Նեհամմեր․ «Պուտինը հավատում է հաղթանակին»

499

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը դարձել է եվրոպական միակ առաջնորդը, որը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինա ռազմական ներխուժումից հետո ։

Պուտինի հետ հանդիպումը կայացել է ապրիլի 11-ին, իսկ դրանից առաջ՝ ապրիլի 9-ին, Նեհամմերը Ուկրաինայում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ, ինչպես նաև այցելել է Բուչա։

Կիև և Մոսկվա կատարած այցերի շնորհիվ Նեհամմերը հայտնվել է թերթերի առաջին էջերում, բայց նաև խիստ քննադատության է ենթարկվել մի շարք վերլուծաբանների կողմից։ Կանցլերն ինքը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ իր համար կարևոր էր խոսել թե՛ Զելենսկու և թե՛ Պուտինի հետ։

Իսկ կիրակի օրը ամերիկյան NBC հեռուստաալիքին  տված հարցազրույցում Նեհամմերն իր կարծիքն է հայտնել Պուտինի կողմից միջուկային զենք կիրառելու և պատերազմի արդյունքների մասին։

«Ես չգիտեմ՝ նա իսկապե՞ս կկիրառի այդ զենքը, թե՞ ոչ, բայց նա գիտի, որ դրանով կարող է սպառնալ աշխարհին»,- ասել է կանցլերը։

Այն հարցին, թե ինչ է կարծում Պուտինը՝ կհաղթի՞, թե՞ կպարտվի այս պատերազմում, Նեհամմերը պատասխանել է․ «Ոչ, կարծում եմ՝ նա հավատում է, որ հաղթում է պատերազմում»։

Ավելի վաղ Նեհամմերը պատմել է, որ Պուտինի հետ բանակցությունները տևել են մոտավորապես 75 րոպե և եղել են բավական կոշտ, բաց և անմիջական։ Ավստրիայի կանցլերն ասել է, որ ուզում էր Ռուսաստանի նախագահին պատմել «պատերազմի սարսափների մասին՝ ուղիղ նայելով նրա աչքերին»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԻբրահիմովիչը կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտել կարիերան
Հաջորդ հոդվածըՄարիո Դրագի․ «Պուտինի հետ խոսելն անօգուտ է»