‘Ն. Զոհրաբյանը նորից պահանջել է ԱԺ հրավիրել ԱԳ պաշտոնյաներին ‘

808

Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր դիմելով ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանին՝ հիշեցրել է ԱԺ Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի պահանջը՝ խորհրդարան հրավիրել Մաքսային միությանը միանալու բանակցությունները վարած ԱԳՆ պատասխանատուներին: Փոխանցում է Zham.am-ը:

Նաիրա Զոհրաբյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.  «Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը դիմել էր Ձեզ, և կարծում եմ` նաև այլ հանձնաժողովներ ևս, խորհրդարան հրավիրել Արտաքին գործերի նախարարության պատասխանատուներին, նրանց, ովքեր վարել են բանակցություններ Եվրամիության հետ, նրանց, ովքեր տեղյակ են Մաքսային միության փաթեթին` խորհրդարանին, քաղաքական ուժերին համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու համար: Այժմ հրատապ կարգով խորհրդարանը պետք է իրազեկված լինի տեղի ունեցած, տեղի ունեցող և տեղի ունենալիք գործընթացների վերաբերյալ»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի դիմումին՝ դժվարացել է նշել, թե երբ և ինչ ձևաչափով խորհրդարանը կանդրադառնա այդ հարցին, սակայն նշել է, որ մինչև իր համաձայնությունը տալը Սերժ Սարգսյանը իրեն սատարող խորհրդարանական մեծամասնության հետ քննարկել է Մաքսային միությանը միանալու հարցը:

Հովիկ Աբրահամյանը նաև նշել է. «Նախագահի լիազորությունն է իր համաձայնությունը տալը, խորհրդարանն էլ կանդրադառնա այդ հարցին։ Ժամանակը կգա, կհարցնենք: Համաձայն չեմ նաև այն մտքի հետ, որ Մաքսային միությանը միանալով՝ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը»։

Նախորդ հոդվածը‘Աբխազիայում սպանվել է ռուսաստանցի դիվանագետ’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի համանախագահը ժամանեց Բաքու’