‘Նոր-նորքցիներին առաջարկել են «ջրել» բնակվճարները` ՀՀԿ-ին ընտրելու պայմանով ‘

1042

iLur.am-ին ահազանգել են Երևանի Նոր-Նորքի 9-րդ զանգվածի բնակիչները, որոնց անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում: Նրանք պատմում են, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները համատիրությունից վերցրել են բոլոր բնակիչների բնավարձերի պարտքերի ցուցակը:
Որից հետո շրջել են տուն առ տուն և այն բնակիչներին, ովքեր ունեն 40 հազարից մինչև 150 հազար դրամ պարտք, առաջարկել են զիջել՝ չեղյալ համարել այդ պարտքերը, բայց մի պայմանով. բնակիչները պարտավոր են մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին քվեարկել ՀՀԿ-ի օգտնին: Նրանք պետք է դիմում գրեն քաղաքապետարան՝ խնդրելով զիջել բնակվարձերը, իսկ քաղաքապետարանը պայմանավորվածության համաձայն կընդառաջի:
Բնակիչներից շատերը համաձայնել են այն գայթակղիչ առաջարկին: Այն բնակիչները, սակայն, ովքեր մինչև այժմ պարտաճանաչորեն մուծել են բնակվարձերը, այժմ իրենց խաբված են զգում և դժգոհության ալիք են բարձրացրել: Ստացվում է, որ նրանք այդքան ժամանակ անտեղի են վճարել այդքան գումարը:
Նկատենք, որ մեզ ահազանգած բնակիչների փոխանցմամբ՝ իրականում բնակիչները պետք է վճարեն միայն վերջին 3 տարվա բնակվճարները, քանի որ դրանից առաջվանը քաղաքապետարանը արդեն իսկ չեղյալ է համարել, բայց չի բարձրաձայնում դրա մասին:
Բնակիչներից մեկի կարծիքով՝ քաղաքային իշխանությունները չեն տեղեկացնում դրա մասին, որ հարմար առիթով օգտագործեն ի շահ իրենց, իսկ հարմար առիթը այժմ ավագանու ընտրություններն են:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Սեւակն «իր տեղը զիջեց» Տարոնին ‘
Հաջորդ հոդվածը‘Չինաստանը զբոսաշրջիկների առաջ կբացի վիճելի կղզիները’