‘Նիկոլ Փաշինյան. «Մենք թույլ ենք տվել երկու խոշոր սխալ, առաջինը երկխոսությունն էր»’

1774

Դեկտեմբերի 29-ին մենք արդեն անդրադարձել ենք Նիկոլ փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսում հնչեցրած «Ինչ վերաբերում է սխալներին, ես կարծում եմ, որ վերջին տարիներին Հայ Ազգային Կոնգրեսի գործունեության մեջ, այո՛, մենք թույլ են տվել 2 խոշոր սխալ: Առաջինը՝ երկխոսությունն էր իշխանությունների հետ…» մտքին։ 2011թ. հուլիս օգոստոս ամիսներն նրա 6 հոդվածներց արված ծաղկաքաղը ցույց է տալիս, որ նա երկխոսության շրջանում ընդհակառակը՝ եղել է դրա ամենաջերմ պաշտպանը, եթե չասենք՝ գաղափարախոսը։ Իսկ հետեւյալ հոդվածը հիանալի պատասխան է տալիս ինչպես այն ժամանակ, այնպես էլ հետո այդ առիթով ծագած բոլոր հարցերն ու մեղադրանքներին`հիմնավորելով քայլի արդյունավետությունն ու ճշգրտությունը։ Որպես այդպիսն էլ այն կրկին ներկայացնում ենք ընթերցողին։

Ինչո՞ւ հանկարծ Ն. Փաշինյանին պետք եղավ մեկուկես տարի անց «մահացու սխալներ» գտնել Կոնգրեսի գործունեության մեջ։ Այստեղ դրա վրա չենք ծանրանա։ Բայց քանի որ նա բոլորովին նոր տեսակետ ունի երկխոսության խնդրի հետ կապված,  ապա պարտավոր է մեկ առ մեկ հերքել սույն հոդվածում իր իսկ կողմից հիմնավորած մեկ տասնյակից ավելի թեզերն ու դրույթները։ Ոմանց կողմից արդեն տված «հետո ինչ՝ նոր հասկացավ, որ սխալ է եղել» արդարացում-մեկնաբանությունը խնդրում ենք չկրկնել, քանզի այն վիրավորական, սպանիչ է քաղաքական գործչի դեպքում։

 

 

REALPOLITIK ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի

 

Ինչպե՞ս պատահեց, որ քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին, ինչպե՞ս պատահեց, որ իշխանությունները բացեցին Ազատության հրապարակը, ինչպե՞ս պատահեց, որ Մարտի 1-ի էջը փակված լինելու մասին բազմաթիվ հայտարարություններ արած վարչախումբը պաշտոնապես ընդունեց, որ մարտի 1-ի էջը փակված չէ: Այս եւ այսօրինակ հարցեր հաճախ են հնչում, ու քանի որ շարունակում են հնչել, նշանակում է` պատասխանի կարիք ունեն:

Մինչ պատասխանս ձեւակերպելը պիտի նկատեմ, որ շատերը դա համարում են բարդագույն խնդիր եւ որպես լուծում առաջարկում դժվարամարս հանգույցներ: Պատասխանն, իրականում, հանրամատչելի է եւ գտնվում է յուրաքանչյուրիս աչքի առաջ: Մյուս կողմից, սակայն, տվյալ հարցը փակված չես համարի մեկ պատասխանով: Սա էլ չի նշանակում, թե խնդիրը չունի կոնկրետ եւ ճշգրիտ պատասխան:

Ոչ ամենեւին: Պարզապես կա հիմնական պատասխան եւ կան հավելյալ կամ երկրորդական պատասխաններ: Մեր խնդիրն, ահա, հիմնական պատասխանը գտնելն է:

