‘Նոր մանրամասներ ԲՀԿ քաղխորհրդի նիստից. Ծառուկյանը կրկնել է, որ պատրաստ է շատ բան կորցնել ‘

2212

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղխորհրդի նիստ, որտեղ ելույթ է ունեցել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Մեզ հաջողվեց հավելյալ մանրամասնել ճշտել նիստից: Մեր տեղեկություններով, Ծառուկյանը բնավականին կոշտ ելույթ է ունեցել՝  անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին: Մեր տեղեկություններով Ծառուկյանն իր խոսքում մասնավորապես ասել է, որ «մենք Հայաստանի իրականության մասին գիտենք, ոչ թե կառավարության հայտարարություններից ու որոշումներից, այլ մարդկանց հետ ամեն օր շփվելով, հանդիպելով; Նրանցից լսելով, թե որ ոլորտում ինչ  է կատարվում»:

«Վերջին տարիներին մենք միասին երկար և դժվար ճանապարհ ենք անցել: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ժողովրդին ներկայացրել ենք ծրագրեր, խոստումներ: Եվ  ժողովուրդը մեզնից ունի լուրջ ակնկալիքներ: Ես ուզում եմ բոլորդ հստակ իմանաք. Ժողովրդին տրված մեր խոստումներից ու մեր ծրագրերից մեկ քայլ անգամ մենք հետ չենք կանգնելու: Ինձ և իմ թիմին ոչ պաշտոններ են պետք, ոչ էլ ինչ-որ արտոնություններ: Ժողովրդի վիճակը ծանր է: Մենք բոլորս դա տեսնում ենք` ամեն օր, ամեն քայլի: Մարդիկ հուսալքությունից գնում  են մեր երկրից»,- մեր տեղեկություններով ասել է Ծառուկյանը:

Վերջինս նաեւ հավելել է, որ երբ ինքը նախընտրական փուլում հայտարարել է, որ պատրաստ է շատ բան կորցնել, բայց ժողովրդի վստահությունը երբեք չի կորցնի, «ինչ-որ մարդկանց թվաց, թե դա պատահական խոսք էր»:

«Ես այսօր ձեր առաջ, իմ թիմի առաջ ուզում եմ դա կրկնել: Մարդը չի կարող մտածել միայն իր բարեկեցության մասին, չտեսնել ուրիշների պրոբլեմները, չփորձել լուծումներ գտնել: Ուրիշ բան ինձնից մի սպասեք. Ես իմ որոշումը վաղուց եմ կայացրել: Բացի մեր պետության շահից, մեր ժողովրդի շահից ուրիշ նպատակ ես չունեմ»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱԺ խմբակցությունները ողջունել են Լիտվա-ԼՂՀ խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծումը’
Հաջորդ հոդվածը‘Մարադոնան պատրաստ է գլխավորել «Մոնպելյեն»’