‘Նոր մանրամասներ Երևան-Մոսկվա 908 չվերթի հետաձգման վերաբերյալ’

1671

Ինչպես արդեն հաղորդել էինք, այսօր ժամը 05:30-ին նախատեսված Երևան-Մոսկվա 908 չվերթն անորոշ ժամանակով հետաձգվել էր:

ilur.am-ը փորձեց կապ հաստատել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և «Սիբիր» ավիաընկերության հետ` պարզելու համար չվերթի հետաձգման պատճառները: Օդանավակայանից մեզ տեղեկացրին, որ միայն ավիաընկերությունը կարող է տեղեկություն հայտնել, թե ինչու է չվերթն ուշանում, իսկ «Սիբիր» ավիաընկերությունից կոչ արեցին զանգահարել օդանավակայան` չցանկանալով տեղեկություն տրամադրել, թե որն է հետաձգման պատճառը: Նույն վիճակում են նաև չվերթին ժամը 03.30-ից սպասող ուղևորները, որոնց որևիցե տեղեկատվություն չի տրամադրվում: Օդանավակայանից մեզ նաև հայտնեցին, որ չվերթը նախատեսվում է իրականացնել 14.30-ին:

 Ամենայն հավանականությամբ` չվերթի ուշացման պատճառը օդանավի անսարքությունն է, քանի որ նախատեսված ժամին ուղևորներին նստեցրել են օդանավ, հետո իջեցրել: Այժմ ուղևորները գտնվում են օդանավակայանի չեզոք գոտում:

Քիչ առաջ epress.am-ը մեջբերել է ավիաընկերության ներկայացուցիչի պարզաբանումը. «Մոսկվայից ժամանող ինքնաթիռի վայրեջքից հետո կասկածներ են եղել, որ տեխնիկական անսարքություններ  կան, ինչի մասին էլ ուղևերներին տեղեկացրել ենք: Անվտանգությունից ելնելով՝ այս պահին «Չեխական» ավիաընկերության տեխնիկական անձնակազմի կողմից օդանավը ստուգման է ենթարկվում, ինչի համար որոշ ժամանակ կպահանջվի: Թռիչքը կկայանա ժամը 14:30-ին,  ուղևորները տեղեկացված են, ամեն ինչ նորմալ է: Ով ցանկացել է՝ սնունդ է տրամադրվել, անվճար կարգով  փոխվել են տոմսերը, հյուրանոց է տրամադրվել:  Հիմա մարդիկ հանգիստ են, սպասում են իրենց չվերթին՝ ոչ մի դժգոհություն չկա», – ասել է ավիաընկերության ներկայացուցիչը:»

Նախորդ հոդվածը‘Հռոմում դատարանը վերմախտի նախկին զինվորին դատապարտել է ցմահ ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 75 հարց, միջազգային 31 պայմանագիր’