‘Նիգերիացի գրոհայինները ֆրանսիացիներից պահանջում են դուրս գալ Մալիից’

778

Ֆրանսիացիների յոթ հոգանոց ընտանիքին պատանդ պահող գրոհայինները Ինտերնետում մի տեսագրություն են տեղադրել, որում ներկայացնում են պատանդներին ազատ արձակելու իրենց պայմանները, հաղորդում է France24-ը: Տեսաերիզում զինված մարդու թիկունքում նստած է յոթ հոգի՝ երկու տղամարդ, մի կին և չորս երեխա: Տղամարդկանցից մեկը ձեռքում պահած թղթից կարդում է տեքստը՝ թե իրենց պատանդ է վերցրել իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորումը: Այնուհետև արաբերեն խոսում է գրահայիններից մեկը. «Ես դիմում եմ Ֆրանսիայի նախագահին: «Բոկո Հարամը» պատանդ է վերցրել ձեր մարդկանց: Ֆրանսիայի նախագահը պատերազմ է հայտարարել իսլամին, մենք էլ իրեն ենք պատերազմ հայտարարում» ( նկատի ունի ֆրանսիական բանակի ռազմական գործողությունները՝ Մալիի հյուսիսային շրջաններն իսլամիստ գրոհայիններից ազատագրելու նպատակով):   Բացի Մալիից զորքերը դուրս բերելու պահանջից՝ իսլամիստը դիմում է նաև Նիգերիայի նախագահին՝ նրան հիշեցնելով, որ այդ երկրի բանտերում կան «Բոկո Հարամի» ներկայացուցիչներ: «Բաց թողեք նրանց, թե չէ մենք ստիպված կլինենք պատասխանել: Եթե մեր բոլոր պահանջները չկատարվեն, մենք կսպանենք պատանդներին»,- սպառնում է ահաբեկիչը: Նախկինում իսլամիստները Հյուսիսային Նիգերիայում հարձակումներ էին գործել եկեղեցու, վարչական շենքի և անվտանգության ուժերի վրա, սակայն երբեք պատանդ չէին վերցրել, հաղորդում է newsru.com-ը:

Ըստ Росбалт-ի հաղորդման՝ Ֆրանսիայի իշխանությունները մտադիր չեն բանակցել «Բոկո Հարամ» արմատական  իսլամիստական խմբավորման  հետ:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը կոչ է անում մարտի 1-ին միանգամից հավաքվել Մյասնիկյանի հրապարակում ‘
Հաջորդ հոդվածը‘Ճանաչում՝ Ղարաբաղի դիմաց. Բարտերն ուժի մեջ է ‘