երեք հանրահավաք
Իշխանությունները լուրջ ռեսուրսներ ծախսեցին 2011 թվականի հունվարի 20-ին ԱԼՄ-ի փակման կապակցությամբ մեծ հանրահավաք կազմակերպելու ուղղությամբ: Այդ խնդիրը ինչ-որ չափով լուծվեց, հանրահավաքը բազմամարդ էր, եւ նրա ավարտից հետո սկսվեց Հայ ազգային կոնգրեսի դեմ հարձակման հրետանային նախապատրաստությունը: Վերլուծագանգերը միաբերան պնդում էին, թե Հայ ազգային կոնգրեսի դարաշրջանն ավարտվեց, որ ահա, եկել է նոր ընդդիմությունն ի դեմս փակված ԱԼՄ-ի, որը եթե ոչ հիմա, ժամանակի ընթացքում ընդդիմադիր դաշտից դուրս կմղի Կոնգրեսին: Իշխանական եւ մերձիշխանական դաշտում էյֆորիկ տրամադրությունները ծավալվում էին, որովհետեւ թվում էր, թե նրանք գտել են Հայ ազգային կոնգրեսին դաշտից հեռացնելու պարզ լուծում:

Իշխանական ճամբարում տիրող ցնծությունը, սակայն, տեւեց ընդամենը 18 օր, երբ փետրվարի 18-ին տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը: Այն իր չափերով կրկնակի գերազանցեց ԱԼՄ-ի հանրահավաքին, որը մարդաշատ դարձնելու համար իշխանությունները լուրջ ջանքեր էին գործադրել: Իսկ Կոնգրեսի հանրահավաքը տեղի ունեցավ իշխանության տոտալ հակազդեցության պայմաններում:

Կոնգրեսի հաջորդ` մարտի 1-ի հանրահավաքը ավելի մարդաշատ էր, քան նախորդը եւ դարձավ ամենամարդաշատ հանրահավաքը 2008 թվականից ի վեր: Հայ ազգային կոնգրեսի հաջորդ` մարտի 17-ի հանրահավաքը ավելի մարդաշատ էր, քան նախորդը, բայց սրա տակ ական էր հայտնվել` ի դեմս հրապարակային ծոմապահության: Հունվարի 20-ի սցենարը մինչ այդ բացահայտել էր իր սնանկությունը, եւ ծոմապահության տեսքով փորձ էր արվում իրագործել նոր սցենար` Կոնգրեսի քաղաքական սնանկացման նպատակով: Ժամանակ էր պետք հասկանալու համար, թե արդյոք այդ սցենարը արդյունավե՞տ է: Հաջորդ` ապրիլի 8-ի հանրահավաքը, սակայն, հօդս ցնդեցրեց Կոնգրեսի գործոնը չեզոքացնելու` իշխանական ծրագրերը, եւ իշխանությունը չէր կարող չհասկանալ, որ այս իմաստով իրավիճակը դուրս է եկել իր վերահսկողությունից:

Այստեղ էր, ահա, որ Հայ ազգային կոնգրեսը, ի դեմս առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, պահի նրբությունը զգալով, իր ձեռքը վերցրեց հետագա զարգացումների նախաձեռնությունը: Նա իշխանության առաջ երեք պայման դրեց` մինչեւ ապրիլի 28-ը ազատ արձակել քաղբանտարկյալներին, Ազատության հրապարակը բացել ընդդիմության համար, հանդես գալ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացմամբ: Ապրիլի 8-ի իր ելույթում Տեր-Պետրոսյանը հստակ ընդգծեց, որ եթե մինչեւ ապրիլի 28-ը իշխանությունները ընդդիմության այս երեք նվազագույն պահանջները չկատարեն, Հայ ազգային կոնգրեսը գնալու է ջրբաժանի:
Ապրիլի 8-ի հանրահավաքի մասնակիցների թիվը որեւէ կասկած չէր թողնում, որ Կոնգրեսը ջրբաժանի գնալու անառարկելի ռեսուրս ունի, եւ իշխանությունը այդ օրվանից կանգնեց կոնկրետ ընտրության առջեւ: Սերժ Սարգսյանը ինքն իրեն պետք է պատասխաներ. պատրա՞ստ է ներքաղաքական սրացումների, թե՞ ոչ: Այդ հարցի պատասխանը չուշացավ նույնիսկ հանրության համար. ապրիլի 28-ի նախաշեմին Սերժ Սարգսյանն արդեն հանդես էր եկել մարտի 1-ի սպանությունների քննությունն ակտիվացնելու պաշտոնական հավաստիացմամբ, Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն էր ընդունել ապրիլի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին Կոնգրեսի իրազեկումը, Սերժ Սարգսյանը, ըստ էության, հավաստիացրել էր, որ մայիս ամսվա ընթացքում ազատ կարձակի քաղբանտարկյալներին:

