ՆԱՏՕ-ն զգուշացնում է՝ Ուկրաինայում ագրեսիայի դեպքում Ռուսաստանին լուրջ հետևանքներ են սպասվում

312

Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի սահմանային իրավիճակը քննարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի հետ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուսուլա ֆոն դեր Լյայենը և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը նույնպես մասնակցել են տեսազրույցին։

«Շատ, շատ լավ հանդիպում էր։ Լիակատար համերաշխություն եվրոպական բոլոր առաջնորդների հետ»,- զրույցն ամփոփել է Բայդենը։

Բանակցություններից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը Ռուսաստանին նախազգուշացրել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիան թանկ կնստի նրա վրա։ Ջոնսոնը նշել է «միջազգային միասնականության կարևորությունը Ռուսաստանի սաստկացող թշնամության դեմ», իսկ Օլաֆ Շուլցը Ռուսաստանին կոչ է արել ակնհայտ քայլեր կատարել հակամարտությունը լիցքաթափելու ուղղությամբ։

Ավելի քան ութ հազար զինծառայողներ ԱՄՆ-ում բարձր պատրաստության են բերվել՝ Արևելյան Եվրոպա հնարավոր տեղափոխության համար։ ԱՄՆ ՊՆ-ում նշել են, որ առայժմ նման որոշում չի կայացվել, սակայն զինվորականները կարող են մեկնել հնգօրյա ժամկետում։

«Դա ակնհայտ ազդանշան է Ռուսաստանին, որ մենք լուրջ ենք վերաբերվում ՆԱՏՕ-ում մեր պարտավորություններին»,- ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍիմոնե Ինձագին վարակվել է կորոնավիրուսով
Հաջորդ հոդվածըՄոուրինյո․ Մխիթարյանը շատ լավ աշխատանք կատարեց