‘Նոր օրինագիծը նոր արտոնություններ է տալիս փոքր ՀԷԿ-երին’

1012

«Շրջակա միջավայրի վրա ներգործության փորձաքննության մասին» նոր օրինագիծը մտահոգություն է հարուցում բնապահպանների շրջանում: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «ԷկոԼուր» ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյանը, օրինագիծը  ենթադրում է, որ փորձաքննության ներկայացված նախագծերը պետք է պաշտոնապես բաժանվեն ըստ  կարգերի: Այսպես, շրջակա միջավայրի վրա ուժեղ ներգործություն ունեցող նախագծերը պետք է դասվեն A կարգին, նվազ ներգործություն ունեցող նախագծերը` B կարգին, իսկ այն նախագծերը, որոնք գրեթե ներգործություն չունեն` C կարգին: Ինչպես պատմել է Զարաֆյանը, պարզվել է, որ փոքր ՀԷԿ-երին առնչվող

նախագծերը B կարգից տեղափոխվել են C: Զարաֆյանի կարծիքով, դա նշանակում է, որ դրա շնորիհիվ ՀԷԿ նախագծերին առնչվող համապատասխան փաստաթղթերի քննարկումը կվերածվի ձևականության:

Այսօրվա դրությամբ Հայաստանում կառուցված է 144 փոքր ՀԷԿ, և տրամադրվել է դրանց  կառուցման 80 լիցենզիա: Փորձագետը նշել է, որ փոքր ՀԷԿ շինարարության ոլորտը առանց այդ էլ բավականաչափ արտոնություններ ունի: 15 տարվա լիցենզիային և բարձր սակագներին ավելանում է նաև կառավարության որոշումը, որի համաձայն, էկոլոգիական ջրհոսի գնահատման համար ընկերությունները կարող են ելնել ամենաչոր տարվա և ամենաչոր օրերի ցուցանիշներից: «Օրինակ, Դարանակ գետում որպես էկոլոգիկական ջրհոս թողնվել է 1 վայրկյանում 0.007 խմ, այսինքն, կես դույլ ջուր»,- նշել է Զարաֆյանը:

Հիշեցնենք, որ փոքր ՀԷԿ-երի կառուցման մի շարք նախագծերի դեմ բողոքի զանգվածային ակցիաներ են ընթացել: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Թռչկանի ջրվեժի ՀԷԿ-ի նախագծին, որի իրագործումից Բնապահպանության նախարարությունը հրաժարվեց հասարակության ճնշման ներքո: Անցյալ տարի իրենց բողոքի խոսքն ասացին Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ: Նրանց դժգոհությունն էր հարուցել Աղստև գետի Պաղջուր վտակի վրա «Խաչաղբյուր-2» ՀԷԿ կառուցման ծրագիրը: Բողոքի ակցիաներից հետո որոշվեց վերանայել այդ նախագիծը: 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավոր. Կան պատգամավորներ, որոնք այդ աշխատավարձի կարիքն էլ չունեն’
Հաջորդ հոդվածը‘Երեւանի ամենաղտոտված շրջանը Արաբկիրն է’