Նիկոլի «տեսլականը» չոլից և ինտելիգենցիան. ՉԻ

349

Գավառական, վա՛յ, կներեք, բուհական ինտելիգենցիան գառան հնազանդությամբ լսում և դիտում է «ակադեմիական քաղաքի» մասին վարչապետական «տեսլականը»։

Ուրեմն Նիկոլ Փաշինյանը, կանգնած բառիս բուն իմաստով չոլում, շաբաթ օրը պնդում էր, որ այդտե՛ղ է լինելու «ակադեմիական քաղաքը»։ 

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը Երևանի բուհերը համարում է զրոյացված կամ զրոյական կետ, չոլ, և ի՛ր, այո՛, ի՛ր ակադեմիան է կառուցելու։ Հարց՝ կհասցնի՞։ Պատասխան՝ չգիտենք։ Բայց Երևանի բուհերն ավերելու անշեղ գործընթացն սկսել և ավարտելու է, քանի որ դրան խանգարող չկա։

Ուսանողական ընդվզման հույս չունենաք․ նրանց պետքն էլ չէ։ Նրանք իրականում մեղավոր չեն։ Սակայն գավառական, վա՛յ, կներեք, բուհական ինտելիգենցիան կարող էր այսպես հրեշավոր չլռել։

Թեպետ զարմանալի ոչինչ չկա։

Այս ինտելիգենցիան, չնչին բացառություններով, անկախ Հայաստանի պայմաններում հազվադեպ է ընդվզել։ Այս ինտելիգենցիան շատ լավ համակերպվել գիտի։ Օրինակ՝ լավ համակերպվել էր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանություններին։ Չէր համակերպվել Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը, որովհետև, գիտեք երևի, «ցուրտ ու մութ» էր։ Իրականում այս ինտելիգենցիան համակերպվում է ցանկացած կիսագրագետի իշխանության, բայց չի կարողանում մարսել իսկական մտավորականին։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է։ Երևանյան բուհերը չոլ են, և ինքը լիարժեք իրավունք ունի ի՛ր չոլում «ակադեմիական քաղաք» նախագծելու։

Երևանյան կենտրոնի շենքերը, ինչպես հասկանում եք, ծախելու հրաշալի ապրանք են։ Հո դժգույն դասախոսներին և նրանց ուսանողներին չե՞ն ծառայելու։

Զարուհի Գաբրիելյան

Հ․Գ․ Իսկ դուք ասում եք՝ մտավորականություն։ Այսպիսի մտավորականությունն է ծնել այսօրվա քաղաքական էլիտային։ Այսպիսի մտավորականությունն է նպաստել ոչմիթիզական մտագարությանը։ Այսպիսի մտավորականությունն է հիմա հարմարվում նիկոլական բարքերին։ Հետո կհարմարվի նոր տերերին՝ ռուս կամ թուրք․ ի՞նչ տարբերություն։

4rd.am

Նախորդ հոդվածըԵվս երկու թեկնածուներ կպայքարեն նախագահի պաշտոնի համար
Հաջորդ հոդվածըՀայ եմ ես, հայ ես դու․․․ (ԱլիքՄեդիա)