‘Նոր մանրամասներ Աշոտ Փիլիպոսյանի դեմ հարձակման մասին’

2867

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ժամեր առաջ հարձակման նոր դեպք է տեղի ունեցել: Այս անգամ անհայտ անձինք հարձակվել են Հայ ազգային Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի վրա: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց: iLur.am-ի թղթակիցը Հրազդանից հայտնում է, որ Փիլիպոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ սովորաբար լինում է, որ գործի բերմամբ երեկոյան զանգ են եւ դուրս են հրավիրում իրեն, եւ այս անգամ էլ իրեն զանգահարածները ասել են, թե գործով են ուզում տեսնել իրեն: Փիլիպոսյանի խոսքով, ինքը դուրս գալուց մտածել է, որ հերթական գործնական հանդիպմանն է գնում, սակայն, փոխարենը ենթարկվել է հարձակման: Նրանք, Փիլիպոսյանի խոսքով, առնվազն երկու հոգի են եղել, ուժգին հարվածներ են հասցրել իրեն, այդ թվում նաեւ թիկունքից: Ի դեպ, Փիլիպոսյանը հիշել է նաեւ, որ հարվածողները հարձակման ժամանակ հայտարարել են, թե «հիշո՞ւմ ես Լեռնանիստը»:

Ի դեպ, ոստիկանությունը արդեն իսկ հայտարարություն է տարածել` նշելով, թե հայտնաբերել է հարձակում գործած անձանց, որոնք Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարգև և Ռոման Պողոսյաններն են եղել:

Ոստիկանության հաղորդագրության հետ ծանոթանալով` Կոնգրեսի վարչության անդամ Արամ Բարեղամյանը հիշել է ոմն Ռոմանի, որին իրենք այս տարվա սեպտեմբերին` Համաժողովրդական շարժման Հրազդանում կայանալիք հանրահավաքի իրազեկումն իրականացնելու ժամանակ հանդիպել են Լեռնանիստ գյուղում:

Բարեղամյանի խոսքով, երբ իրենք փորձել են մտնել գյուղ, իրենց է մոտեցել գյուղապետը, եւ հայտարարել, թե թույլ չի տալու իր տարածքում իրազեկում անցկացնել: Ընդդիմադիրները, այդուհանդերձ, իրազեկում են անցկացրել, սակայն, հանրահավաքից հետո` երկու օր շարունակ Փիլիպոսյանը սպառնալիքներով լի զանգեր է ստացել ոմն Ռոմանից, ով հայտարարել է, թե ինքը Լեռնանիստ գյուղի բնակիչ է, եւ սկսել է հոխորտալ, թե «եկել ես ստեղ, քեզ լա՞վ ես զգում»: Սակայն, դրանից հետո, զանգերը դադարել են, եւ Ռոմանից որեւէ լուր այլեւս չի եղել: Մինչեւ թերեւս այսօր: Արամ Բարեղամյանը նշում է, որ ինքը գրեթե վստահ է, որ խոսքը նույն Ռոմանի մասին է:

«Հավանաբար օգտվել են Լյովա Երանոսյանի ասածներից, թե Սերժ Սարգսյանին բան ասողի ականջները կպոկեն: Երեւի ոգեւորվել են եւ այդ բռնության շղթան Երեւանից դուրս է եկել եւ հասել է Հրազդան, ու կարող է հասնել ամեն տեղ: Կարող եմ ասել, որ սա բացահայտ բանդա է, եթե մինչեւ այս դեպքը ենթադրություններ ունեի, ապա հիմա վստահ եմ, որ սա քաղաքական տեռոր է»,- նշեց Բարեղամյանը:

Ի դեպ, այս պահին Հրազդանում են գտնվում նաեւ Հայ ազգային Կոնգրեսի վարչության անդմաները: 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանական վարկած Կոնգրեսի անդամի ծեծի առիթով. Վիճաբանություն ‘
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Իշխանությունները ծրագրել են ահաբեկել ժողովրդին’