ինչու՞ նահանջեց Սերժը

Առաջ անցնելով կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը հիմնավորապես կատարեց ընդդիմության բոլոր պահանջները: Հարցը, սակայն, այսօր էլ շարունակում է հնչել. ինչո՞ւ: Սա, ի դեպ, ոչ միայն բազմաթիվ հայաստանցիների է հետաքրքրում, այլեւ ռուս, ամերիկացի եւ եվրոպացի դիվանագետների:

Հայաստանում գործող եւ Հայաստանով զբաղվող ամերիկացի դիվանագետները կիսախուճապահար փորձում են ապացույցներ գտնել, որ այս ամենում խառն է Ռուսաստանի մատը: Ամերիկացիներն անհանգստացած են այն մտքից, որ Հայաստանում ինչ-որ բան է կատարվում, որից իրենք բավարար չափով տեղյակ չեն: Եւ իրենց անտեղյակության պատճառն այն է, որ գործընթացն առաջ է տանում Ռուսաստանը:

Նույն կերպ եւ Հայաստանում գործող եւ Հայաստանով զբաղվող ռուս դիվանագետները կիսախուճապահար փորձում են ապացույցներ գտնել, որ այս ամենում խառն է ԱՄՆ-ի մատը: Ռուսներն էլ անհանգստացած են այն մտքից, որ Հայաստանում ինչ-որ բան է կատարվում, որից իրենք բավարար չափով տեղյակ չեն: Ռուսների կարծիքով էլ` իրենց անտեղյակությունն ապացույցն է այն բանի, որ գործընթացը ղեկավարում են ամերիկացիները:

Նույնը վերաբերվում է նաեւ եվրոպացի դիվանագետներին: Նրանցից մեկի հարցազրույցի տեսաձայնագրությանն եմ ականատես եղել, որտեղ նրան հարցնում էին Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող պրոցեսների մասին, եւ նա այս հարցին ի պատասխան չի կարողանում թաքցնել շփոթմունքը, չի կարողանում թաքցնել, որ բացարձակապես գաղափար չունի, թե ինչ է կատարվում: Ինչո՞ւ իրենց` եվրոպացիների բազմամյա ջանքերը այս հարցերում ցանկալի արդյունքներ չտվեցին, եւ այդ ի՞նչն է հիմա, որ տալիս է ցանկալի արդյունքներ:

Պատասխանը միանշանակ է, եւ այդ պատասխանի անունն է realpolitik: Սերժ Սարգսյանը հաշվարկեց, որ Հայ ազգային կոնգրեսը կարո՛ղ է գնալ ջրբաժանի, դրա համար ունի բավարար ռեսուրս եւ մի բան էլ ավելի, իսկ ինքը, այսինքն` իշխանությունը, չունի այդ ջրբաժանին դիմակայելու բավարար հնարավորություն: Սերժ Սարգսյանը հաշվարկեց, որ ջրբաժանը մեծ ռիսկեր է պարունակում իր եւ իր իշխանության համար, եւ հարկավոր էր Կոնգրեսին դրանից հետ պահելուն ուղղված կոնկրետ գործողություններ անել` բավարարել նրա պահանջները: Եւ նա արեց դա: Ահա սա է Սերժ Սարգսյանի քայլերի բացատրությունը: Բացառապես սա, միմիայն սա: Եթե որեւէ մեկը որեւէ այլ բան է մտածում, ուրեմն պետք է փոխի իրադարձությունները գնահատելու եւ հասկանալու իր մեթոդաբանությունը: Սա իմ անկեղծ խորհուրդն է: Կօգտվեն` կօգտվեն: Չեն օգտվի` դրանից չեմ նեղանա:

ինչու չգրոհեց Կոնգրեսը

Եթե հիշում եք, 2011թ. ապրիլի 28-ին քաղբանտարկյալներն ազատ չէին արձակված, չնայած Սերժ Սարգսյանն արդեն ակնարկել էր, թե մայիսին հնարավոր է ազատ արձակվեն: Շատ կարեւոր է տալ նաեւ հետեւյալ հարցի պատասխանը. ինչո՞ւ Սերժ Սարգսյանը մինչեւ ապրիլի 28-ը ազատ չարձակեց քաղբանտարկյալներին: Այս հարցի պատասխանն էլ պրիմիտիվ է. նա մտավախություն ուներ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կխաբի իրեն եւ քաղբանտարկյալներին ազատելուն պես կփորձի իրականացնել իր վարչախմբի կազմաքանդումը. գրոհով, միանգամից: Լեւոն Տեր-Պետրոսյանը հասկացավ Սերժ Սարգսյանի այս մտավախությունը եւ արդեն ապրիլի 28-ի հանրահավաքում հստակ ցույց տվեց, որ իրենից կախված առավելագույնն անելու է ներքաղաքական խնդիրները երկխոսության ճանապարհով լուծելու համար:

Այս նուրբ, Կոնգրեսի համակիրների որոշակի դժգոհությունը առաջացրած քայլն է, որ բացեց քաղբանտարկյալների ազատ արձակման ճանապարհը: Հիմա` շատ ավելի կարեւոր է պատասխանել հետեւյալ հարցին. ինչու՞, այնուամենայնիվ, Լեւոն Տեր-Պետրոսյանը ապրիլին չգնաց ջրբաժանի` հստակ ունենալով դրա համար անհրաժեշտ ռեսուրս եւ ֆորմալ պատճառ (ապրիլի 28-ին քաղբանտարկյալները ազատ արձակված չէին): Սրա պատասխանն էլ չափազանց պարզ է, նույնիսկ պրիմիտիվ: Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը տեսավ, որ վերջին երեք տարիներին առաջին անգամ ստեղծվել է իրական շանս` հանրահավաքի բազմամարդությունը կոնկրետ քաղաքական արդյունքի վերածելու համար, մի այնպիսի արդյունքի, որն օգտակար է ոչ միայն ընդդիմության, այլեւ Հայաստանի Հանրապետության համար` ընդհանրապես: Էլի գործ ունենք realpolitik-ի հետ:

Կարո՞ղ էր Տեր-Պետրոսյանը այդ իրավիճակում գնալ ջրբաժանի: Իհարկե, կարող էր: Բայց ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ ապրիլին մեկնարկած ջրբաժանը կտա կոնկրետ արդյունքներ: Որքան էլ վախվորած լիներ վարչախումբը, ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ Ղարաբաղի հարցում ընթացող ակտիվ դիվանագիտության այս շրջանում միջազգային հանրությունը` ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ հանդիսացող գերտերությունների, ատամներով չէր պահի Սերժ Սարգսյանի իշխանությունը:

Ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ եռամյա չարչարանքի արդյունքում ձեռք բերված հանրահավաքային բազմամարդությունը կունենար աճի եւ ոչ թե նվազման միտում: Ըստ այդմ, տվյալ պահին ունեցածը պետք էր վերածել կոնկրետ քաղաքական արդյունքի, եւ Տեր-Պետրոսյանը վերջին երեք տարիներին աննախադեպ հանրահավաքային բազմամարդությունը վերածեց կոնկրետ քաղաքական արդյունքի` ընդդիմության երեք պահանջների` մեծ հաշվով բոլորի համար անսպասելի բավարարման տեսքով:
Սա պայքարի «Համաժողովրդական շարժում» մոդելի իրացման փայլուն նմուշ է: Քաղաքացին գալիս է հանրահավաքի` դա քաղաքացու անելիքն է: Իսկ նրա ներկայությունը հանրահավաքին կոնկրետ քաղաքական արդյունքի վերածելն արդեն քաղաքական լիդերի, քաղաքական առաջնորդ հանդիսացող ուժի անելիքն է: Եթե նա կարողանում է դա անել, շարունակում է գոյատեւել որպես քաղաքական լիդեր, որպես քաղաքական ուժ: Եթե չի կարողանում անել, նա վերածվում է անցյալի:

ինչո՞ւ երկխոսություն

Եւս մեկ կարեւոր շեշտադրում: Հայ ազգային կոնգրեսի, նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործողությունների` այս հոդվածում արվող մեկնաբանությունները ոչ թե հակադրվում են առաջին նախագահի, Կոնգրեսի մյուս առաջնորդների ելույթներում առկա գնահատականներին եւ մեկնաբանություններին, այլ ընդամենը լրացնում են դրանց: Այս հոդվածի նպատակը վերհանելն է տեղի ունեցող գործընթացների` մինչեւ այժմ չընկալված շերտերը: Հարց կարող է առաջանալ, թե ինչու այդ շերտերի մասին չի խոսվել հանրահավաքներում, մինչեւ օրս հնչած ելույթներում:
Գիտե՞ք. կան բաներ, որոնց մասին սովորաբար չի խոսվում, դրանց մասին խոսելու կարիքը պիտի չլինի, որովհետեւ դրանք հասկանալի պիտի լինեն ինքնին, որովհետեւ դրանք քաղաքական պրոցեսի ֆոնն են, հենքը, բազան: Բայց այսօր Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ նման բաներից խոսելու անհրաժեշտություն պարբերաբար առաջանում է, որովհետեւ մեր երկրում քչերը զբաղվում են լուրջ քաղաքականությամբ, շատերը զբաղվում են այդ քաղաքականության բովանդակությունը նենգափոխելով: Մի մասը հասկանալով, մի մասը չհասկանալով:

Հայտնի շրջանակներում, ցավոք, տախտակը դառնում է մտածողության հիմնական մոդել, եւ տախտակամտությունը հանրային մտածողություն դարձնելու վրա աստղաբաշխական միջոցներ են ծախսվում: Սա` իմիջիայլոց:
Հիմա այն մասին, թե ինչու է ընդդիմությունը քաղաքական ներկա շրջափուլում փորձում իր քաղաքական օրակարգը սպասարկել երկխոսության ճանապարհով: Պատասխանը նորից թաքնված է երեք հանրահավաքների բազմամարդության մեջ: Հայ ազգային կոնգրեսը ավարտված չի համարվում երեք հանրահավաքների բազմամարդությունը կոնկրետ քաղաքական արդյունքի վերածելու գործընթացը, այդ հանրահավաքներում ձեռք բերված կապիտալը ծախսված չէ դեռեւս, եւ երեք հանրահավաքների «մնացորդը» ամառվա` շատերի կարծիքով ոչ քաղաքական սեզոնի ընթացքում կոնկրետ քաղաքական արդյունքների վերածելու շանս դեռեւս կա` ԼՂ հարցի կարգավորման գործընթացի վայրիվերումների ֆոնին: Եթե առաջիկա քաղաքական շրջափուլը ցույց տա, որ գարնանը եւ ամռան առաջին ամսվա ընթացքում կուտակված հանրահավաքային կապիտալը բավարար չէ արտահերթ ընտրությունների հարցը լուծելու համար, ուրեմն Կոնգրեսը պետք է կապիտալի կուտակման նոր գործընթաց սկսի Ազատության հրապարակում եւ «գրոհով» իրականացնի իշխանափոխություն: Նրբությունները տվյալ պահին էական չեն:

