‘Նկարիչ Պետո Պողոսյանն իր գործերը նվիրել է անապատացման դեմ պայքարի տասնամյակին (ֆոտոշարք)’

1069

Հայ նկարիչ Պետո Պողոսյանի արվեստի ավելի քան 25 գործերը «Քաղաքային բազմազանություն» խորագրի ներքո հուլիսի 10-ին ներկայացվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Անհատական ցուցահանդես-վաճառքը նվիրված էր Անապատների և անապատացման դեմ պայքարի տասնամյակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», ցուցադրվել են Երևանը, Գյումրին և Փարիզը պատկերող ջրաներկ աշխատանքներ: Նկարիչը կարևորում է այն վճռորոշ դերը, որ արվեստագետները խաղում են հասարակության զարգացման գործում: «Ցուցահանդեսում ներկայացված նկարները քաղաքային պատկերներ են, որոնք բարձրացնում են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են, օրինակ, կանաչ տարածքի վերացման հաշվին նոր տարածքներ ստեղծելու հանգամանքը: Իմ ցույց տվածը մեր ժամանակակից քաղաքն է, որտեղ մենք ապրում ենք, որից մենք սնվում ենք ու տալիս ենք սնունդ: Քաղաքի պատկերն արտացոլող նկարները բնական են ու ցույց են տալիս այն, ինչ իսկապես կա այդ պահին քաղաքում` գովազդային վահանակներ, շրջող մարդիկ, կրպակներ և այլն»,-ասաց նկարիչ Պետո Պողոսյանը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հուլիսի 30-ը` ամեն օր` բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 15:00 -17:00-ն:

Նկարիչ Պետո Պողոսյանը հայ արվեստասեր հասարակությանը անհանտական ցուցահանդեսով ներկայանում է 5-րդ անգամ: Իսկ քաղաքային պատկերներ նկարում է շուրջ մեկ տարի: Պետո Պողոսյանը նկարել սկսել է 13 տարեկանից, ինչը բավական ուշ է համարում: Նա փորձել է նկարել տարբեր նյութերով, բայց կրկին վերադարձել է ջրաներկին, որն առավել հոգեհարազատ է իրեն:

Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչև 2013 թ. հուլիսի 30–ը (ամեն օր բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը՝ 15:00 -17:00: 

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը դեբյուտային գոլն է խփում Բորուսիայի կազմում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Փայլուն նորամուտ. Հենրիխ Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’