‘Նամակ Տարոն Մարգարյանին. Այսօր հաշմանդամություն ունեցող մարդիկ շարունակում են մեկուսացած ապրել մեր քաղաքում’

1047

Հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունն այսօր Էրեբունի-Երևանի տոնին ընդառաջ քաղաքապետարանի մոտ ակցիա էր կազմակերպել «Երևանը նաև իմ քաղաքն է» խորագրով։ Ակցիայի մասնակիցները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակ են փոխանցել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պարոն Մարգարյան

Այս տարի մայրաքաղաք Երևանը տոնում է իր հիմնադրման 2794-ամյակը: Մենք հպարտ ենք մեր քաղաքի պատմությամբ և մեծ ուրախությամբ ենք նշում նրա յուրաքանչյուր ձեռքբերումը: Մենք բարձր ենք գնահատում Երևանի զարգացմանն ուղղված Ձեր ջանքերը, սակայն ցավով պետք է նշենք, որ մենք մեզ օտար ենք զգում մեր քաղաքում, Երևանը մերը չէ:

Պարոն քաղաքապետ, Ձեզ երբևէ չի՞ հետաքրքրել, թե ուր են մեր քաղաքի հաշմանդամություն ունեցող բնակիչները, ինչո՞ւ նրանց չեք հանդիպում այն վայրերում, ուր մյուսներին կարելի է տեսնել…

Անգնահատելի է ձեր նախաձեռնությունը Երևանում մանկական խաղահրապարակներ կառուցելու գործում, բայց երբևէ մտածե՞լ եք` ո՞ւր են հաշմանդամություն ունեցող երեխաները, թե նրանք խաղալ չեն ուզում…

Այսօր հաշմանդամություն ունեցող մարդիկ շարունակում են մեկուսացած ապրել մեր քաղաքում, երբ մայրաքաղաքի բարեկարգման ու զարգացման բազմաթիվ նախագծեր և ծրագրեր են մշակվում և իրականացվում:

Մենք զրկված ենք ազատ տեղաշարժվելու, կրթական, մշակութային, առողջապահական և այլ վայրեր այցելելու, տրանսպորտային միջոցներից օգտվելու և հասարակական կյանքին մասնակցելու տարրական հնարավորությունից:

Մենք հոգնել ենք սին խոստումներից և առիթից առիթ մեզ հիշելու սովորույթից: Մեր ամեն մի օրն անցնում է մեկուսացած կամ ձեր կողմից ստեղծված տրանսպորտային միջոցների և շենք-շինությունների արգելքները հաղթահարելով:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռքնարկել հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար անխոչընդոտ միջավայր ստեղծելու ուղղությամբ: Ի վերջո, այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին:

Մենք կարող ենք լիարժեք մասնակցություն ունենալ մեր քաղաքի զարգացմանը, եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ և հավասար հնարավորություններ:

Երևանը նաև մե՛ր քաղաքն է»:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի պետական դրոշն այրողը անմեղսունակ է ճանաչվել ‘
Հաջորդ հոդվածը‘Ուեյն Ռունի. Այլեւս հիմարություններ չեմ անի’