‘Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԿ ակտիվիստների դատավճռի մասին. Հերթական խայտառակ քաղաքական դատավճիռը’

1312

«Ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանում թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք կոպտագույն խախտումներ, դատարանը մերժել է պաշտպանական կողմի բոլոր ութ միջնորդությունները և ի պատասխան այդ ապօրինության դեմ բողոքի՝ ամբաստանյալներին հեռացրել է դատարանի դահլիճից»:  Այսօր Ազգային ժողովում, հայտարարությունների ժամին ելույթի ժամանակ անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստների դատավճռին՝ նման կարծիք հայտնեց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա այսօրվա դատական ակտը որակեց «հերթական խայտառակ քաղաքական դատավճիռ»:

«Դատարանն այդ քայլին գնացել է ստիպված՝ խուսափելու համար այն փաստերի քննությունից, որոնք ակնհայտ կդարձնեին, որ առաջին ատյանի դատարանի վճիռը անհիմն է, ապօրինի և ունի քաղաքական ենթատեքստ: Այս դատավճիռը հենց այսօրվա խորհրդարանական քննարկումների ֆոնին, ըստ էության, շատ սիմվոլիկ է, որովհետև խորհրդարանի դահլիճում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ քննարկում են, թե ինչո՞ւ, ի՞նչ պատճառներով ՀՀ-ն 21-րդ դարի երկրորդ տասնամյակում կանգնած է ահա այսպիսի իրավիճակի առաջ»,- հայտարարեց Փաշինյանը:

Ըստ նրա՝ Հայաստանն այսօր այս վիճակում է, որովհետև սկսած 2008 թվականից՝ ապօրինի դատական համակարգը, իշխանությունն ամբողջությամբ պետական ռեսուրսները կիրառում է իշխանությունը պահելու եզակի նպատակի վրա:

«Եվ այսօր դեռևս 2008 թվականի Մարտի 1-ի հետևանքները չհաղթահարած դատական համակարգը, փոխանակ բացահայտելու Մարտի 1-ի մեղավորներին, փոխանակ մարդասպաններին դատարանի առաջ կանգնեցնելու, նորից սկսել է մի նոր գործընթաց, որի արդյունքում արդեն Հայաստանի Հանրապետությունը կրկին, ընդամենը մի քանի ամիս ընդհատումով, կրկին ունի քաղբանտարկյալներ: Սա նշանակում է, որ Հայաստանն ունենալու է քաղբանտարկյալներ և ունի, սա նշանակում է, որ թեև իշխանավորները երկար ժամանակ պնդում էին՝ այդպես էլ 2008 թվականի Մարտի 1-ից դասեր չեն քաղել»,- եզրափակեց պատգամավորը:

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ կապ ունի Ս.Սարգսյանը հայ-ֆրանսիական «բացառիկ» հարաբերությունների հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Վանո Սիրադեղյան. Եթե ինձ բոլորը սիրեին, ես չէի համապատասխանի իմ պաշտոնին’