‘Նա գնաց մենակ’

1902

Եվ այսպես, Րաֆֆի Հովհաննիսյանի երազանքն իրականություն դարձավ. նա մտավ նախագահական։ Երազանքն, իհարկե, տևեց ընդամենը մեկ ժամ, բայց դա արդեն էական չէ։ Էականն այն է, որ հայ հասարակությունն «ընդդիմության առաջնորդի» մուտքը նախագահի նստավայր փոքր-ինչ այլ ձևով էր պատկերացնում։ Եվ, ի դեպ, հենց այդ «այլ ձևը» նկատի ունենալով էլ փետրվարի 18-ին ընտրել էր Րաֆֆի Հովհաննիսյանին։ Բայց ամեն ինչ սպասվածից ավելի առօրեական ստացվեց. Րաֆֆին մտավ Սերժ Սարգսյանի աշխատասենյակ, վերջինիս հետ «այ ամ գլադ թու սի յու» ոճով քաղաքավարի զրույց ունեցավ, հետո դուրս եկավ, հավաքվածներին ուղարկեց տուն և ինքը գնաց շատ կարևոր հանդիպումների։

Միանգամից ասենք` բոլոր այն գնահատականները, թե Րաֆֆին «ախքացավ», ծախվեց, երկխոսացվեց, «գեղամյանացավ» և այլն, այնքան էլ ճշգրտորեն չեն արտացոլում իրավիճակը և բավականին հեռու են իրականությունից։ Պրոբլեմը բոլորովին այլ է։ Րաֆֆի Հովհաննիսյանն, ի վերջո, ուղնուծուծով ամերիկացի է, որպես ամերիկացի էլ ներկայացել է հայ հասարակությանը, որպես ամերիկացի էլ քարոզարշավ է անցկացրել, և որպես ամերիկացի` բացարձակապես ոչ մի սխալ բան չի արել։ Մարդը ահագին ձայներ է ստացել (իրականում` հաղթել է), ու հաջորդ քայլը, բնականաբար, պիտի լիներ այդ քաղաքական կապիտալի «կանխիկացումը»։ Ավելին. Րաֆֆի Հովհաննիսյանն այնքան ազնիվ է, որ ավելորդ սեթևեթանքների մեջ չի ընկնում և հենց ինքն է գնում նախագահական, հենց ինքն է համաձայնվում, որ «իշխանությունը ժողովրդին հանձնելու օրակարգով» բանակցություններն ընթանան գաղտնի (հասկանալի է` ժողովրդի՛ց գաղտնի), և հենց ինքն է ազնվորեն առաջինը կատարում իր ստանձնած պարտավորությունները, այն է` մարդկանց ուղարկել տուն։ Այս ամենը վկայում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իդեալական քաղաքական գործիչ է և կարող էր նույնիսկ իդեալական նախագահ լինել։ Պայմանով, իհարկե, որ Հայաստանն ԱՄՆ-ի նման երկիր լիներ։ Ջորջ Բուշ-կրտսերն, օրինակ, Աֆրիկան Ավստրալիայից չէր տարբերում, բայց լավ էլ ղեկավարում էր երկիրը, որովհետև ԱՄՆ պետական կառավարման համակա՛րգն է այդպիսին։

Բայց Հայաստանն Ամերիկա չէ։ Հետո՞ ինչ, որ մենք «ամերիկյան չափանիշներով» նախագահի թեկնածու ունենք։ Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ է, դրա համար էլ Սերժ Սարգսյանը, շախմատային լեզվով ասած, «մանկական մատ» արեց Րաֆֆի Հովհաննիսյանին. կանչեց իր մոտ ու ասաց. «Րաֆֆի, ոնց որ թե մի քիչ տխուր ես»։ «Իրավատե՛ր եմե, խրոխտ պատասխանեց Րաֆֆին, մինչդեռ կարող էր ասել` «այո, իսկապես տխուր եմ, մինչդեռ ընտրությունների արդյունքները հաշվի առնելով` դուք պիտի տխուր լինեիք»։ Ընդ որում` լավ է, որ այդպես չի ասել, որովհետև այդ պատասխանը պիտի ենթադրեր դրան հաջորդող վճռական քայլեր, տասնյակ հազարավոր մարդիկ պիտի փողոց դուրս գային, ու վերջում պիտի պարզվեր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այն առաջնորդը չէ, որի հետևից արժե գնալ։ Այլ կերպ ասած` Րաֆֆին վարվեց ճիշտ և ճիշտ հայտնի անեկդոտի հերոսի պես, ով պարտաճանաչորեն ներկայանում է ու ասում «էկել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք»։ Դեռ լավ է, որ Րաֆֆին այդ մասին ճիշտ ժամանակին ասաց, և պատրանքներն ընդամենը երկու-երեք օր տևեցին։ Թե չէ հիասթափությունն ավելի մեծ կլիներ։

Իսկ այս դեպքում հիասթափություն, կարելի է ասել, ընդհանրապես չկա։ Վերջին հաշվով` հիասթափություն են ապրում նրանք, ովքեր ժամանակին հիացած են եղել, իսկ Րաֆֆիով հիացածները երբեք էլ 5-6 տոկոսից ավելի չեն եղել։ Ինչ-որ իմաստով այս ամենը նույնիսկ դրական էր, որովհետև շատերը հասկացան` կարևորն այն չէ, թե ում ես ընտրում, կարևորն այն է, թե ում ես վստահում քո ձայները տնօրինելու իրավունքը։ «Գողացած ապրանքը», որպես կանոն, շտապում են վաճառել` նույնիսկ ինքնարժեքից մի քանի անգամ ավելի էժան, իսկ ապրանքի օրինական տերը, որպես կանոն, չի շտապում և փորձում է ստանալ առավելագույնը։ Րաֆֆի Հովհաննիսյանը շտապեց։ Եվ իր ստացած ձայների «ինքնարժեքից» մի քանի անգամ ավելի ցածր մակարդակով հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ։

Բայց սա հասարակական ընդվզման հետ կապ չունի։ Փաստն այն է, որ Հայաստանում կա արժանապատիվ ժողովուրդ, կա իշխանություն, և ժողովուրդն այլևս չի ցանկանում հանդուրժել այդ իշխանություններին։ Մնացածը տեխնիկայի խնդիր է։ Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես թե առանձնապես կապ չունի այդ խնդրի հետ։ Անկախ նրանից, թե ինչ կասի այսօրվա հանրահավաքում։

 

Մարկ Նշանյան

«ՉԻ»

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Եթե կարծում եք՝ տապոռը վերցնելու ենք, ընկնենք ՀՀԿ-ի հետևից, սխալվում եք’
Հաջորդ հոդվածը‘Վանաձորցիները քաղաքապետից պահանջում են ներողություն խնդրել’