‘Նիկոլայ Բորդյուժան լուրջ նշանակություն չի տալիս Ադրբեջանի հայտարարություններին’

1004

Ադրբեջանի օդային տարածքում հայտնվող քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու մասին այդ երկրի հայտարարություններին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան լուրջ նշանակություն չի տալիս: «Արմենպրեսի» հաղորդմամբ` հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը Բորդյուժան նշեց, որ Ադրբեջանին ընդունում է իբրև քաղաքակիրթ պետություն: «Պատմության մեջ քաղաքացիական օդանավերին հարվածելու օրինակներ մենք հիշում ենք, սակայն նաև միջազգային հանրության արձագանքն ենք հիշում: Չեմ կարծում, թե որևէ պետություն այսօր իրեն թույլ կտա նման քայլի գնալ, ուստի լուրջ չեմ ընդունում այդ տեղեկությունը»,- ասաց նա: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այդ տեղեկությանը մեկ գնահատական ունի. դա կամ մտքի անհաջող մեկնաբանում է, կամ անհաջող կատակ:

Հիշեցնենք, որ Բորդյուժան այցով գտնվում է Հայաստանում:  Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին է ընդունել Սերժ Սարգսյանը:

Բորդյուժան նախ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում Սարգսյանին Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքների և ծրագրերի մասին: Զրուցակիցները քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախորդ հոդվածը‘Դիդյե Դրոգբա. Ստամբուլում ինձ արկածներ են սպասում’
Հաջորդ հոդվածը‘Մեքսիկայում հայտնաբերված 12 դին կարող են պատկանել հայտնի երաժշտական խմբի անդամներին ‘