‘Նեյմարը կարծում է, որ Սալահը կարող է դառնալ ԱԱ-2018-ի գլխավոր աստղերից’

2006

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կարծիք է հայտնել, թե ովքեր են լինելու Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության գլխավոր աստղերը: 26-ամյա բրազիլացին չի նշել իր, Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիի անունները:

«Աշխարհի առաջնությունում կլինեն մի շարք լավ խաղացողներ՝ լավագույններն աշխարհում: Կարծում եմ՝ Կոուտինյոն ու Գաբրիել Ժեզուսը կարող են «կրակել»: Հույս ունեմ, որ նրանք կունենան կարեւոր դերակատարում: Մոհամեդ Սալահն ամենաուժեղ հավաքականից չէ, սակայն նա կարող է ազդել արդյունքի վրա: Կան նաեւ այլ խաղացողներ: Օրինակ՝ Դե Բրույնեն ու Ազարը, ինչպես նաեւ Լուիս Սուարեսը խաղում են բարձր մակարդակով»,- Նեյմարի խոսքը մեջբերում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

Նախորդ հոդվածը‘Նադալը 14-րդ անգամ անընդմեջ դուրս է եկել Մոնտե Կառլոյի մրցաշարի 1/4 եզրափակիչ’
Հաջորդ հոդվածը‘Շվեդիայի հավաքականի դարպասապահը չի ցանկանում Զլատանին թիմում տեսնել’