‘«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ են հայտարարել երեք կալանավոր’

1464

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօրվա դրությամբ հացադուլի մեջ են գտնվում երեք անձինք, որոնցից մեկը ցմահ դատապարտյալ է, իսկ մյուս երկուսը՝ մեղադրյալներ:

Այս մասին iLur.am-ին հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով՝ հացադուլի մեջ գտնվողnերից երկուսը բողոքում են իրենց դեմ հարուցված քրեական գործերից, իսկ երորրդը դատավճռից: Բոլոր հացադուլավորները գտնվում են բժիշկների հսկողության տակ, նրանց անունները չեն հրապարակվում:

Սակայն news.am-ին դիմած Կիմա Վարդանյանը հայտնել է, որ իր որդին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 13 տարվա ազատազրկման դատապարտված 21-ամյա Թովմաս Վարդանյանը հացադուլ է հայտարարել:

«Հուլիսի 22-ին գնացել էիր որդուս տեսակցության, պարզվեց, որ հացադուլ է սկսել: Սկզբում չէին թողնում՝ մտնեի մոտը, մի կերպ համոզել եմ, մտել, որ տղայիս համոզեի հետ կանգնել այս քայլից: Բայց անօգուտ է. տղաս ասում է, որ միայն այս կերպ նրանց ուշադրությունն իր վրա կհրավիրի»,- ասել է նա:

Կիմա Վարդանյանի խոսքով՝ որդին հոգեկան խնդիրներ ունի, նա ամեն օր պետք է հոգեմետ դեղեր ընդունի, սակայն այժմ դրանից էլ հրաժարվել:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ օդանավակայանի սրճարաններից  մեկի խոհարար օգնական Թովմաս Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկել իրենց մոտ սպասք լվացող Հայկանուշին, քանի որ չի ցանկացել վերադարձնել 500 ԱՄՆ դոլար և 100 հազար դրամ պարտքը: Առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել Թովմասին Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և դատապարտել 13 տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:

Նախորդ հոդվածը‘Աջափնյակ համայնքում վաղը ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Շենքի 7-րդ հարկից վերելակ է ընկել. Ներսում մարդ է եղել’