‘ՆԱՏՕ-ն դատապարտել է ուժի կիրառումը Կիևում’

880

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները դատապարտել են Կիևում ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը: Բրյուսելում հանդիպման ժամանակ նրանք համատեղ հայտարարություն են ընդունել, որում Կիևին կոչ են անում զսպվածություն դրսևորել ընդդիմության հանդեպ: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ուկրաինայի կառավարությանը կոչ էր արել ականջ դնել ժողովրդի ձայնին:

Երեքշաբթի Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը խորհրդարանում ներողություն խնդրեց ոստիկանությանը ցուցարարների դեմ հանելու համար: Նույն օրը ուկրաինական ընդդիմությունը չկարողացավ խորհրդարանում անցկացնել կառավարության  հրաժարականի վերաբերյալ որոշումը: Եվրամայդանում «համընդհանուր մոբիլիզացիա»  հայտարարվեց: «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը Եվրամայդանի ամբիոնից հայտարարեց, թե այժմ ընդդիմությունը պահանջում է, որ նախագահ Յանուկովիչը պաշտոնանկ անի կառավարությանը և արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ նշանակի:

Գերագույն ռադայում քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի մոտ հավաքված բազմահազարանոց ցուցարարների վանկարկումների ուղեկցությամբ: Արդյունքները հայտարարելուց հետո Անկախության հրապարակում ելույթ ունեցող հռետորը բոլորին կոչ է արել Մայդանում մասանակցել անժամկետ հանրահավաքին:

Ցուցարարները Կիևում արգելափակել են նաև նախագահական նստավայրը: Նախագահ Յանուկովիչն ինքը այցով  մեկնել է Չինաստան, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանն ամփոփել է Իտալիա և Բելառուս կատարած այցերի արդյունքները (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՀԿ-ները դատապարտում են ոստիկանության հակաօրինական գործողությունները’