‘Ն.Զոհրաբյան՝ ԼՂ հարցում ԵԽԽՎ-ի անելիքը կարող է լինել վստահության մթնոլորտի ձեւավորումը ‘

846

Այսօր մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ելույթ է ունեցել հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով խոսել է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ եւ թե այդ համատեքստում ինչ կարող է անել ԵԽԽՎ-ն:

Նա ասել է, որ դա առաջին հերթին կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը կարող է լինել: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը հակամարտության կարգավորման իր աշխատանքը տանում է երկու հավասարապես կարեւոր ուղղություններով՝ հիմնարար սկզբունքեր եւ  վստահության մթնոլորտի ձեւավորում: Ահա այս երկրորդում է, որ ԵԽԽՎ-ն կարող է իրապես լուրջ դերակատարություն ունենալ, եւ մենք գնահատում ենք թե ԵԽ գլխավոր քարտուղարի, թե մեր Վեհաժողովի նախագահի ջանքերն այս ուղղությամբ: Սակայն, ի՞նչ վստահության մթնոլորտի մասին կարող է խոսք  լինել, երբ Ադրբեջանի Միլի Մեջլիսում նախապատրաստվում է ինկվիզիցիոն մի նախագիծ, որը որեւէ սթափ տրամաբանության մեջ  հնարավոր չէ տեղավորել: Որեւէ կերպ հնարավոր չէ պատկերացնել, որ 21-րդ դարում, ԵԽ անդամ երկրի խորհրդարանում կարող են առաջարկել մի նախագիծ, որը պահանջում է քրեական պատասխանատվության  ենթարկել Ադրբեջանի այն քաղաքացիներին, ովքեր ինչ-ինչ շփումներ կունենան Հայաստանի որեւէ կառույցի հետ»,- հայտարարել է Զոհրաբյանը:

Նա նշել է, որ այսքանից հետո խոսել վստահության մթնոլորտի անհրաժեշտության մասին, ինչը, իհարկե, անչափ կարեւոր է, խոսել անհանդուրժողականության ու այլատյացության մերժման մասին, «կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ ադրբեջանական նման ֆաշիզմի պարագայում ուղղակի աբսուրդ է»:

Նա ամեն դեպքում շնորհակալությունն  է հայտնել միջազգային բոլոր այն կառույցներին, որոնք փորձում են իրենց կառուցողական մասնակցությունն ունենալ ԼՂ  հակամարտության խաղաղ կարգավորման գործում, հասկանալով, որ  հակամարտությունների կարգավորումը հնարավոր է առաջին հերթին վստահության մթնոլորտի, մարդու հիմնարար իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները հարգելու ճանապարհով:  

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ. Նալբանդյանը չի կարողացել պատասխանել Զուրաբյանի բոլոր հարցերին ‘
Հաջորդ հոդվածը‘«Հազարամյակի մարտահրավերները» հաստատել է Վրաստանի 140 միլիոն դոլորի գրանտը’