‘Նոամ Չոմսկի. Պետք է աջակցել Թուրքիային՝ Ցեղասպանության ճանաչման հարցում (Տեսանյութ)’

1501

Ամերիկացի հռչակավոր լեզվաբան, փիլիսոփա եւ քաղաքական ակտիվիստ Նոամ Չոմսկին (Noam Chomsky) օրերս ՄԱԿ-ում մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողներից մեկի՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին:  

Նրա խոսքով, Մեծ Եղեռնը մեծագույն չարագործություն էր, պատմության մեջ ամենաբարդերից մեկը: 

Գիտնականը պատմել է 2000 եւ 2013 թվականներին Դիարբեքիր իր կատարած այցելությունների եւ դրանց ընթացքում հայ համայնքի հետ իր շփումների ու Ցեղասպանության հարցում Թուրքիայի վարած քաղաքականության մեջ նկատվող փոփոխությունների մասին:

Չոմսկու պատասխանը որոշակի կրճատումներով մեջբերում ենք թարգմանաբար:  

«2000-ին՝ առաջին անգամ, երբ ես Թուրքիայում էի՝ դատարանում քրդերի շահերը պաշտպանելու նպատակով, գնացի նաեւ քրդերով բնակեցված Դիարբեքիր: Թուրքիայում քրդերը, սկսած 1990-ականներից, ահավոր բռնությունների էին ենթարկվում: Եվ ահա, երբ ես ժամանեցի Դիարբեքիր, իմ քուրդ ընկերներին խնդրեցի ինձ ուղեկցել հայկական թաղամաս: Դիարբեքիրն այն տեղն է, որտեղ [Ցեղասպանության օրերին] հայերի վերջին զանգվածային սպանություններն են տեղի ունեցել՝ հիմնականում քրդերի ձեռքով:  Ներքին հոգեբանական կոնֆլիկտները դժվար է նկարագրել:

Քրդերն այդ ժամանակ (2000-ականների սկզբին) իրենք էին հազիվ դուրս գալիս մեծ ջարդերի միջից ԱՄՆ բանակի օգնությամբ: Եվ ահա, ես խնդրում եմ նրանց ցույց տալ ինձ Թուրքիայում հայկական հարցի լուծման վերջին վկայությունները՝ եղեռնի մնացորդները, որի հիմնական մեղավորներից մեկն իրենք են:

Նրանք ինձ տարան մի տեղ, որտեղ հին եկեղեցին էր (Սուրբ Կիրակոսը-խմբ.)՝ մի ավերակ եկեղեցի: Տանիքը (գմբեթը) չկար, շինությունն ամբողջովին ավերված էր, բայց փլատակներն այնտեղ էին: Ես հարցրի՝ կա՞ արդյոք մեկը, ով հավաքել է եկեղեցու մասունքները: Նրանք անհարմար զգացին իմ հարցից:

Նրանք ինձ տարան փոքր խանութի մոտ, որի տերը հայ էր՝ մոտավորապես իմ տարիքի մի մարդ, որն իր մոտ էր հավաքել եկեղեցու մասունքները: Եվ դա այն էր, ինչ մնացել էր Դիարբեքիրի հայկական համայնքից: 

Հետո, ես այնտեղ եղա անցյալ տարի՝ Հրանտ Դինքի մասին դասախոսություն կարդալու նպատակով: Շատ առարկայական փոփոխություն նկատեցի: Եկեղեցին վերականգնված էր եւ վերանորոգված: Հրանտ Դինքի հուշարձանի մոտ հավանաբար հարյուր հազարավոր մարդիկ կային, որոնք բողոքի երթով գնում էին Ստամբուլ՝ պահանջելով վեր հանել հայկական ջարդերի մասին ճշմարտությունը: Ոստիկանությունը չէր միջամտում՝ ցույցը չափազանց մեծ էր դրան միջամտելու համար: Այն ավարտվեց խմբագրությունում, որտեղ աշխատում էր Հրանտ Դինքը, եւ որտեղ նա սպանվեց: Եվ նրա կինը՝ այրին էլ էր այնտեղ, ես էլ էի այնտեղ: Սա լուրջ եւ դրական փոփոխություն է: Այսպիսով, դա (Ցեղասպանությունը) սարսափելի ոճիր էր, բայց այժմ պետք է ձգտել հաշտության եզրեր գտնել: Դա հեշտ չէ, ուրիշ երկրներ էլ նմանատիպ խնդիրներ ունեն:

Մի պահ մտածեք՝ ի՞նչն է միավորում անգլո-սաքսոնական երկրներին՝ ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա. դրանք գաղութաբնակների հասարակություններ են: Հասարակություններ, որոնք ձեւավորվել են այն բանի արդյունքում, որ անգլիացի գաղութարարները եկել եւ ոչնչացրել են տեղաբնիկներին: Դրանք բոլորը սարսափելի գազանություններ են: Արդյո՞ք այդ հասարակությունները հաշտվել են բնիկների ոչնչացման փաստի հետ: Շատ ժամանակ է անցել, բայց դա տեղի չի ունեցել:

Արդյո՞ք նրանք հաշտվել են ստրկության ժառանգության հետ: Այն (ժառանգությունը-խմբ) մինչ օրս կենսունակ է: Նայեք, թե [ԱՄՆ] բանտերում որքան սեւամորթ տղամարդիկ կան: Դա 500-ամյա ստրկության ժառանգությունն է: Արդյո՞ք նրանք հաշտվել են: Թուրքիան սկսում է գիտակցել իր ծանր հանցանքը: Եվ ես կարծում եմ, որ դա պետք է ողջունել եւ աջակցել դրան՝ առանց վերամբարձ դիրք ընդունելու: Քիչ երկրներ կան, որոնք պատմական խնդիրներ չունեն»: 

Նախորդ հոդվածը‘Գյումրիում կրակել են ՀՀ փաստաբանների պալատի անդամի տան վրա’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ-ն հերթական $6 մլն է վաճառել, սակայն փոխարժեքը շարունակում է աճել’