‘Նոր կայքը կբացահայտի Սևանա լճի բոլոր գաղտնիքները’

1077

Ընթացիկ տարվա սեպտեմբերին տեղի կունենա Սևանա լճի մասին նոր կայքի` www.sevanlake.am-ի շնորհանդեսը: Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Կասբարյանը, նոր կայքը թույլ կտա ինտերնետ-օգտատերերին ամբողջական տեղեկատվություն ստանալ Սևանի, վերջինիս կենդանական և բուսական աշխարհի, գեղատեսիլ վայրերի և այլնի մասին: Այստեղ կարելի է տեղեկատվություն գտնել այնպիսի խնդիրների մասին, ինչպես փոքր ՀԷԿ-երի աշխատանքը, ինչի հետևանքով խախտվել է լիճ թափվող գետերի էկոհամակարգը, ինչպես նաև լեռնահանքային գործունեությունը Սևանի ավազանում:

Կայքում կներկայացվեն նաև փորձագետների կարծիքները Սևանի իրավիճակի վերաբերյալ: Բացի այդ, լճի հրատապ խնդիրները կարող են քննարկել նաև ինտերնետ-օգտատերերը հատուկ ֆորումի միջոցով: Կայքը կհետաքրքրի նաև երեխաներին. այստեղ կարելի է հետաքրքիր կրթական խաղ ներբեռնել, լրացնել Սևանի մասին հարցաշար, գունագեղ լուսանկարներ դիտել:

Կասբարյանի խոսքով, կայքը գործելու է հայերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով: Ծրագիրը ֆինանսավորվել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ու Institut Francais կողմից և իրականացվել KASA հիմնադրամի աջակցությամբ: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-Գերմանիա. Խաղաղ ելք, թե՞…’
Հաջորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.5 մլն դոլար ‘