‘Նոր պարտադիր ապահովագրություն. Այս անգամ՝ բժշկական’

1267

Պետբյուջեից առողջապահության ոլորտի ֆինանսավորումը հնարավորություն կտա ընդգրկուն ծրագրեր իրագործել: Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ-ում 2014թ. բյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

News.am-ի փոխանցմամբ, ըստ նրա՝ ընդգրկուն ծրագրերն ուղղված կլինեն սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի և արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշմանը. «Դա աննախադեպ ծրագիր կլինի, որում ներգրավված կլինի Հայաստանի բնակչության 50%-ը»: Նախարարը նշել է, որ մինչև տարեվերջ կառավարության քննարկմանը կներկայացվի պարտադիր բժշկական ապահովագրմանն անցում կատարելու նախագիծը, որը կներդրվի 2015թ.:

ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքրվել է, թե ինչու են պետծառայողների սոցփաթեթների ծրագիրը իրականացնում մասնավոր ընկերությունները:  Նա նաև նշել է, որ բյուջեից ամեն տարի 8 մլրդ դրամ է հատկացվում  սոցփաթեթների համար, սակայն նախորդ տարի այդ գումարից միայն 800 մլն է հիվանդանոցներին փոխանցվել, մնացած  7,2 մլն դոլարը ծառայել է ապահովագրական ընկերությունների ռիսկերի սպասարկմանը:

Ի պատասխան նախարարը հայտարարել է, որ նախորդ տարվա համեմատ հիվանդանոցներին հատկացվող գումարը եռակի ավելացել է. «Մենք չենք վերահսկում միջոցները, սակայն  կվերանայվի այն բուժհաստատությունների հետ համագործակցությունը,  որոնք խախտել են պայմանները»:

Նա նաև հավելել է, որ պետական աշխատողները շատ պասիվ են և լիարժեք չեն օգտվում բժշկական ապահովագրությունից:

Նախորդ հոդվածը‘Ամենաառեղծվածային լուսանկարները’
Հաջորդ հոդվածը‘Զվարթնոցի հին համալիրը քանդելը կարժենա $2 մլն, իսկ ամրացնելը` $10-12 մլն’