‘Նյու Յորքում ահաբեկչություն նախապատրաստելու համար բոսնիացին դատապարտվել է ցմահ ազատազրկման’

866

Բոսնիացի Ադիս Մեդունյանինը դատապարտվել է ցմահ ազատազրկման ու ևս 95 տարվա բանտարկության՝ նյույորքյան մետրոյում ահաբեկչություն նախապատրաստելու համար: 34-ամյա ահաբեկչի նկատմամբ  նոյեմբերի 16-ին նման որոշում է կայացրել Բրուքլինի դաշնային դատարանը, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Associted Press-ը:

Հետաքննության տվյալներով՝ ահաբեկիչները ծրագրել էին Նյու Յորքի մետրոյում պայթյունների մի ամբողջ շարք իրականացնել՝ նվիրված 2001 թ. սեպտեմբերի 11-ի հերթական տարելիցին: Ըստ տվյալների՝ 2008 թ. Մեդունյանինը մեկնել է Պակիստան և անդամագրվել «Ալ-Քաիդային», ապա հանդիպել է ահաբեկչական խմբավորման պարագլուխների հետ և նրանցից ստացել  մետրոյում պայթյուններ իրականացնելու առաջադրանքը: Մեդունյանինը մեղադրվել է սպանությունների, զանգվածային ոչնչացման զենք կիրառելու ծրագրեր ունենալու և արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու համար: 2012 թ. մայիսին երդվյալ ատենակալների դատարանը նրան մեղավոր ճանաչեց բոլոր կետերով: Բացի Մեդունյանինից՝ Նյու Յորքի մետրոյում պայթյուն նախապատրաստելու համար մեղադրվել են նաև աֆղանստանցի Զարեին Ահմեդզադին և պակիստանցի Նաջիբուլլահ Զազին:  Նրանք ընդունել են իրենց մեղքը, սակայն նրանց նկատմամբ դեռևս դատավճիռ չի կայացվել:

Նախորդ հոդվածը‘Էական տեղումներ չեն սպասվում ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Ողջունելի են այն ուսանողները, ովքեր ունեն իրավիճակը փոխելու ցանկություն’