիա, ԱՄն-ում: Դեռևս 2010թ. նոյեմբերին դիմել եմ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ պարոն Գ. Խաչատրյանին և հայտնել Հայաստանում բացառապես իմ ներդրումների հիման վրա հիմնադրված և գործունեություն իրականացնող «Արին կապիտալ» ներդրումային ընկերությանը պատկանող Մաշտոցի 33 շենքի տարածքների վաճառքի հարցում տեղի ունեցող հանցագործությունների մասին, որոնք զուգորդվում են հարկեր չվճարելով: 

2011-ի մարտին պաշտոնական բողոքներ եմ ներկայացրել ՀՀ նախագահին և արդարադատության մարմիններին իմ հիմնադրած ընկերությունում կողոպուտ կազմակերպելու և $4.500.000 դոլար յուրացնելու մասին: Այդ բողոքի մանրամասնությունները ուղարկվել են նաև նախկին դեսպան տիկ. Մարի Յովանովիչին, և բովանդակությանը կարող եք ծանոթանալ http://hetq.am/eng/articles/342/ — կայքից: Բողոքս «Արին Կապիտալ» և Ներդրումային ՍՊԸ-ի մասնակիցներ Վլադիսլավ Մանգասարյանի, Ղևոնդ Ղալումյանի և ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի հանցավոր գործարքների մասին էր, որի հիման վրա մայիս 3, 2011-ին հարուցվել է 83159711 քրեական գործը: 

2011 թ. աշնանը ինձ պարզ է դառնում, որ նույն խումբը շինծու սնանկության գործով դատական ակտերի շնորհիվ ցանականում է բռնագրավել ընկերության $2.000.000 գույքը, և ես անմիջապես դիմում եմ ներկայացրել քրեական գործով պատասխանատու անձանց, որպեսզի արգելանք դրվի գույքի վրա, մինչ քրեական գործի ավարտը, սակայն դատախազությունը միջոցներ չի ձեռնարկում՝ անհիմն պատճառաբանելով որ չկա տուժող և մեղադրյալ, ուրեմն արգելանք դնել հնարավոր չէ, չնայած նրան, որ շենքում կան բազմաթիվ  բնակարան չստացած գնորդներ, և իմ կամ նրանց տուժող լինելը անվիճելի է: Չնայած միլիոնավոր դոլարների կուրուստի՝ շենքում որևէ մեկը տուժող չի ճանաչվել, որովհետև այդ դեպքում դատավարական կարգավիճակ ունեցող տուժողների փաստաբանների միջնորդությունների ճնշման տակ ստիպված կլինեն քրեական գործին ընթացք տալ:  

2012 թ. մայիսին ընկերության մնացած գույքի վրա արգելանք դնելու համար հանդիպել ենք գլխ դատ. օգնական պրն. Մնացական Սարգսյանի և վարչության պետ Գրիգոր Նավասարդյանի հետ, ստացել բանավոր համաձայնություն, սակայն դիմում ներկայացնելուց հետո նորից միջոցներ չի ձեռնարկվել: Արդյունքում՝ ընկերությունից բռնագրավվեց և Վլադիսլավ Մանգասարյանին հանձնվեց ընկերության վերջին՝ մոտ $2.000.000 դոլար արժեցող գույքը: Այլևս անիմաստ է դարձել բողոքներ գրելը, դատարան դիմելը, երբ պետության արդարադատությունը ինքնին կոռումպացված է: ՊԵԿ-ի քննիչ Տիգրան Հարությունյանը, գլխ. դատախազության դատախազ Լեռնիկ Հովաննիսյանը, վարչության պետ Գրիգոր Հովհաննիսյանը, գլխ. դատախազի օգնական Մնացական Սարգսյանը և գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանը հովանավորել են հանցագործությունը, գործը միտումնավոր ձգձգել, ստեղծել պայմաններ որևէ մեկին տուժող չճանաչելու և ընկերության ունեցվածքը իրենց հովանավորողներին հանձնելու նպատակով: Նրանց թողտվությամբ հանցագործներին հնարավորություն է տրվել շարունակաբար տարածքներ յուրացնել և խուսափել պատասխանատվությունից: Սա Հայաստանում տիրող կոռուպցիայի վառ դրսևորումն է: 

Գործ ունենք սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտացված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության «բարենպաստ» պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: Այդ իսկ պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ավագ քննիչը, գործող դատախազն ու վարչության պետը և նրանց ղեկավարությունը հանցագործներին պաշտպանության տակ են առել, և օրենքն անզոր է նրանց բոլորի դեմ: Նրանց արդեն քաջ հայտնի են և՛ գործող անձանց շրջանակը, և՛ չվճարված հարկերը, և՛ խարդախության փաստերը, սակայն վերևների ազդեցության տակ մոտ 2 տարի շարունակ այս գործը միտումնավոր ձգձգվում է: Հանցավոր գործունեությամբ պետությանը պատճառված $1,5 միլիոն դոլարի վնասը վերականգնելու ուղղությամբ բացառապես ոչինչ չի արվում: Ավելին, քրեական գործի ընթացքում վերջերս հանցագործ խմբին հնարավորություն տրվեց ընկերությունից յուրացնել մի խումբ սփյուռքահայերի պատկանող $2.000.000 ԱՄՆ դոլար արժողության վերջին տարածքները: 

Իմ դատական նիստերին պարբերաբար ներկա են գտնվել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, և նրանց ևս հայտնի են որոշ մանրամասնություններ, առաջարկում եմ խոսել նրանց հետ և  հետևություններ անել,  թե Հայաստանում իրավական մարմինները ինչ գործառույթ են իրականացնում և ինչպես են աշխատում: 

Հարկ եմ համարում ձեզ տեղյակ պահել, որ ICSID կոնվենցիայի և UNICITIRAL արբիտրաժային կանոնների  հիման վրա միջոցներ են ձեռնարկվում այս դատը ԱՄՆ տեղափոխելու և Հայաստանի Հանրապետության դեմ դատական գործ հարուցելու ուղղությամբ:  Ցավում եմ նման որոշման համար, սակայն այլ ելք չկա, ՀՀ արդարադատությունը չի գործում, և ես անզոր եմ կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում: 

Երկուշաբթի, հոկտեմբեր 29-ին, առավոտյան 11:00-ին տեղի կունենա ինձ տուժող ճանաչելու դատական նիստը վերաքննիչ դատարանում: Այս գործի մանրամասներին կարելի է ծանոթանալ arincapital.com կայքից»:

Նախորդ հոդվածը‘ՀԿ-ները դատապարտում են քաղաքապետարանի անգործությունը ‘
Հաջորդ հոդվածը‘8 գովազդային հոլովակներ, որոնք «ապշեցրել են» բրիտանացիներին (տեսանյութ)’