‘Նարեկ Սարգսյան. Մենք Երեւանը անճանաչելիորեն փոխել ենք ‘

2568

iLur.am-ի զրուցակիցն է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը

Պարոն Սարգսյան, կառավարության ծրագիրը քննարկելիս, երբ ընդդիմությունը խոսում էր վարկաբեկված պաշտոնյաների մասին, նաեւ ձեր անունը տրվեց՝ մարդ, ում հասարակությունը չի ընդունում՝ Երեւանի պատմաճարտարապետական տեսքն աղավաղելու համար: Ինչպե՞ս եք վերաբերվում նման գնահատականներին:

-Բնականաբար՝ չեմ կիսում դա, որովհետեւ դա իրականության հետ ոչ մի կապ չունի: Ուղղակի՝ քաղաքական նպատակներից ելնելով են նման բաներ ասում: Մենք, նկատի ունեմ՝ բազմաթիվ մարդիկ, հսկայական գործ ենք արել Երեւանում վերջին 15 տարիների ընթացքում, եւ Երեւանը անճանաչելիորեն փոխվել է: Լիքը ծրագրեր են իրականացվել, ու դա նկատում են բոլորը: Ցանկացած մեկը, որ գալիս է Երեւան, այդ աշխատանքի արդյունքը տեսնում է: Անշուշտ, քաղաքաշինությունն այն ոլորտն է, որտեղ բոլորի շահերի բախումներ կան, եւ այդ ընթացքում ամեն ինչ չէ, որ հաջողվել է անել ամբողջապես մեր ուզածով:

— Բայց մայրաքաղաքը կորցրել է իր պատմական տեսքը:

— Ի՞նչ ասել է՝ պատմական: Ցանկացած քաղաք էլ ժամանակի ընթացքում փոխվում է, զարգանում է: Որեւիցե քաղաք վերցնենք, այդպես է: Հյուսիսային պողոտայի ամբողջ տարածքում՝ տասը հեկտարի վրա, ամբողջապես արժեք չունեցող տարածքներ են:

— Հին Երեւանից ի՞նչ է մնացել այսօր:

— Բազմաթիվ շինություններ: Հին Երեւան ասելով՝ պետք է նկատի ունենալ ռուսական շրջանի՝ 19-րդ դարի 2-րդ կեսի շինությունները: Դրանց մի մասը քանդվել են խորհրդային շրջանի առաջին շրջանում, բավական մաս քանդվել է հետպատերազմյան շրջանում, եւ մոտավորապես 17-18 հուշարձաններ տարբեր տարիներին ապամոնտաժվել են ու պիտի հավաքվեն Հին Երեւան ծրագրի մեջ:

— Ձեզ համար հատուկ ճարտարապետական կոմիտե ստեղծեցին, ձեզ նշանակեցին դրա ղեկավար, բայց հետո, երբ ձեզ նշանակեցին քաղաքաշինության նախարար, հանկարծ պարզվեց՝ ճարտարապետական կոմիտեն անիմաստ է պահելը, ու լուծարեցին այն:

— Կոմիտեն երբ ստեղծվեց, դրա վրա դրվեցին բավական նոր լիազորություններ: Հիմա կոմիտեն միավորվեց քաղաքաշինության նախարարությանը, այդ լիազորությունները պահպանվել են: Դա եղել է ընդհանուր գործառույթ, այսինքն՝ այդ ընթացքում ե՛ւ հարկայինը միավորվեց, ե՛ւ քաղաքաշինությունը միավորվեց: Կոմիտեի վրա դրված նոր գործառույթներն ամբողջովին պահպանվել են, ու հիմա դրանք իրականացնում է քաղաքաշինության նախարարությունը:

— Այնուամենայնիվ, ստացվեց՝ մեկ հոգու համար հատուկ պաշտոն, հատուկ կառույց ստեղծեցին, ու նրան այլ աշխատանքի տեղավորելով՝ դրանք վերացրին:

— Ես ձեզ հավատացնում եմ, որ այդպես չի: Եթե ինձ ճանաչողները չիմանային, որ ոլորտը կառավարելու, ոլորտը տիրապետելու, հասկանալու, խնդիրները լուծվելու, դժվար թե… Ես կուսակցական չեմ, երբեք էլ չեմ եղել: Դա աշխատանքի արդյունք է, ոչ թե հակառակը: Ոչ թե պետք էր Նարեկ Սարգսյանին պաշտոն տալ: Այդպիսի խնդիր, քավ լիցի, չի եղել: Ես 2004թ. դուրս եմ եկել գլխավոր ճարտարապետի պաշտոնից՝ կամավոր: Տարբեր բաներ են առաջարկել, ես հրաժարվել եմ ու չորս-հինգ տարի աշխատել եմ իմ արվեստանոցում: Այսինքն՝ այդպես չէ խնդիրը: Բայց Հայաստանը մեր երկիրն է, բազմաթիվ պրոբլեմներ կան, չենք կարող այդ պրոբլեմներից դուրս մնալ, եթե խնդիրներ կան, որոնք քո կարծիքը կարեւորում են: Ինչ վերաբերում է այդ գնահատականներին, դեռեւս Իմանուիլ Կանտն է ասել. «Քարերով խփում են պտղատու ծառերին»:

— Ասացիք՝ անկուսակցական եք: Շարունակելո՞ւ եք մնալ անկուսակցական, թե՞ ձեզ էլ կստիպեն ՀՀԿ շարքերը մտնել:

— Այդպիսի բան չեն անի երբեք:

— Չե՞ն ստիպի:

— Իհարկե: Որեւէ մեկին չեն ստիպում, որ նա մտնի: Ես քաղաքականության մեջ եմ՝ որպես մասնագետ: Ես հրավիրվել եմ որպես մասնագետ:

— Եթե առաջարկեն, չե՞ք մտնի այդ կուսակցության շարքերը:

— Ես կուսակցական եթե ուզենայի դառնալ, վաղուց կդառնայի:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Երվանդ Բոզոյան. Հայաստանի արձագանքը ոչ ոքի չի հետաքրքրում ‘
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը՝ գյուղացուն. Արա՛, նորմալ խոսի, ա՛յ տղա. (Տեսանյութ) ‘