‘Նայրոբիում ահաբեկիչների զավթած առևտրի կենտրոնում փոխհրաձգություն է սկսվել’

813

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին, «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ալ-Շաբաբ»  խմբավորման ահաբեկիչները գրավել են Westgate առևտրի կենտրոնը: Քենիայի Միջազգային կարմիր խաչի Քենիայի մասնաճյուղի տվյալներով՝ առևտրի կենտրոնի գրավման ժամանակ զոհերի թիվը հասել է 68-ի: Հարձակման զոհ են դարձել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Չինաստանի, Հնդկաստանի, ՀԱՀ-ի և Ավստրալիայի քաղաքացիներ: Գրոհի արդյունքում զոհվել են նաև Քենիայի նախագահի զարմիկը և վերջինիս հարսնացուն, ինչպես նաև՝ Աֆրիկայում հայտնի գանացի բանաստեղծ Կոֆի Ավունորը:

Ըստ  INTERFAX.RU-ի՝ այսօր առավոտյան առևտրի կենտրոնում փոխհրաձգություն է սկսվել: Անվտանգության ուժերի ներկայացուցիչները հաստատել են, որ սկսվել է առևտրի կենտրոնի ազատագրման վճռական գրոհը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ առևտրի կենտրոնի ազատագրմանը մասնակցող բանակային ստորաբաժանումները կարողացել են մեկուսացնել ահաբեկիչներին: Ապա հաղորդվեց, որ ահաբեկիչները սպառնում են հաշվեհարդար տեսնել իրենց մոտ պահվող առնվազն տասը պատանդների հետ:

Նախորդ հոդվածը‘Ասադ. ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բանաձևի նախագիծը չի անհանգստացնում Դամասկոսին’
Հաջորդ հոդվածը‘Շարքայինի մահվան կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի’