‘Նոր Պիրլոյի ամենաիրական հավակնորդը` Պոլ Պոգբա’

910

Իտալիայի առաջնության վերջին տուրից հետո ամբողջ Եվրոպան սկսեց խոսել 19-ամյա գերտաղանդի` Պոլ Պոգբայի մասին: Երիտասարդ խաղացողի մասին սկսել էին խոսել դեռևս 3 տարի առաջ, երբ նա փայլուն ելույթներ էր ունենում Ֆրանսիայի պատանեկան հավաքականի կազմում: Բայց հենց «Ուդինեզե»-ի խաղից հետո սկսվեց իրական «Պոգբամանիա»-ն:

2009-ին Պոգբան «Հավր»-ից տեղափոխվեց «Մանչեստեր Յունայթեդ»: Ինչպես հաճախ է պատահում պատանիների՝ ակումբ փոխելու ժամանակ, Պոգբայի հարցում ևս ամեն ինչ հարթ չընթացավ: «Հավր»-ի ղեկավարությունը այդ ժամանակ անընդհատ հայտարարում էր, որ գվինեական արմատներով պատանուն «մանկունյանցիներ»-ը կարողացել են համոզել՝ նրա համար բնակարան գնելով, ինչին հակադարձելով՝ ֆուտբոլսիտի գործակալը պնդում էր, որ ՄՅՈՒ-ն ընդամենը ծաղկեփունջ է ուղարկել Պոգբայի մոր համար, և ոչ ավելին:

Ավելի մեծ ազդեցություն ունեցող անգլիական ակումբը, իհարկե, հաղթող դուրս եկավ, և արդեն 2009-ի սեպտեմբերին ՖԻՖԱ-ն թույլ տվեց, որպեսզի նրանք կարողանան խաղացողին հայտարարել անգլիական՝ մինչև 18 տարեկանների «Պրեմիեր լիգա»-ում: Պոգբան սկսեց լավ ելույթներ ունենալ իր թիմի կազմում և երկու մրցաշրջանի ընթացքում իր վրա հրավիրեց Ալեքս Ֆերգյուսոնի ուշադրությունը, ով 2011-2012 մրցաշրջանում հայտավորվեց ՄՅՈՒ-ի առաջին թիմի կազմում: Բայց անցած խաղաշրջանում Սըր Ալեքսը ֆրանսիացուն շատ քիչ խաղաժամանակ տրամադրեց և հրաժարվեց վստահել նրան նույնիսկ այն ժամանակ, երբ կիսապաշտպանությունում վնասվածքների պատճառով սկսեցին ակնառու խնդիրներ ի հայտ գալ: Ֆերգյուսոնը, ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չգտնելով բարձրակարգ կառուցող հենակետայիններ, հետ կանչեց կարիերան ավարտած Պոլ Սքոուլզին, ով ստրագրեց կես տարվա պայմանագիր, որից ընդամենը ժամեր անց դուրս եկավ փոխարինման մանչեստերյան դերբիում: Մինչ խաղաշրջանի ավարտը Ֆերգին Պոգբայի մասին հիշեց միայն Եվրոպայի լիգայի «Ատլետիկ»-ի դեմ պատասխան խաղի ժամանակ, որտեղ շատ դժվար էր ինչ-որ բան փոխել:

Տեղափոխությունը «Յուվենտուս»

Յուվեն, առանց պարտության ավարտած մրցաշրջանից հետո, սկսեց մտածել իր 33-ամյա առաջատարին` Պիրլոյին ապագայում փոխարինող գտնելու մասին: Սկզբից Անդրեա Անյելլին և Յուվեի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտտան փորձում էին ստորագրել արդեն իսկ «նոր Պիրլո» համարվող Վերատտիին, բայց «Պեսկարա»-ի աստղը նախընտրեց տեղափոխվել ՊՍԺ: Թուրինցիներն էլ, օգտվելով նրանից, որ Պոգբան «Մանչեստեր Յունայթեդ»-ում համարվում էր արժանիորեն չգնահատված,  փախցրեց նրան Ֆերգյուսոնի ձեռքերից:

