‘Նիկոլ Փաշինյան. Նվազագույն աշխատավարձը պետք է բարձրանար 6500 դրամով’

1257

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նվազագույն աշխատավարձի հարցին: 

«Կառավարության համապատասխան փաստաթղթով՝ մինչև 2017 թվականը նվազագույն աշխատավարձը նախատեսվում է առնվազն կրկնապատկել, այսինքն՝ դարձնել 65000 դրամ: Եթե փորձենք հավասարապես բաշխել տարիների վրա, ապա ստացվում է՝ ամեն տարի առնվազն 6500 դրամով պիտի նվազագույն աշխատավարձը բարձրացվի և նշված ժամկետում դառնա առնվազն կրկնապատիկը՝ առանց գնաճը հաշվի առնելու: Այնինչ օրենքի այս նախագծով առաջարկվում է 2013 թվականի հունվարի մեկից նվազագույն աշխատավարձը ավելացնել միայն 2500 դրամով: Ինչո՞վ է պայմանավորված գրաֆիկի նման խախտումը», — հարցրեց Նիկոլ Փաշինյանը ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին՝ ավելացնելով, որ նվազագույն աշխատավարձի մասին խոսել՝ առանց նվազագույն սպառողական զամբյուղի հետ ուղղակի կապի, անտրամաբանական է: Քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ գուցե մի քանի տարի հետո նվազագույն սպառողական զամբյուղը կազմի 100 000 դրամ:

2013 թվականին նվազագույն աշխատավարձն ընդամենը 2500 դրամով բարձրացնելը Վաչե Գաբրիելյանը մեկնաբանեց նրանով, որ նման գրաֆիկն ընտրվել է ըստ տնտեսական հնարավորությունների: Նախարարի խոսքով՝  2012-ին ու 2013-ին տնտեսական հնարավորությունների առումով ունեին և ունենալու են ծանր ռեժիմ, իսկ 2014-2015 թթ. կլինի մարվող ռեժիմ, և պետության գումարները կարելի է օգտագործել սոցիալական ուղղվածությամբ:

Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե ինչու մերժվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ նվազագուն աշխատավարձը 72500 դրամ դարձնելու առաջարկը, նախարարը պատասխանեց, որ առաջարկի մեջ չկար որևէ հիմնավորում, թե ինչու հատկապես այդ չափով պետք է բարձրացնել, իսկ գյուղական համայնքներում տնտեսական առումով նպատակահարմար չէ նվազագույն աշխատավարձ սահմանել 72500 դրամ:

Վաչե Գաբրիելյանը նշեց նաև, որ նախկինում մաքուր աշխատավարձը կազվում էր 31525 դրամ՝ նվազագույն անվանական 32500 դրամ աշխատավարձի դեպքում, իսկ հունվարի 1-ից  եկամտահարկի մասին օրենքը գործելուց հետո աշխատողը կստանա անվանական 35000 դրամ աշխատավարձ, իսկ եկամտահարկ կվճարի գործատուն:

Նախորդ հոդվածը‘Էրդողանն անջատել է հեռախոսը, իսկ Պուտինը՝ հետաձգել այցը Թուրքիա. Մի հեռախոսազրույցի պատմություն’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանն անջատել է հեռախոսը, իսկ Պուտինը՝ հետաձգել այցը Թուրքիա. Մի հեռախոսազրույցի պատմություն’