‘Նիսի ահաբեկչությունը նախապատրաստվել է մի քանի ամիս’

1712

Բաստիլի գրավման օրվա տոնակատարությանը Նիսում ահաբեկչական հարձակում իրականացրած Մոհամեդ Բուլելը նաև հանցակիցներ է ունեցել, հայտարարել է դատախազը:

«Հուլիսի 14-ից ընթացքի մեջ գտնվող հետաքննությունը առաջ է շարժվում և հաստատել է, որ  Մոհամեդ Բուլելի գործողությունները ոչ միայն հանցավոր բնույթ են կրել, այլև նա հանցակիցներ է ունեցել»,- հայտարարել է Ֆրանսուա Մոլենը:

22-ից 40 տարեկան չորս տղամարդ և մեկ կին շուտով կկանգնեն դատարանի առջև: Ամբաստանյալների թվում Ալբանիայից ամուսնական զույգ կա, որը, ենթադրվում է, Բուլելին զենք է մատակարարել:

Մեկ այլ կասկածյալ՝ 22-ամյա տղամարդ, հարձակման գիշերը Բուլելի հետ հեռախոսային գրագրություն է վարել նրան զենք փոխանցելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, ոստիկանությունը նրա տանը հայտնաբերել է Կալաշնիկովի ավտոմատ և զինամթերք:

Ինչպես և Բուլելը, կասկածյալներից ոչ մեկը նախկինում ֆրանսիական հատուկ ծառայությունների տեսադաշտում չի հայտնվել: Ֆրանսուա Մոլենի խոսքով՝ Բուլելի բջջային հեռախոսում պահպանված լուսանկարները և համացանցում որոնումները թույլ են տալիս եզրակացնել, որ նա սկսել է հարձակման նախապատրաստվել 2015 թվականից:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության բռնարարքի զոհերը չունեն իրենց իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց. Նամակ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Դատեք ինքներդ’