‘Ներկայացվեցին կրոնական հանդուրժողականության մասին հետազոտության արդյունքները(տեսանյութ)’

1450

 «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամն ավարտեց Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Կրոնական հանդուրժողականության խրախուսումը Հայաստանում» ծրագիրը։

Ծրագրի շրջանակներում իրականացվեց «Հանդուրժողականությունը Հայաստանում այսօր. Կրոնական հանդուրժողականության հեռանկարները» վերնագրով խորքային հետազոտություն, որի նպատակն էր բացահայտել տարբեր կրոնական խմբերի վերաբերյալ հայ հասարակությունում առկա կարծրատիպերը և ընկալումները: Ծրագրի մանրամասները ներկայացրեց «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի Հանրային կապերի պատասխանատու Իզաբելլա Սարգսյանը:

«Երևանի մամուլի ակումբի» ղեկավար Բորիս Նավասարդյանն իր ելույթում, մասնավորապես, հավելեց, որ կրոնական թեման Հայաստանում քաղաքականացվում է, հիմնականում լրատվամիջոցներում նշվում է, թե կրոնական կազմակերպությունները վտանգում են մեր ինքնությունը, մեր շահը:

Նկատենք, որ «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» թեմայով հետազոտությունը բաղկացած է երեք մասից, և կոնկրետ Երևանի մամուլի ակումբը զբաղվել է լրատվամիջոցների մոնիտորինգով և ուսումնասիրել 300 օրվա 1028 հրապարակումներ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հրապարակումների մոտ 10 տոկոսը պարունակել է կարծրատիպեր ու զուրկ է եղել տոլերանտությունից:

Բորիս Նավասարդյանի խոսքով՝  առանձնացված մնացած հրապարակումներն ունեցել են զուտ տեղեկատվական բնույթ և չեն պարունակում սեփական գնահատականներ:

Երևանում, Գեղարքունիքի, Շիրակի ու Լոռու մարզերում կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, ըստ հարցվածների՝ անհանդուրժողականության պատճառներն են.

  1. Պատմական-մշակութային հիմքերը
  2. Քաղաքական գործոնը
  3. Սոցիալ-տնտեսական գործոնը
  4. Հասարակական կարծիքի ու համայնքի դերը
  5. Բազմամշակութային շփման ու համակեցության փորձի աղքատությունը
  6. Ազատ քմմադատական մտածողության պակասը
  7. Ցածր իրազեկությունը, միֆերը, կարծրատիպերը:

Հետազոտությունների արդյուքնում առանձնացվել է մի քանի դիտարկում, ըստ որոնց՝ որոշ քաղաքացիական ազատություններ համարվում են «Արևմուտքից» կամ «Եվրոպայից» պարտադրված մի բան, որին պետք է հակադրվել, ու որից պետք է ամեն գնով խուսափել:

Իզաբելլա Սարգսյանի դիտարկմամբ՝ կարծրատիպերից է նաև այն, թե հանդուրժողականությունը վայել չէ Հայաստանին:

Ըստ հետազոտության՝ ուշագրավ  է, որ հայ հասարակության շրջանում  կա բավականին հանդուրժողական մոտեցում աթեիստների նկատմամբ, ասվում է, որ «այդ տեսակետը գոյության իրավունք ունի»:

Նախորդ հոդվածը‘Սոֆիայում «Սուրճ՝ խորհրդարանի մոտ» անվանմամբ հակակառավարական ցույց է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլը» բարկացել է Սուարեսի վրա’