եթե, ապա

Այսօր շատերն են փորձում համոզել, որ եթե Հայ ազգային կոնգրեսը շուրջօրյա հանրահավաք սկսի, դրա մասնակիցների թիվը երկրաչափական պրոգրեսիայով կաճի: Այս տեսակետը հետաքրքիր է, բայց չկա դրա հավաստիությունը ստուգելու ոչ մի հնարավորություն: Չի բացառվում, որ դա ճշմարիտ տեսակետ է: Բայց պատասխանատու քաղաքական ուժը իրավունք չունի առաջնորդվել լավատեսության կանխավարկածով: Իսկ եթե շուրջօրյա հանրահավաքներ սկսվեն եւ դրանց մասնակիցների թիվը երկրաչափական պրոգրեսիայով չաճի՞: Վերլուծագանգերը հո ներողություն չե՞ն խնդրելու իրենց սխալ վերլուծության համար, նրանք նույն փութաջանությամբ հարձակվելու են Կոնգրեսի վրա, որ վերջինս հիմնվել է ոչ ճիշտ հաշվարկների վրա: Վերլուծագանգերը մոռանալու են, որ այդ հաշվարկների հեղինակներն իրենք են: Այսօր արդեն նման միտում զգացվում է:

Ոմանք, արձագանքելով իմ հոդվածին, թե 700 հազար մարդը Ազատության հրապարակում հնարավորություն կտա իշխանափոխություն իրականացնել 24 ժամվա ընթացքում, 500 հազար մարդը` մեկ ամսվա ընթացքում, ինչ-որ ջղայնացել են: Ծոր են տալիս, թե Հայաստանում 700 հազար մարդ չկա, այդքան որտեղի՞ց գան հանրահավաքի: Մի հատ փորձե՞նք` հայտարարենք, թե Ազատության հրապարակում կիլոուկես բրինձ ենք բաժանում, կես կիլո էլ կանֆետ: Կաժդըմու: Կպարզվի` 700 հազար էլ կա, մեկ միլիոն էլ, միլիոնուկես էլ: Բայց մենք, բարեբախտաբար, բրինձ բաժանող չենք, այլ յուրաքանչյուրին առաջարկում ենք պայքարել սեփական երեխայի արժանապատիվ ապագայի համար: Ինքներս պայքարում ենք, պայքարում ենք հետեւողականորեն, ու պայքարելու ենք մինչեւ վերջ: Իսկ ով չի ուզում պայքարել, կամ ուզում է իրեն հարմար ժամերին պայքարել, կամ էլ ամսվա վերջ Սաշիկին տալիք ունի, եւ այդ տալիքից խուսափելու միակ ձեւը իշխանափոխությունն է համարում, եւ իշխանափոխություն միայն սրա համար է ուզում ու միայն մինչեւ ամսվա վերջ` ընդդիմությանը դատափետելու առիթ միշտ էլ կգտնի. իսկ ինչու նրանք սպանեցին արքայազն Համլետին:

Նիկոլ Փաշինյան

Հունիս 29, 2011

Հայկական Ժամանակ

 

 

Նախորդ հոդվածը‘Կատյա Գրիգորյան. Լևոն Տեր Պետրոսյանը որևէ տարիքում չի դադարի լինել Լևոն Տեր Պետրոսյան ‘
Հաջորդ հոդվածը‘Ամենամեծ «պայթյունները» հաջորդում են վակուումներին. iLur.am-ի Ամանորյա ուղերձը ‘