‘Ներում խնդրելու ժամանակը. Մամուլ’

1297

«Հրապարակի» խմբագրականում կարդում ենք. «Ժողովուրդն ասում է՝ քաղցր խոսքով օձն էլ բնից կհանես: Նաև խոսք կա, որ յոթ փութ մեղրով չի ուտվի: Մեր ժողովուրդը խոսքի կարոտ է. տեղ կա՝ քաղցր խոսքի, տեղ կա՝ խոսքով խաբվելու, տեղ էլ կա՝ խիստ խոսքի: Խոսքը շատ բան է շտկում, ինչպես և շատ բան կարող է փչացնել:

Այս օրերին, երբ մարդիկ վրդովված են Սյունիքի մարզում կատարված դեպքերի առիթով և ակնկալում են, որ «բարձր իշխանությունը» կասի իր խոսքը՝ կդատապարտի և կմեղադրի իր թիմի անդամին՝ կատարվածի համար, իշխանությունը համառորեն լռում է: Ի՞նչն է խանգարում Հանրապետականին, Սերժ Սարգսյանին ու վարչապետին խոսել այս մասին, ասել այն, ինչ ուզում է լսել հասարակությունը: Չէ՞ որ հրեշավոր արարք է կատարվել, ողբերգություն, և երբ մեղավորը շարունակում է ազատ շրջել ու անգամ պաշտոնաթող չի արվում, կնշանակի մեզանում չեն գործում ոչ միայն օրենքները, այլև բարոյականության նորմերը:

Վերջիվերջո՝ կատարվածի հանգամանքները քիչ թե շատ պարզ են, և Սուրիկ Խաչատրյանը պատասխանատու է այն սպանության համար, որը կատարվել է նրա ղեկավարած մարզում, նրա տան բակում, և որին մասնակից է իր որդին: Եվ այս անձը պետք է պատժվի՝ անգամ դեռ քննությունը չավարտված, դատավճիռը չհրապարակված: Սա է հասարակական պահանջը: Բայց եթե այս ոհմակային կեցվածքը՝ թիմակցին ատամներով պաշտպանելու, քանզի հաջորդը կարող է ինքը լինել, կենդանական աշխարհի կանոններով կարելի է բացատրել, ապա խոսքի պակասը, որը կլիցքաթափի մթնոլորտը և պետական ինստիտուտների աշխատանքի իմիտացիա կստեղծի, ոչնչով բացատրելի չէ: Մարդիկ խոսքի կարիք ունեն՝ հասկանո՞ւմ եք: Դիմեք մարդկանց, բացատրեք իրավիճակը, խոստացեք, որ մեղավորները կպատժվեն, որ անգամ ձեզ ձայներ բերող Լիսկան անպատժելի չի մնա: Ներողություն խնդրեք նրա փոխարեն»:

Նախորդ հոդվածը‘Հարամ փող է՝ քթներիցդ գալու է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Երեկ պայթեց Սերժ Սարգսյանի հերթական PR փուչիկը. Մամուլ’