‘Նեմցովի սպանության կասկածյալներից մեկի ալիբին հաստատվել է’

1231

Մոսկվայի կենտրոնում գիշերային ակումբներից մեկի տեսախցիկի կադրերը, որ հրապարակել է LifeNews-ը, հաստատում են Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող Թամերլան Էսկերխանովի ալիբին: Ավելի վաղ դատարանում Էսկերխանովն ինքն էլ հայտարարել էր, որ Բորիս Նեմցովի սպանության գիշերն ինքը եղել է աշխատավայրում, և իր գործընկերները կարող են հաստատել դա:

«Դյուրան» հաստատության աշխատողները հաստատել են, որ այդ գիշեր նա եղել է աշխատավայրում: Ընդ որում՝ աշխատավայրն ամենևին էլ գիշերային ակումբը չէ, Էսկերխանովը այդ հաստատության՝ Ռոման անունով վիփ-հաճախորդի մասնավոր թիկնապահն է:

Տեսագրության մեջ երևում է, թե մորուքավոր տղամարդն ինչպես է անցնում սրահով՝ բարևելով մարդկանց, ոմանց ձեռքը սեղմելով: Ակնհայտ  զգացվում է, որ նա առաջին անգամ չէ այդտեղ: Ակումբի կառավարիչը նույնպես հաստատել է, որ  Թամերլանին  շատ անգամներ է տեսել իրենց հաստատությունում:

Տեսախցիկն արձանագրել է, որ ժամը 23.26-ին Էսկերխանովը ակումբի սրահում է: Նեմցովի սպանությունը կատարվել է դրանից 5 րոպե անց, և այդքան ժամանակում գիշերային այդ հաստատությունից հնարավոր չէր հասնել Մեծ Մոսկվորեցկյան կամուրջ:

Ալիբին հաստատվելուց հետո Էսկերխանովը բողոքարկել է իր կալանավորումը:

 

Նախորդ հոդվածը‘Խոդորկովսկու մամլո քարտուղարին սգո ծաղկեպսակ են ուղարկել’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը դուրս է գալիս Սովորական սպառազինությունների մասին պայմանագրից’