‘Նրանք վճարել են 100 դրամ. տպավորություններ ‘

2243

Երեկվանից Երեւանում թանկացել է հանրային տրանսպորտը` 100-ից դառնալով 150 դրամ: Երեկվանից մեկնարկել է նաեւ «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան: Ահա թե ինչ տպավորություններով են կիսվում այն քաղաքացիները, ովքեր 150 դրամի փոխարեն երեկ վճարել են 100 դրամ:

Մարինե Պետրոսյան. Ուղեւորների մեծագույն մասը բացահայտ արտահայտում էին իրանց համաձայնությունը, վարորդները շատ պերճախոս չէին, հիմնականում ուղղակի ժպտում ու լուռ գլխով էին անում` երբ որ ես 100 դրամ տալով` բացատրում էի մյուսներին` որ հետեւեն իմ օրինակին:

Գուրգեն Ասատրյան. Այսօր երկու անգամ օգտվել եմ հասարակական տրանսպորտից և վճարել եմ 100 դրամ` կռվի բռնվելով վարորդների հետ …

Սակայն սարսափելին ոչ թե գների թանկացումն է, այլ ժողովրդի ստրկացած, կոտրված ու անկամային իրականությունը, երբ խղճուկ կերպով` մի կերպ գրպանից հանում են 150 դրամն ու վարորդին տալով` գլուխները կախ հեռանում…
Երբեք հայ ժողովուրդը նման անօգնական վիճակում չի եղել, անգամ լինելով օտար տիրապետության տակ` ատամներով պայքար է մղել իր իրավունքների համար: Երբ արաբ խալիֆները բարձացնում էին հարկերը` հայ ժողովուրդը ապստամբության օջախներ էր սարքում, և պաշտպանում իր իրավունքները, իսկ արաբները գազազած Հայաստան էին ուղղարկում իրենց արյունարբու ամիրաներին ու ոստիկաներին, որպեսզի ճնշեն ապստամբությունները:

Արամ Պողոսյան. Այսօր երկու անգամ օգտվել եմ երթուղայինից ու100 դրամ եմ վճարել, երկու անգամն էլ վարորդները բացարձակ ռեակցիա չեն տվել, տպավորություն ա, որ հատուկ հրահանգ կա վարորդներին ոչ մի դեպքում չվիճել: Հիմա ասում եմ չվճարել չվճարելն ա, հաջորդ անգամ 100-ը չեմ վճարելու

Եւա Ադամյան. Այսօր երթուղայինում մինիմիտինգ արեցի ու 100 դրամից էն կողմ վճարող չեղավ, վարորդը լուռումունջ էր: Երբ իջնում էի մեքենայից, նայեց դեմքիս ու հարցրես

— Լևոնակա՞ն ես…
— Առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ:
— Ցավդ էլ տանեմ, քուր ջան…)))))
Շնորհակալ եմ երթուղայինում գտնվող Պայքարի նոր ընկերներիցս:

Հակոբ Կարապետյան. Ավտոբուսի վարորդին հարցնում եմ՝ 200 հազար աշխատավարձ ես ստանո՞ւմ, ասում ա՝ չէ, 57 հազար թղթով, մի 50 էլ նենց: Ասում եմ՝ բա ինչի՞ են գրել 200 հազար աշխատավարձ: Ասում ա՝ ամեն գրածին հո չե՞ս հավատալու: Իջնելուց 100 դրամ եմ տալիս, ասում ա՝ չես տեսնու՞մ՝ 150 դրամ ա: Ասում եմ՝ ամեն գրածին հո չեմ հավատալու

Արաքս Առաքելյան. Այսօր առաջինը նստեցի 5 համարի ավտոբուսը: Նույն այն ավտոբուսը,որը մտնում է մի այնպիսի ՍՊԸ-ի մեջ,որի անունն արդեն ամեն ինչ ասում է:

