‘Ն. Զոհրաբյան. Երկրի գլխավոր խնդիրը օրենքները կիրառելու պատրաստակամության պակասն է’

955

Այսօր «Մարիոթ» հյուրանոցում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հարցը Գագիկ Հարությունյանին ներկայացնում ենք ստորեւ.

«Քննարկումներ» բաժնում, բնականաբար, կներկայացվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը առաջարկվող փաթեթի, առհասարակ՝ գաղափարի վերաբերյալ: Այժմ մեկ հարց պ. Հարությունյանին. Դուք նշեցիք, որ առանձին դրույթներ Սահմանադրությունում մնում են կարգախոսի մակարդակով՝ այն պատճառով, որ դրանց իրացման համարժեք անհրաժեշտ երաշխիքներ ամրագրված չեն: Պիտի չհամաձայնեմ ձեզ հետ, քանի որ իմ վստահ համոզմամբ՝ շատ դրույթներ մեզանում մնում են դեկլարատիվ, հռչակագրային մակարդակում այն պարզ պատճառով, որ չկա քաղաքական կամք՝ դրանք իրագործելու, և որ ամենակարևորն է՝ շատ դեպքերում, այո, սահմանադրությունից վեր մարդիկ և ուժեր կան, և մեր երկրի գլխավոր խնդիրը, ըստ իս, ոչ թե լավ կամ վատ օրենքներն են, այլ այդ օրենքները կիրառելու պատրաստակամության պակասն է: Հարցս այսպիսին է. արդյո՞ք գործող սահմանադրությունը տալիս է հնարավորություններ ունենալու այն երկիրը, որը ամրագրված է Սահմանադրության առաջին հոդվածներում: Չե՞ք կարծում, որ  մենք անկախության տարիներին շարունակ բախվել ենք հենց այդ քաղաքական կամքի բացակայության խնդրին, և օրենքները, այդ թվում՝ Սահմանադրությունը,  շատ դեպքերում չեն կիրառվում կամ այնպես չեն կիրառվում, ինչպես պետք է»:

Գագիկ Հարությունյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, մասնավորապես նշեց. «Այո, չափազանց կարևոր է և՛ սուբյեկտիվ գործոնի դերը, և՛ քաղաքական կամքի առկայությունը,  և՛ օրենքի ճիշտ կիրառումը, բայց շատ կարևոր է նաև այն իրավական բացի հաղթահարումը,  որն առկա է կամ որը խոչընդոտում է կամ այդ քաղաքական կամքի դրսևորման նման հնարավորություն է ստեղծում: Մասնավորապես՝ ես խոսեցի հենց իրավունքի գերակայության սկզբունքի մասին: Մեր Սահմանադրության մեջ սկզբում ամրագրված է ընդհանրապես օրենքի գերակայության սկզբունքը: Եթե մենք ամրագրում ենք, որ իրավունքները անմիջական գործող իրավունքներ են, և դրա համար անհրաժեշտ մեխանիզմներ չենք ստեղծում, այդ իրավունքների անմիջական գործողությունը մենք արգելափակում ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Արարատի մարզում զոհվել է երկրորդ պայմանագրային զինծառայողը’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Մինչեւ հիմնախնդրի կարգավորումը` ՀՀ-ի եւ ԼՂ-ի միջեւ պետք է գործի տնտեսական ռեժիմ’