‘Նորվեգիայում հրապարակվել են Անդերս Բրեյվիքի ահաբեկչական ակտերի տեսագրությունները (տեսանյութ)’

830

Նորվեգիայում այսօր առաջին անգամ հրապարակվել են անցյալ տարվա հուլիսին Անդերս Բրեյվիքի իրականացրած ահաբեկչական գործողությունների տեսագրությունները: Տեսախցիկների արձանագրած տեսագրություններում, որոնք ցուցադրվել են HPK հեռուստաալիքով, երևում է, թե ինչպես է ահաբեկիչն ավտոմեքենան կայանում Օսլոյի կառավարական թաղամասում, ապա շտապ հեռանում է, որից հետո մեքենան  պայթում է: Նախկինում այս կադրերը չեն ցուցադրվել լայն հանրությանը: Միևնույն ժամանակ, երկրի խորհրդարանում շարունակվում են Բրեյվիքի կատարած ահաբեկչությունների վերաբերյալ լսումները: Պատգամավորները հարցեր են ուղղում երկրում անվտանգության համար պատասխանատու նախարարներին, ովքեր չեն կարողացել կանխել ողբերգությունը: Այսօր այդ լսումների ընթացքում ելույթ էր ունենալու նաև Նորվեգիայի վարչապետ Յենս Սթոլթենբերգը: Երկրի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ վարչապետը ստիպված է բացատրություններ տալ պատգամավորներին, որոնցից ոմանց կարծիքով՝ վարչապետի նկատմամբ «որևէ զիջում չպետք է լինի, և նրանից պետք է պատասխան պահանջվի նույնքան խստորեն, որքան մյուսներից»:

Հիշեցնենք, որ 2011 թ. հուլիսի 22-ին կառավարական թաղամասում և Ուտյոյա կղզու երիտասարդական ճամբարում Բրեյվիքի իրականացրած ահաբեկչական գործողությունների զոհ դարձավ 77 հոգի:

Նախորդ հոդվածը‘Գտնվել է հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանը’
Հաջորդ հոդվածը‘Մարտիմեկյան զոհի ծնող. «Ի՞նչ իրավունք ունի Էդիկ Մինասյանն իր տեսակետը գրել դասագրքում»’