‘Նիկոլ Փաշինյան. ԱԳՆ մտահոգությունը պետք է լինի այն, որ այլ երկրներում Հայաստանը էկզոտիկ երկիր չհամարեն ‘

1269

Հայաստանի արտգործնախարարության մտագոհությունը պետք է լինի ոչ թե այն, որ Հայաստանի մամուլում կամ հասարակությունում որևէ մեկն այս կամ այն երկիրը էկզոտիկ չհամարի, այլ այն, որ այլ երկրների մամուլում Հայաստանի Հանրապետությունը էկզոտիկ երկիր չհամարեն: iLur.am-ի փոխանցմամբ, այսօր Ազգային ժողովում, դիմելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ այս մասին հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում անդրադառնալով իր վերջին շրջագայությունների հետ կապված քննադատություններին՝ Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ կոռեկտ չէ իր այցելած երկրներն «էկզոտիկ» անվանելը:

«Պետք է մատծել, թե արտերկրում ինչպես են գնահատում այն երկիրը, որի գործող դեսպանը Եվրոպայի առանցքային երկրներից մեկում հանդես է գալիս հայտարարությամբ՝ ասելով, թե այն երկրի իշխանությունը, որն ինքը ներկայացնում է, սպիտակ ցեղասպանություն է իրականցնում իր ժողովրդի նկատմամբ, և մաֆիան բռնագրավել է երկիրը»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ բյուջետային ուղերձում հայ-թուրքական հարաբերությունների մասին նշումը բացակայում է: Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՀՀ իշխանությունը ճանաչում է իր ձախողումը հայ-թուրքական հայտնի ֆուտբոլային դիվանագիտության ասպարեզում, և որ ՀՀ իշխանությունն ընդունում է, որ, ի վերջո, իրականացան բոլոր այն գնահատականները, թե հայ-թուրքական արձանագրությունները վիժեցնելու էին ցեղասպանության ճանաչումը, քանի որ ֆուտբոլային դիվանագիտությունից հետո միայն Շվեդիան է ճանաչել ցեղասպանությունը: Էդվարդ Նալբանդյանն այսպես արձագանքեց.

«Այլ երկրներին «էկզոտիկ» հայտարարելով՝ մենք փակում ենք բոլոր դռները՝ այդ երկրների հետ հարաբերություններ զարգացնելու: Չեմ կարծում, որ մարդիկ դպրոցական աշխարհագրության դասագրքերով պետք է իրենց իրավունք վերապահեն ու ասեն, թե ինչ պետք է անել արտաքին քաղաքականության ոլորտում»:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հարցին՝ Նալբանդյանը նշեց, որ դա պատմության մեջ առաջին անգամն էր, որ Հայաստանը Թուրքիայի հետ խոսում էր հավասարը հավասարի հետ սկզբունքով:

«Առաջին անգամ էր, որ Հայաստանն ամբողջ աշխարհից աջակցություն ստացավ: Չկա երկիր, որ աջակցություն չհայտնեց Հայաստանի ձեռնարկած քայլերին, որ, այո՛, Հայաստանը անցել է ճանապարհը, Թուրքիան պետք է անցի, գնդակը Թուրքիայի դաշտում է: Պետք է մի քիչ ավելի պատասխանատու հայտարարություններ անենք, մտածենք մեր երկրի շահերի մասին»,- ասաց Նալբանդյանը՝ Փաշինյանին մեղադրելով շահարկումներ անելու մեջ:

Փաշինյանը Նալբանդյանի պատասխանը «բոցաշունչ ճառ» որակեց ու հայտարարեց, որ ինքը ոչ թե շահաարկումներ է անում, այլ փաստերն է արձանագրում: Պատգամավորն իր հնչեցրած որոշ հարցերի վերաբերյալ կրկին պատասխան պահանջեց նախարարից: Նա, մասնավորապես, նշեց, որ սա իր հիշած առաջին ԱՄՆ նախագահական քարոզարշավն է, որի ընթացքում հայոց ցեղասպանության թեման չի քննարկվում, ինչին ի պատասխան՝ Նալբանդյանը նշեց, թե դա ԱՄՆ քաղաքացիներին է վերաբերում, ոչ թե Հայաստանի ԱԳՆ նախարարին:

Նախորդ հոդվածը‘Զգուշացեք` իշխանությունները մանիպուլացնում են ‘
Հաջորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյան. Առաջին անգամը չէ, որ Տեր-Պետրոսյանը լռության պաուզա է վերցնում ‘