‘Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Հարությունյանը բանավիճեցին (տեսանյութ)’

1575

ԱԺ էթիկայի հանձնաժողովի` 2012 թ. դեկտեմբերի 7-ի նիստը, որտեղ քննարկվում էր ԱԺ արտահերթ նիստը բոյկոտած և չմասնակցած 83 պատգամավորի հարցը, անցել էր միջադեպով. արդյունքում էթիկայի հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը լքել էր նիստը` այն համարելով ապօրինի: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում բանավիճել են ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը և էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Եթե մարդը չի վախենում, նա չի ասում՝ ես ձեզ զրկում եմ ձայնի իրավունքից. Նշեց ԱԺ «ՀՀԿ» խմբակցությունից, էթիկայի հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը: Ի պատասխան՝ ԱԺ «ՀԱԿ» խմբակցությունից, էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր հետ բերել է ԱԺ կանոնակարգ օրենքը և այլ օրենսգրքեր, և խնդրեց Դավիթ Հարությունյանին հեռուստադիտողի առաջ օրենքի կետերով հիմնավորել էթիկայի հանձնաժողովի հայտնի նիստն ապօրինի կոչելու և իր [Փաշինյանի] խոսքն ապօրինի համարելու մասին իր [Հարությունյանի] հայտարարությունը:

Հարությունյանն ասաց, որ դժվար է օրենքի տրամաբանության մասին խոսել ոչ իրավաբանի հետ, սակայն ինքը կարող է որպես իրավաբան նշել, որ Փաշինյանն իրեն ձայնի իրավունքից զրկելով՝ խախտել է մի քանի օրենք: Այնուամենայնիվ, Հարությունյանը ողջ հաղորդման ընթացքում որևէ կոնկրետ օրենքի հղում չարեց:

Քննարկելով հարցը, թե արդյոք էթիկայի հանձնաժողովի անդամը պիտի մասնակցի իր հարցի՝ էթիկայի հանձնաժողովում քննարկմանը՝  Փաշինյանը վստահեցրեց, որ նշված մարդը պիտի մասնակցի բոլոր հարցերի, այդ թվում և՝ իր հարցի քննարկմանը: «Տեսեք, 83 պատգամավորի վերաբերում է նույն դեպքը նույն հարցով: Ենթադրենք, գալիս է էթիկայի հանձնաժողով հարց, որ 83 պատգամավոր ծեծկռտուք են արել. հիմա 1-ն ասում է՝ իմ հարցը քննեք այն մյուս 82-ի գործից առանձին, ինչո՞ւ»,- ասաց Փաշինյանը:

«Առաջ կար այդպիսի պրակտիկա՝ խորհրդային ժամանակներում քննում էին տասնյակ մարդկանց գործը միասին ու կամ այս կողմ էր դատավճիռը, կամ այն կողմ՝ բոլորի համար: Իրավունքն այլ բան է ասում՝ անհատապես է պետք քննել յուրաքանչյուր մարդու գործ»,- հակադարձեց Հարությունյանը:

«Պարոն Հարությունյանը էլի խոսեց 37 թվի մասին, երբ խմբակային ջարդեր և բանտարկություններ էին, այս իշխանությունը համեմատեց այդ ժամանակների հետ»,- պատասխանեց Փաշինյանը:

«Այս ամենը ինձ ապացուցում է, որ եթե դուք ունենում եք մի փոքր իշխանություն, այնպես եք ուզուրպացնում դա, այնպես եք շահագործում ձեր դիրքը, որ ես հիմա ահով եմ մտածում, թե ինչ կլիներ, եթե դուք մի քիչ ավելի իշխանություն ունենայիք»,- ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով պատգամավոր Մհեր Սեդրակյանի ու լրագրող Մհեր Արշակյանի միջադեպին և պատգամավոր Միքայել Մելքումյանի շուրջ ծավալված աղմուկին՝ էթիկայի հանձնաժողովի երկու անդամներն էլ հրաժարվեցին մեկնաբանություններ անել, քանի որ Մհեր Արշակյանի դիմումն արդեն իսկ էթիկայի հանձնաժողովում է, և առաջիկայում քննվելու է, իսկ մյուս դեպքով ենթադրվում է, որ առաջիկայում կարող է լինել դիմում:

Աղբյուրը՝ civilnet.am

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսցիների 60 տոկոսը քվեարկել է նոր սահմանադրության օգտին ‘
Հաջորդ հոդվածը‘Արտաշես Գեղամյանի կյանքի որոշ հետաքրքիր դրվագները ‘