Վարորդը ճնշված էր, մտահոգ,մարդիկ էլ էին այդպիսին, բայց 200 դրամանոցները պարտաճանաչ աշակերտի պես ամուր պահել էին և սպասում էին իրենց կանգառին: Մտքներում ո՞վ գիտե ինչեր էին խոսում,բայց հնազանդորեն 150 վճարում էին և իջնում: Հերթն ինձ հասավ: 100 դրամ վճարեցի, վարորդը ոչինչ չասաց, իսկ ես հավելեցի՝ մնացածը Տարոն Մարգարյանը կվճարի, ու….. վարորդը նայեց 100 դրամին, հետո ինձ…հայացքը մինչև հիմա աչքերիս առաջ է: Դուրս շպրտեցի ինձ ավտոբուսից ու արցունքներս չկարողացա զսպել: Վարորդի հոգնատանջ,արևից սևացած դեմքը,այդ աչքերը….. Ես ցավ եմ ապրում,որ իմ հայրենակիցը այս վիճակին է, որ Տարոնի ու նրա նմանների ստրուկն է, էդքան ասում են` խաբում մարդկաց, տանում են Թուրքիա և այլ երկներ աշխատանքային թրաֆիքինգի, առաջին Թուրքիան մեր երկիրն է դարձել, էդ մարդիկ բա աշխատանքային թրաֆիքինգի չե՞ն ենթարկվում, որ գոյատևելու համար ստրուկի պես ստիպված են համակերպվել ամեն քնից զարթնող ու որոշում ընդունողների ասածների հետ: Ահավոր կոտրված այդ տեսարանից տուն հետ դառնալուց նորից նստեցի նույն գծի մեկ այլ ավտոբուս: Չգիտեմ ոնց, հանկարծ բողոքի ալիք բարձրացավ, վարորդի մոտ ոնց որ ինքնապաշտպանակն ռեակցիա լիներ, իրեն թվում էր, թե բոլորն իրեն են մեղադրում, ասաց, որ վաղվանից էլ գործի չի գնալու, չի կարող հադուրժել, եթե ուզում են պայքրել, թող գան ավտոբուսների կայանատեղի և բողոքի ցույցը հենց այնտեղ սկսեն և նա ու շատ վարորդներ կմիանան: 200 դրամ տվեցի և վարորդը 100 դրամ հետ տվեց: Ասացի` ցավում եմ, որ մենք ու դուք ենք արդյունքում տուժվում, իսկ նրանք միշտ շահողի դերում են, հազիվ ժպտաց և ասաց՝ ոչինչ ազիզ ջան, դու հագիստ գնա:
Հ.Գ. Վարորդի արտահայտած միտքն ինձ դուր եկավ, չգիտեմ՝ որքանով եմ ճիշտ, բայց կարծում եմ՝ թռուցիկների հետ զուգահեռ ճիշտ կլինի խմբերի բաժանվել և հենց մի քանի ավտոբուսների կայանատեղերից սկսել բողոքի ակցիաները ու չթողնել, որ դուրս գան ավտոբուսները, վաղն էլ ոչ աշխատանքային օր է, մեծ խնդիրներ չեն առաջանա կարծում եմ: Ու հենց ցույցերը պետք է սկսել հատկապես քաղաքապետին պատկանող ավտոբուսների կայանատեղերից, հուսանք դա գոնե ինչ-որ կերպ կսթափեցնի:

Քաղաքապետ, վարորդն էն մարդն ա, որ նույնիսկ ծանր կացության մեջ, երբ հազիվ է ընտանիք պահում, խիղճը սպանում ա մեջը, հանում հետ ա տալիս էդ 50 դրամը, չնայած շատ լավ գիտի, որ դիպապետչերանոցներում նշանակած մակլավիկներիդ մուննաթին ու զոռբայությանն ա բախվելու:
Վերջը, ճիշտ է, ուշանում է, բայց մի օր գալու է, չկասկածեք:

Արտակ Եղիազարյան. Ցերեկը նստեցի երթուղային, իջնելուց 200 դրամ տվեցի, մեր հարեւանի աղջկան էլ ձեն տվեցի. «Չստանաս, տվել եմ»: 

Հետեւից հարցնում ա. «Հո՞ 150 չես տվել, չտաս»: 
Ես էլ խնդացի, ինքն էլ, վարորդն էլ մեր հետ: Էլ ծիծաղող չեղան, մնացածի ծպտունն էլ չհելավ:

Արսեն Հարությունյան. Համարյա թե ամբողջ օրը նստած էի Ֆեյսի առջև, սրտատրոփ սպասելով այսօրվա գնի բարձրացման հետ կապված իրավիճակի արձագանքին…. դուրս գալու և պրատիկապես կիրառելու հնարավորությունը ընձեռնվեց միայն երեկոյան ժամը 6-ի կողմերը: Հրավիված էինք մատաղի: Իմ մեքենայով չուզեցի գնալ 2 պատճառով` նախ որպիսի առիթը բաց չթողնեմ 100 դրամով երթևեկելու և 2-րդ, որպեսզի 1-2 բաժակ հանգիստ խմեմ: Ռայկոմի կանգառից ես, կինս և 3 տարեկան երեխաս նստեցինք 21 համարի երթուղայինը` շամպայնի ուղղությանբ: Իջնելիս տեղի չունեցավ ոչ մի արտառոց բան` 200 դրամանոցը վարորդին տալուց շատ սովորականի նման իջնելիս հատուկ մի քիչ էլ մուննաթով նայեցի դեմքին, սպասելով որևէ արձագանքի, սակայն վարորդը հայացքը փախցրեց` ի նշան համաձայնության: Դուռը փակելիս ես ավելացրեցի`«մերսի», վարորդը գլխի շարժումով դրական արձագանք տվեց: Կարելի է ասել` նույնը տեղի ունեցավ վերադառնալիս, ուղղակի, այս անգամ 259 համար Երևան-Աբովյան ավտոբուսում: Եզրակացությունները թողնում եմ ընթերցողին:

Սատանիկ Պսատանիկ. Թռուցիկներս վերջացել էին, մտա xerox, ասեցի` 100 հատ պատճենահանել: Աշխատող կինն էլ ձեռքի հետ կարդում էր թռուցիկի տեքստը։ Ես էլ բան չասեցի, ինքն էլ բան չասեց։ Դուրս եկա, մտածում էի` որտե՞ղ կտրեմ A4-երը, մեկ էլ նույն xerox֊ում աշխատող իր ամուսինը հետեւիցս վազեց, ասեց` բեր կտրենք աղջիկ ջան:

 

 

Նախորդ հոդվածը‘Վանաձորի քաղաքապետի ընկերությունը նորոգման աշխատանքներ է «կատարել» հունիսի 31, 32 եւ 33-ին’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ Վայք-Զառիթափ ճանապարհին. 4 վիրավոր’