Իհարկե, Պոգբայի տրանսֆերը ապագայի գործարք էր, այս մրցաշրջանում Կոնտեին ուղղակի անհրաժեշտ էր այնպիսի խաղացող, ով կկարողանա հանգստի հնարավորություն ընձեռել Անդրեա Պիրլոյին: Մրցաշրջանից առաջ մտավախությունը մեծ էր, որ Անդրեան տարիքի հետ կապված խնդիրների պատճառով չի կարողանա հաղթական մրցաշրջանի նման թարմ լինել, բայց Պոգբան իր փայլուն խաղով արդեն իսկ սկսել է հենց իր «տեղը» պահանջել մեկնարկային կազմում: Ամենաուշագրավը ֆրանսիացու խաղում այն տեմպն է, որով նա շարունակում է աճել, և այն հավատը, որ ունի սեփական ուժերի նկատմամբ: Երկար ժամանակ է, ինչ ոչ միայն «Սերիա Ա»-ում, այլև ամբողջ Եվրոպայում չկար այնպիսի երիտասարդ, ով չկաշկանդվեր 30 կամ 40 մետրից հարվածելու հնարավորությունից: Իր առաջին գոլը թուրինցների կազմում նա խփեց «Նապոլի»-ի դեմ խաղում,  որից հետո ևս մեկ անգամ աչքի ընկավ «Բոլոնիա»-ի դեմ խաղում:

Կոնտեն, ով կենտրոնում իր տրամադրության տակ ունեցող խաղացողներով երևի թե զիջում է միայն իսպանական դրանդներին, Պոգբային կարող է օգտագործել թե՛ պաշտպանների առջևում գրոհները մեկնարկողի, թե՛ գրոհները սրողի դերում: Յուվեի 3 հիմնական կենտրոնականներն էլ կարողանում են դա անել, բայց Պոգբան միշտ էլ կարողանում է թարմություն ավելացնել Յուվեի խաղում: Ֆրանսիացին լավագույն օրինակներից է նորաձև կառուցող հենակետայինների այն  տեսակից, ովքեր ոչ միայն կարողանում են գնդակ խլել, այլև ստեղծել գիտեն:

«Ուդինեզե»-ի հետ խաղից հետո «The Daily Mail»-ը չկորցրեց հնարավորությունը՝ Ալեքս Ֆերգյուսոնին հիշեցնելու իր թույլ տված սխալի մասին՝ Պոգբայի վերաբերյալ հոդվածը վերնագրելով «Տես, թե ինչ ես կորցրել»:

Եթե Պոգբան կարողանա այսպիսի տեմպերով շարունակել, շատ շուտով կհրավիրվի նաև Ֆրանսիայի ազգային հավաքական, որը նման որակների տեր խաղացողի կարիք ունի: Ֆրանսիացիների գլխավոր մարզիչն արդեն հայտարարել է, որ ուշադրությամբ հետևում է նրա խաղային աճին, բայց ցանկություն է հայտնե,լ որպեսզի նրա մասին խոսակցությունները չշեղեն երիտասարդի մտքերը:

Իբրահիմովիչի և Դել Պիերոյի մեկնումից հետո Իտալիայի առաջնությունում գերաստղերի պակաս է զգացվում: Պոգբան, Էլ Շարավիի հետ մեկտեղ, այն ֆուտբոլիստներից է, ովքեր ամեն ինչ ունեն՝ այդ բացը լրացնելու համար:

Նախորդ հոդվածը‘Քեթրին Լիչ. Շարունակեք ազատորեն արտահայտել ձեր տեսակետները’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Չախալյանը ազատ կարձակվի այսօր՝ մինչև ժամը 18.00-ն’