Նավալնիին կարող է սպառնալ 30 տարվա ազատազրկում

432

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին տեղեկացրել է, որ իրեն նոր մեղադրանք են ներկայացրել ևս մի քրեական գործով՝ «ծայրահեղական ընկերություն» ստեղծելու վերաբերյալ։

«Դեռ ութ օր էլ չի անցել, երբ ուժի մեջ է մտել դատավճիռը, որով ինձ դատապարտեցին 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, և այսօր ահա քննիչը ոտքի թռավ ու պաշտոնապես մեղադրանք ներկայացրեց նոր գործով։ Պարզվում է՝ ես ծայրահեղական խումբ եմ ստեղծել, որպեսզի ատելություն հրահրեմ պաշտոնյաների և օլիգարխների դեմ, իսկ երբ ինձ դատապարտել են, համարձակվել եմ դժգոհ լինել և հանրահավաքների կոչ անել»,- Twitter-ում գրել է քաղաքական գործիչը։

Այդպիսով, Նավալնիի ազատազրկման ընդհանուր ժամկետը կարող է կազմել 30 տարի։ Հենց 30 տարին է այն ծայրահեղ պատժաժամկետը, որը Ռուսաստանի քրեական օրենսգիրքը թույլ է տալիս նշանակել դատապարտյալին «դատավճիռների գումարման» միջոցով։

2021 թ․ ամռանը դատարանը ծայրահեղական էր ճանաչել և արգելել Նավալնիի հիմնադրած Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդը և քաղաքական գործչի շտաբները շրջաններում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄենդեշն Իսկոյի ծառայություններն առաջարկել է «Ռոմային»
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Նադալը հաղթել է Ջոկովիչին