‘Նորքում ուսուցչուհին խնդրեց սեղմել Տարոնի ձեռքը՝ «որպես երաշխիքի արգասիք» (տեսանյութ)’

1443

Նորք-Մարաշ վարչական շրջանում Երեւանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին դիմավորեցին Արմենակ Արմենակյանի անվան դպրոցի՝ այսօր բացված խաղադաշտում: «Ավանդույթի» համաձան, ասֆալտն այսօր էր փռվել, ավելին՝ խաղադաշտի արհեստական խոտածածկը նույնպես:  

«Ես ձեզ մաղթում եմ քաջառողջություն եւ երկար տարիների կյանք եւ մեր դպրոցականների, մանկապարտեզների սաների, եւ բոլոր բնակիչների անունից շնորհակալություն ենք հայտնում ձեզ եւ հավաստիացնում, որ միահամուռ ձեր կողքին ենք կանգնելու: Թույլ տվեք սեղմել ձեր ձեռքը՝ որպես մեր երաշխիքի արգասիք», — ողջունելով Տարոն ՄԱրգարյանին՝ հայտարարեց տեղի բնակիչ ներկայացած Փնջիկ Անդրեասյանը: Երբ նա իջավ հարթակից, հետաքրքրվեցինք՝ որտե՞ղ եք աշխատում, ուսուցչուհի՞ եք, «Չեմ աշխատում, պարզապես բնակիչ եմ», ասաց տիկին Անդրեասյանը եւ անմիջապես ուղղեց ինքն իրեն՝ «դպրոցի ուսուցչուհի եմ»:

Հանդիպման մասնակիցների թվում շատ էին դպրոցահասակ երեխաները, որոնցից շատերի ձեռքներին ՀՀԿ քարոզչական դրոշակներ ու թերթոններ կային: Դպրոցականների «աշխատանքը» համակարգում էր Նորք-Մարաշ վարչական շրջանի պաշտոնյա Բյուզանդ Թերզյանը: Նա iLur.am-ին ասաց, որ երեխաների ծնողները սեփական նախաձեռնությամբ են դիմել համայնքի իշխանություններին՝ «օգնելու ՀՀԿ քարոզարշավին»: «Ոչ մեկին չենք ստիպել», — հավաստիացրեց պարոն Թերզյանը:

«Մյուս կուսակցությունների քարոզարշավին է՞լ եք օժանդակում», — հարցին ի պատասխան վստահեցրեց, որ եթե այլ կուսակցություններից դիմողներ լինեն, վարչական շրջանը կօժանդակի:

Ինքը՝ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն այսօր հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին. «Բնակիչների հետ եմ շփվում, եթե հրատապ հարց ունեք, դիմեք շտաբի համապատասխան պատասխանատուին» , — ասաց նա: Նկատենք, որ Մարգարյանը լրագրողների հետ շփումներից խոսափում է այս շաբաթվա սկզբից ի վեր:  Ըստ մամուլում տարածված տեղեկության, Տարոն Մարգարյանի` Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ արված հայտարարությունը (ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարության, որ Տարոն Մարգարյանն ընդամենը համակարգի խամաճիկն է, Տարոն Մարգարյանը, ոչ ավելի, ոչ պակաս «հորդորել էր» նրան հայելու մեջ նայել, նոր խոսել) ՀՀԿ վերնախավում չի ողջունվել, ավելին, գործող քաղաքապետին հորդորել են ավելի զուսպ արտահայտվել եւ որքան հնարավոր է խուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց` կիքսերից խուսափելու  համար:

Նախորդ հոդվածը‘Ռաֆայել վան դեր Վարտ. «Բավարիան» «Բարսելոնայի» դեմ շանս չունի’
Հաջորդ հոդվածը‘Չավի. Չեմ հասկանում, թե ինչու «Բարսելոնայի» երկրպագուները չեն ցանկանում եզրափակիչում տեսնել «Էլ-Կլասիկոն»’