‘Նարեկ Սարգսյան. Միամիտ չլինեք` մտածելու համար, թե զազրախոսների բերանը դրանով կփակվեր’

8532

Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքում գրում է.

«Եթե ես իշխանություն լինեի, հենց առաջին օրը ԱԱԾ-ն ստուգումներ կաներ Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը։ Կհրավիրեի Տեր-Պետրոսյանին քաղաքականապես չընդունող, անձնապես ատող, նրա հասցեին ամենավատ բաները գրած ու խոսած (ու մտածած) բոլոր լրագրողներին` առանց բացառության։ Կապահովեի, որ նրանք ներկա լինեն և անձամբ ստուգեն գործողությունների ընթացքը։ Խոշորացույցով նայել կտայի Տեր-Պետրոսյանի տունը և մնացած սեփականությունները, «սանրել» կտայի տան նկուղը, չափել կտայի պատերի հաստությունը, փորել կտայի այգին։

Ուսումնասիրել կտայի բոլոր տարիների հայտարարագրերը, բոլոր հրամանագրերը, տեղաշարժերը, հայտարարությունները, ձայնագրությունները, սղագրությունները… հարցաքաննել կտայի նրա հետ գործ ունեցած մարդկանց, հետաքննող լրագրողներին կտրամադրեի բոլոր հնարավորությունները, որ հետաքննեն ինչքան ուզում են։ Ամեն ինչ, բացի պետական գաղտնիք պարունակող փաստերից կփռեի այդ լրագրողների առաջ` որ ստուգեն, վերստուգեն, համեմատեն ու վերահամեմատեն։ Այդ ամբողջ պրոցեսը հեռարձակել կտայի ուղիղ եթերով։ Ու կխոստանայի, որ եթե պարզվի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր 7,5 տարվա նախագահության ընթացքում թեկուզ 7,5 դրամ գողացել է պետությունից, պատժվելու է հնարավոր ամենախիստ ձևով։

Բայց եթե այդ ստուգումների արդյունքում պարզվեր ա՛յլ բան, դա նույնպես ցույց կտայի հայ ժողովրդին։ Թույլ կտայի, որ ժողովուրդը իմանար, թե, օրինակ, Մոնթե Մելքոնյանը, գեներալներ Իվանյանը, Դարիբալթայանը, Տեր-Գրիգորյանցը և մյուսները ինչպե՞ս հայտնվեցին Հայաստանում հենց այն պահին, երբ պատերազմում նրանց կարիքը ամենաշատը կար։ Ինչ-որ մեկը դա կազմակերպել էր, չէ՞։ Կամ շրջափակման, աղետի գոտու, Վրաստանի քաղաքացիական պատերազմի, հայ-ադրբեջանական տոտալ պատերազմի, ռմբակոծվող ճանապարհների, պայթեցվող խողովակների և կես միլիոն փախստականի պայմաններում ինչպե՞ս Հայաստանում համատարած սով չեղավ (իմ իմանալով՝ երկնքից մանանա չէր թափվել)։ Ինչ-որ մեկը դրա պատասխանատուն էր, չէ՞։ Կամ ինչպե՞ս Ղարաբաղում հող գրավելու ամենաթեժ պահին Թուրքիայի սահմանով ցորեն տեղափոխվեց Հայաստան։ Դուք հո չե՞ք կարծում, թե Թուրքիայի իշխանությունը էդ օրերին պատահաբար լսել էր «Հայի աչքեր, սիրուն աչքեր» երգը։ Ինչ-որ մեկը դա քաղաքականապես հաշվել էր, չէ՞։ Ինչպե՞ս ազատագրվեց ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև դրան հարակից Ղարաբաղի չափ տարածք, ու Հայաստանը ագրեսոր չճանաչվեց։ Ինչ-որ մեկը դրա մասին հոգ էր տարել, չէ՞։ Ինչպե՞ս Հայաստանի տնտեսությունը 1994-95թթ. առաջինը սկսեց աճել նախկին ԽՍՀՄ պետությունների մեջ։ Ինչ-որ մեկը դրա վրա աշխատել էր, չէ՞։ Ատոմակայանը հո ինքն իրեն չէր վերագործարկվել, 24 ժամ հոսանքը հո ինքն իրեն չէ՞ր ստացվել։ Ինչ-որ մեկը դրանով զբաղվել էր, չէ՞։

Ցույց կտայի նաև բոլոր այն ջանքերը, որ թափվել են անարդյունք։ Որովհետև ամեն մի հաջողված փորձի տակ 10 անհաջող փորձ է «թաքնված»։ Ցույց կտայի իրականությունը, ճշմարտությունը` սխալներով հանդերձ։ Չէի գունազարդի, չէի խմբագրի, չէի սրբագրի ոչ մի տառ։ Իսկ վերջում` հանուն Հայաստանի նորագույն իրակա՛ն պատմության, ազգային հերոսի կոչում կտայի այն մարդուն, որը ամենամեծ ավանդը ունի վերը նշված ձեռքբերումների մեջ`պատմության համար մեկընդմիշտ փակելով հարցը։

Հետգրություն. միամիտ չլինեք` մտածելու համար, թե զազրախոսների բերանը դրանով կփակվեր։ Չանցած մի քանի ամիս` նրանք նորից կսկսեին խոսել «Մազութի», «Թալանի» և «Բաքուն չգրավելու» մասին։ Բայց պատմության աղբանոցի գործը ես մեծ սիրով կհանձնեի ժամանակին»։

 

Նախորդ հոդվածը‘Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել’
Հաջորդ հոդվածը‘Լուկաշենկոն նախազգուշացրել է այլ պետության կազմի մեջ ընդգրկվելու վտանգի մասին’