‘Ն. Զոհրաբյան. Հայաստանյան բաժնեմասի վաճառքից հետո խաղի կանոնները 100 % որոշելու է «Գազպրոմը»’

962

««ՀայՌուսգազարդի» 20 տոկոս մասնաբաժինն ինչ-որ մեկի մասնավոր սեփականությունը չէ, այլ Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և ցանկացած նման տոկոս առնչվում է Հայաստանի սուվերենության խնդրին»:

 Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝  մեկնաբանելով այն լուրը, որ բանակցություններ են տարվում «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս մասնաբաժինը ռուսական «Գազպրոմին» հանձնելու շուրջ:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, հարցրել էր, թե ինչի դիմաց է բանակցությունների սեղանին դրվել «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը  «Գազպրոմին» հանձնելու հարցը: Նախարարն էլ պատասխանել էր՝ ապահովության:

«Ես առաջարկեցի մինչև բանակցությունների ավարտը Ազգային ժողովում քննարկում կազմակերպել, հրավիրել էներգետիկայի նախարարին և իմանալ, թե ինչն է այդ ապահովության գինը»,- ասաց պատգամվորը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք գազի գնի գոյացման վրա ազդեցություն կունենա հայաստանյան բաժնեմասի վաճառքը՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց.

«Նախարարը փորձում էր ներկայացնել, որ վաճառքը որևէ ազդեցություն չի կարող ունենալ գնի վրա: Այսինքն՝ «Գազպորմը» խաղի կանոները չի թելադրելու: Բայց ինձ հայտնի չէ բնության մեջ որևէ դեպք, երբ 100 տոկոս մասնաբաժին ունեցողն ինքը չթելադրի խաղի կանոնը: Այսինքն՝ ակնհայտ է, որ խաղի կանոնները 100 տոկոսով որոշելու է «Գազպրոմը»»:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիա-Գանա (Աշխարհի երիտասարդական առաջնություն)՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը’